Ով է սպանել Անյա տատիկին, ինչու է Արթուրը գրավադրել սպանվածի մատանին. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Շահինյանի գործի դատական քննությունը: 25-ամյա Արթուր Շահինյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2013 թվականի հուլիսի 13-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ բաց դռնից մուտք է գործել 75-ամյա Անյա Մուսայելյանի տուն և շահադիտական դրդումներով սպանել է նրան:
Ըստ գործի տվյալների՝ Արթուրն ու տուժող կինը նույն թաղամասում են բնակվել՝ Երևանի Էմինեսկուի 2-րդ փողոցում, Արթուրը ճանաչել է տուժողի որդուն, թոռներին: Տղաների հետ ֆուտբոլ է խաղացել…
Դեպքի ժամանակահատվածում տուժող կինը տանը մենակ է եղել, որդին ու թոռները մեկնել էին հանգստանալու: Ամբաստանյալն իմացել է այդ մասին:
Տուժողը խեղդամահ է արվել, նրա տնից գողացվել է 2700 դոլար գումար և ոսկեղեն: Դեպքից անմիջապես հետո Արթուր Շահինյանը մեքենա է գնել: Ընկերներից մեկի հետ ոսկեղեն է գրավադրել: Գրավադրված ոսկե մատանին եղել է տուժողի մատանին, որ հափշտակվել էր սպանությունից հետո:
Արթուր Շահինյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ախթալա քաղաքից 2013 թվականի օգոստոսի 8-ին: Ինչպես ասաց մեղադրողը՝ նախաքննության սկզբում Արթուր Շահինյանը տվել է խոստովանական երկու ցուցմունք, մասնակցել է քննչական փորձարարությանը և տուժողի տանը ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը: Նա չի ասել միայն, թե ով է եղել իր հետ, ասել է, թե մենակ է եղել:
Արթուր Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:
Այն բանից հետո, երբ ստացվել է սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերված արյան ԴՆԹ-ի հետազոտության եզրակացությունը, համաձայն որի՝ դա ո՛չ սպանվածի, ո՛չ էլ Արթուր Շահինյանի արյան ԴՆԹ-ին չի համապատասխանել, Արթուր Շահինյանը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից ու հայտարարել է, թե ինքը տուժողի սպանության հետ ոչ մի առնչություն չունի:
Նախորդ նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալը հայտարարել էր. «Ես մի տարի ա բերդում եմ: Ես ինձ լրիվ անմեղ եմ ճանաչում, էս հանցագործությունը ես չեմ կատարել ու մի տարի ա փակված եմ…»:
Դատարանը հարցաքննել է գործով տուժողի իրավահաջորդին և վկաներին: Մնացել են երկու վկաներին, ում բերման ենթարկելու մասին դատարանի կայացրած որոշումները դեռ մնում են չկատարված…»,- գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը` 1in.am-ի