29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իշխանությունների խոստումից արդեն 5 օր է անցել: Ե՞րբ Հայաստանում կլինեն 32 տղաները, քանի օր է` սպասողական վիճակ է

Հրապարակը գրում է. «Հայաստանը եւ Ադրբեջանը գերիների փոխանակում են անում` Հայաստանն ազատ է արձակում 2 ադրբեջանցի դիվերսանտ-մարդասպաններին, Ադրբեջանը՝ 32 հայ զինծառայողների: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ Հայաստանին վերադարձվող անձինք 2020թ. դեկտեմբերին Հադրութի գործողության ժամանակ գերեվարվածներն են, 6 անձ ձերբակալվել է սահմանի տարբեր հատվածներից: Նրանք արդեն 3 տարի գտնվել են Ադրբեջանի բանտերում։ Սեպտեմբերին գերեվարված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին Ադրբեջանը չի հանձնում։ Գուցե պաշտոնական Երեւանն էլ նրանց չի պահանջում:

Հիշեցնենք, որ Հադրութի շրջանի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերից գերեվարվել էին 64 հայ պահեստազորայիններ։ Նրանց մի մասին Բաքուն վերադարձրել է, իսկ 26 հոգի դեռ պահվում են ադրբեջանական բանտերում՝ տարատեսակ մեղադրանքներով դատապարտվելով մինչեւ վեց տարվա ազատազրկման։ Իրավապաշտպանների տվյալներով՝ այս պահին Ադրբեջանում 55 հայ է պահվում, 41 ռազմագերի, Արցախի նախկին ղեկավարության 8 ներկայացուցիչ եւ 6 քաղաքացիական անձ։
Հայտարարության մեջ ասված է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմի միջեւ բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջեւ վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին։ Առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ որպես բարի կամքի դրսեւորում, Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների: Հայաստանի Հանրապետությունն իր հերթին, առաջնորդվելով մարդասիրության արժեքներով, եւ որպես բարի կամքի դրսեւորում, ազատ է արձակում 2 ադրբեջանցի զինծառայողների»:

Սակայն այս հայտարարությունից արդեն չորս օր է անցել, բայց հայ ռազմագերիները դեռ Հայաստան չեն վերադարձել: Թեմայի շուրջ զրուցել ենք իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի հետ:

– Գերիներին Հայաստան վերադարձնելու իշխանությունների խոստումից արդեն հինգ օր է անցել: Տեղյա՞կ եք` ե՞րբ են վերադառնալու տղաները Հայաստան, եւ վերադարձողների ցանկը ո՞ր կողմը` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմն է կազմել:

– Երկրորդ հարցի մասով ոչինչ չեմ կարող ասել, այդ հարցին պետք է պետությունը պատասխանի: Ես՝ որպես մասնավոր անձ, չունեմ նման տեղեկություն, բանակցողն իրենք են, թող իրենք էլ մեկնաբանեն: Ինչ վերաբերում է վերադարձվող ռազմագերիներին, նրանք՝ բոլորը, դատապարտված անձինք են, ցուցակում չեք կարող գտնել գեթ մեկ անուն, որը Բաքվում չի դատապարտվել: Անգամ Գագիկ Ոսկանյանի պարագայում նիստ եղավ, որին հաջորդեց հնարավոր հայրենադարձության պրոցեսը: Այն բոլոր հայերը, որոնք Ադրբեջանում են, դառնում են ապօրինի դատավարությունների մասնակիցներ: Բոլորի գործերով կան վճիռներ, միակ թարմ դեպքը Գագիկ Ոսկանյանի դեպքն է (Քելբաջարում կալանավորված եւ գերեվարված հայ պահեստազորային Գագիկ Ոսկանյանը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել է 18 տարվա ազատազրկման, նրա անունը եւս կա վերադարձվող 32 հայ ռազմագերիների ցանկում` Հ. Գ.):

– Ե՞րբ Հայաստանում կլինեն 32 տղաները: Քանի օր է` սպասողական վիճակ է:

– Հստակ տեղեկություններ չկան, այս հայտարարությունները պատրաստակամության մասին են, սակայն թե ինչ արագությամբ կիրականացվեն, պայմանավորվածությունները երբ կյանքի կկոչվեն, հստակ չէ, քանի որ այստեղ կա քաղաքական մաս: Կազմակերպչական որոշ աշխատանքներ են տարվում, ինչը կարող է որոշակի ժամանակ պահանջել, բայց դա զուտ օրերի մասին է:

– Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը:

– Օրինակ` փաստաթղթերի հետ կապված հարցեր կան: Ստորագրում են փաստաթղթերի տակ: Հստակ չգիտեմ` պատժից ազատո՞ւմ են, համաներո՞ւմ են, թե՞ պարզապես ազատ են արձակում, առանց իրավական խնդիրների մասին մտածելու: Եթե միտում ունեն խիստ իրավական լինելու, ապա գուցե փաստաթղթաբանություն լինի, ինչը ժամանակատար է:

– Արցախի նախկին նախագահների ու բարձրաստիճան պաշտոնյաների մասին ոչ մի խոսք չկա: Ասվում է նաեւ, որ Հայաստանում կա ընդամենը երկու ադրբեջանցի, այն էլ՝ սպանություն կատարած անձինք, եւ իշխանությունները որոշել են երկուսին էլ հանձնել Ադրբեջանին: Դուք այս մասին ի՞նչ տեղեկություններ ունեք:

– Իմ ունեցած տեղեկություններով` Հայաստանում այդ երկու ադրբեջանցուց բացի այլ ադրբեջանցի չկա: Ինչ վերաբերում է նախկին նախագահներին, ապա նրանք գտնվում են նախնական կալանքի տակ` չորսամսյա ժամկետով, քննությունը ձեւականորեն ընթանում է: Այդ մասով տեղեկատվության սակավության խնդիր կա, քննության ընթացքը պահվում է գաղտնի:

– Այսինքն` նրանց ճակատագիրը հայտնի չէ:

– Այս մասով որեւէ պայմանավորվածություն չկա, լրացուցիչ ինտենսիվ աշխատանքներ պետք է տարվեն, որպեսզի այս խնդիրը եւս լուծում ստանա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ