25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը. Իրավունք

«Իրավունք»-ի զրուցակիցն է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

— Բաքուն հրաժարվեց Վաշինգտոնում Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: Հրաժարվում են նաեւ ԵՄ միջնորդությամբ բանակցություններից` ո՛չ Բրյուսել գնացին, ո՛չ էլ Գրանադա: Ինչպե՞ս ընկալել` Բաքուն «թանկացնո՞ւմ է իրեն», թե՞ ավելի խորքային խնդիրներ կան իրականում:

— Իմ կարծիքով` Ադրբեջանը դրանով դրական ժեստեր է անում Ռուսաստանի նկատմամբ, արդարացիորեն ենթադրելով, որ հարցերը լուծվում են ոչ թե Վաշինգտոնում կամ այլ տեղ, այլ` Ռուսաստանում: Վերջերս, ցավոք սրտի, ադրբեջանաթուրքական տանդեմն իր շահերից ելնելով բավական ճիշտ քաղաքականություն է վարում, օրինակ, Էրդողանը հայհոյում է Իսրայելին, բայց ամեն կերպ նպաստում է այն ամենին, ինչ-որ կատարվում է Իսրայելում, նրանք կարողանում են դա:

— ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է աջակցել հայ-ադրբեջանական բարիդրացիական կապերի հաստատմանը , դադարեցրել է ռազմական աջակցությունը Ադրբեջանին` մինչեւ Հայաստանի հետ «Խաղաղության պայմանագրի» կնքումը: Սա «աչքին թոզ փչոցի՞ է», թե՞ Միացյալ Նահանգներն էլ իր հերթին է շտապեցնում կողմերին այդ պայմանագիրը ստորագրելու հարցում:

— ԱՄՆ-ն շատ ուղղակիորեն է գործում, նրա հիմնական միտքն այն է, որպեսզի ռուսներին տարածաշրջանից դուրս հանի, ամեն ինչ անում է, որպեսզի այդ պլանը իրագործի, եւ այդ ենթատեքստում ճիշտ է վարվում: Մի կողմից էլ Ադրբեջանը այնքան ռազմամթերք է ստանում Իսրայելից, Թուրքիայից, այնպես որ, առանց ամերիկյան զենքի կարող են դիմանալ, որը երեւի շատ էլ մեծ չի, բայց նա դրանով իսկ կատարում է իր առաջադրանքը եւ փորձում դուրս մղել Ռուսաստանին Հայաստանից:

— Նիկոլ Փաշինյանը խոսելով կոմունիկացիաների բացման մասին` բացառում է երրորդ երկրի կողմից մաքսային վերահսկողությունը: Նա նշում է, որ մաքսային ծառայությունը կիրականացնեն հայկական ուժերը, ստորաբաժանումները: Սա ե՞ւս ուղղված է կոնկրետ ռուսական զորակազմին տարածաշրջանից դուրս մղելուն:

— Դա ոչ միայն ուղղված է ռուսական զորակազմին դուրս մղելուն, այլեւ թուրքական, ադրբեջանական ազդեցությունը մեծացնելուն, որովհետեւ, ակնհայտ տեսնում ենք, թե ինչպես է Փաշինյանի օկուպացիոն ռեժիմը կատարում իրենց գործողությունները: Բնականորեն նրանք աշխատում են այդ ուղղությամբ, որ ամեն ինչ իրենց ձեռքը լինի ու հենց իրենց ձեռքով էլ ամեն ինչ հանձնեն: Ինչպես եղավ Շուշիի դեպքում. նույն Ռուսաստանը ուզում էր Շուշին փրկել, էլի հայերը չթողեցին, թե մենք ինքներս կպաշտպանենք «դժգույն Շուշին» ու այդպիսի ավարտ ունեցանք: Փաշինյանն ամեն ինչ անում է, որ առավելագույնս կործանի Հայաստանը, նա պլան է կատարում:

— «Խաղաղության պայմանագրի» ստորագրումը որքանո՞վ եք իրատեսական համարում եւ արդյո՞ք Ադրբեջանը այդչափ կարեւորություն է տալիս այդ պայմանագրին, որքանով որ հայկական կողմն է կարեւորում: Նման փաստաթղթի ստորագրմամբ` «դրախտի դռները բացվելո՞ւ են» Հայաստանի առջեւ, ինչպես փորձում են ներկայացնել:

— Ցանկացած պայմանագիր Ադրբեջանի ու Թուրքիայի համար մի կտոր թուղթ է եւ նրանք դա երբեւէ լուրջ չեն ընդունելու, եթե անգամ ստորագրվի, ուղղակի թանկացնելու ու շատացնելու են իրենց պահանջները` անկլավներ, Արեւմտյան Ադրբեջան եւ այլն:

— Ալիեւը բարձր ամբիոններից խոսում է «Արեւմտյան Ադրբեջանի», անկլավների վերադարձի ու փախստականների մասին , հայկական կողմը չի՞ ուզում, թե՞ չի կարողանում համարժեք պահանջներ ներկայացնել:

— Ադրբեջանից այդ տարիներին մոտ կես միլիոն մարդ է գաղթել: Նիկոլ Փաշինյանը ուղղակի գործակալ է, ով իր գործակալական նպատակներն է կատարում: Նրա ու նրա տերերի հիմնական նպատակն է, որ Հայաստանը նվազագույն դերակատարում ունենա: Թուրքական պլանն էլ այն է, որ Հայաստանը ընդհանրապես չլինի, ինչի՞ մասին է խոսքը: Չեն ասում, չեն բարձրաձայնում, որովհետեւ չեն էլ ուզում ասել նման բաներ, ինչպես ամբողջ Արցախի պարագայում եղավ: Արցախցիների ներգաղթը սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանն արտասանեց շատ վտանգավոր մտքեր, թե` «մենք կընդունենք բոլորին», դրանից հետո սկսվեց մասսայական ներգաղթը: Նրանք աշխատում են այդ ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանը ոչ միայն Արցախը ստանա առանց հայերի, այլեւ` Հայաստանը:

— Նրանց հաջողվե՞լ է ժողովրդին հարմարեցնել այն մտքի հետ, որ գլուխները կախ պետք է լսեն Ադրբեջանի պահանջներին, թե՞ այդուհանդերձ, դեռ կարող ենք պահանջատեր լինել միջազգային հարթակներում եւ դիվանագիտական խողովակներով որոշակի աշխատանք տանել:

— Մենք գրավված ենք այլ երկրների կողմից` ի դեմս այս կառավարություն կոչվածի, որն ունենք: Վերջին 30 տարում մոտավոր 14 անգամ իջել է մեր հանրության հոգեւոր ու մտավոր ներուժը: Մենք 1990-ական թվականներին ունեինք Լեոնիդ Ազգալդյան, Մոնթե, ո՞ւր են այդպիսի մարդիկ: Այդ 30 տարում մեր հոգեւոր ու մտավոր ներուժը ահավոր իջավ: Ես ինքս եղել եմ այլախոհ եւ երկրորդ Հանրապետության ժամանակ դրա համար մի փոքր հետապնդվել եմ, բայց հիմա երբ նայում ենք, թե ինչ էր այն ժամանակ ու հիմա, սարերի ու ձորերի տարբերություն կա: Հիմա սարսափելի վիճակ է եւ, բնական է, որ Նիկոլը սկսեց իր գործերն այնպես, ինչպես Ուկրաինայում: Ժամանակին Ուկրաինայում 2014 թ-ի հեղափոխությունից հետո` մոտ 150 հազար գիտաշխատողների կրճատեցին եւ սարսափելի ջարդ գնաց, մեզ մոտ այդ ջարդը սկսվեց 90-ական թվականներին եւ հիմա էլ Նիկոլի ժամանակ շարունակվում է: Նույն կերպ սկսեցին վերաբերվել եկեղեցուն, սփյուռքին…

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ