27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կիրակի օրվա խորհուրդը

Աշխարհի ստեղծումից մինչև Քրիստոսի հարությունը, ըստ Մովսեսի ավանդության, շաբաթ օրն էր որպես կիրակի պատվվում, իսկ Քրիստոս միաշաբաթին հարություն առնելով՝ միաշաբաթը կիրակիի վերափոխեց:

Կիրակի օրը եղավ օրերի սկիզբը, և ինչպես առաջին լույսն այդ օրը ծագեց, այնպես էլ Տիրոջ Հարության լույսը միաշաբաթի մեջ ծագեց, և ապա Անշեջ Ճառագայթը՝ Սուրբ Հոգին, այդ օրը եկավ, նաև՝ արդարների լույսն է այս օրվա մեջ ծագելու:

Եվ բարի է, որ սա կիրակի է կոչվում, որը նշանակում է «տերունի», քանի որ Տիրոջը միշտ ունի իրենում:

Եվ հանդերձյալում՝ ամեն ինչի ավարտին, այդ օրը, փոխանակ այս զգալի արեգակի, Սուրբ Երրորդությունն է ունենալու իր մեջ ինչպես Արեգակ:

Կիրակին զարմանալի ու մեծ պատիվ ունի, քան շաբաթվա մյուս օրերը:

Նախ որ կիրակին է սկիզբը և անդրանիկը բոլոր օրերի, քանզի նա է «օր մի», ինչպես ասում է Մովսեսը.

«Եվ եղավ երեկո, և եղավ առավոտ՝ օր մի» (Ծննդ. Ա 5): Սրա կրկնվելով են լինում մյուս օրերը՝ երկրորդը, երրորդը և այլն, մինչև աշխարհի վախճանը:

Անդրանիկ միաշաբաթ օրն Աստված բացեց Իր անճառելի և անասանելի բարության հունը և սկսեց արարել արարածներին, և այդ օրը ստեղծվեցին երկինքը, երկիրը, հրեշտակները, լույսը և տարրերը, որոնք Աստծու յոթ գործերն են:

Անսահման Բարին չկամեցավ միայն Ինքը վայելել Իր բարիքները, այլ արժանի համարեց այն տարածել ու բազմացնել աշխարհի շինության համար, որպեսզի Իր արարածները ևս վայելեն Նրա անսպառ պարգևները և աննախանձ բարությունը:

Հնում այդ օրը բազում այլ գործեր ևս եղան՝ Նոյի տապան մտնելը, Աստծու՝ Աբրահամի հետ խոսելը, նաև Մովսեսի հետ խոսելը Սինա լեռան վրա և Օրենքի տվչությունը:

Այդ օրը պատվվում է նաև Քրիստոսի հարությամբ և Սուրբ Հոգու իջմամբ առաքյալների դասերի վրա:

Սա նաև մարդկային ցեղի համընդհանուր հարության և Քրիստոսի գալստյան օրն է, երբ յուրաքանչյուրը պիտի հատուցում ստանա ըստ իր գործերի, և արդարների լույսը սրա մեջ է ծագելու, քանզի սա է վերջին օրը և վախճանը:

Կիրակի թարգմանվում է տերունի, քանզի այսօր թողնում ենք բոլոր մարմնավոր գործերը և հետևում միայն տերունական գործերին:

Եվ դրանով կիրակին խորհրդանշում է վերջին օրը, որովհետև ինչպես կիրակի օրը խափանվում է ամեն մարմնական գործ և միայն աստվածայինը գործվում, նույնպես և վերջին օրը խափանվելու են բոլոր մարմնական գործերը:

Եվ ինչպես կիրակի օրը լինում է մեղքերի խոստովանություն, որոնք գործվեցին ամբողջ շաբաթվա ընթացքում, նույնպես և այն օրը պետք է հայտնի դառնան բոլորի մեղքերը:

Սա նաև հանդերձյալ ատյանի պատկերն է ու կերպարանքը:

Երեք տեսակի օրեր կան.

առաջին՝ ստեղծման օրը,

երկրորդ՝ միջին օրը, որը հասնում է մինչև աշխարհի վախճանը,

երրորդ՝ համընդհանուր հարության օրը, որը վերջինն է:

Եվ դրանք զանազանվում են հետևյալով.

առաջին օրն առանց առավոտի էր, իսկ վերջինն առանց երեկոյի է լինելու:

Միջին օրերն ունեն և՜ առավոտ, և՜ երեկո:

Այսպիսով՝ կիրակին ավելի պատվելի է բոլոր օրերից, քանզի ինքն է օրերի սկիզբը՝ ստեղծվելով, ինքն է միջին օրը՝ շարժվելով, և վերջին օրը՝ դադարելով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ