25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՈՄԱ-ի առեղծվածի հետքերով. գումար են հավաքել ու ծրագիր չեն արել. Ժողովուրդ

«ՈՄԱ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ պատերազմի օրերին եւ դրանից հետո կազմակերպվում էին մի շարք պաշտպանական միջոցառումներ՝ «Գմբեթ» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր, կազմակերպվելու են վարժական հավաքներ, դասընթացներ եւ այլն։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Գմբեթ 1»-ի կառուցումից հետո սկսվել էր հաջորդի կառուցումը, եւ այն կառույցները, որոնք պատրաստվում են դառնալ «Գմբեթ 2», արժեն 2 հազար 300 դոլար: Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ էր 92 հազար դոլար, որը փորձում էին հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչեւ մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու էր ծրագրի ֆինանսավորմանը։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ «ՈՄԱ»-ն դադարեցրել է իր ծրագրերի, մասնավորապես՝ «Գմբեթ»-ի կառուցումը: Ստացվում է՝ հավաքված գումարները անհայտ ճակատագրի են արժանացել: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց «ՈՄԱ» ՀԿ-ի հետ՝ պարզելու, թե ինչ է իրականում տեղի ունեցել. ««Գմբեթ»-ի հետ կապված՝ արդեն երկու օր է՝ աշխատանքներ չեն ընթանում եղանակային պայմանների վատթարացման պատճառով. ձյուն է եկել, այդ իսկ պատճառով էլ հնարավոր չի եղել շարունակել աշխատանքները: Հետագայում միանշանակ վերսկսվելու են աշխատանքները: Նույնիսկ տրակտորի հետ ենք խնդիր ունեցել, քանի որ ճանապարհները անանցանելի են եղել: Տեղեկությունը, թե «ՈՄԱ»-ն դրամահավաք է արել եւ աշխատանքը կիսատ թողել, չի համապատասխանում իրականությանը: Այս պահին միայն «Գմբեթ»-ի աշխատանքներն են կանգ առել, մեր մնացած ծրագրերը՝ դասընթացները, շարունակվում են, որոնց համար եւս դրամահավաք է եղել: Միայն «Գմբեթ»-ի համար չի եղել այդ դրամահավաքը»:

Իսկ ո՞վ է վերահսկում փաստացի ռազմականացված կառույցի կամ կազմակերպության գործունեությունը: «ՈՄԱ»-ի դրամահավաքների, նախագծերի ու դասընթացների վերահսկողության մասով «Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ՀՀ ՊՆ-ն կամ ԶՈՒ ԳՇ-ն «ՈՄԱ» հասարակական կազմակերպությանը ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել, եւ «ՈՄԱ» հասարակական կազմակերպությունը «պաշտպանական երկրորդ գծում», ինչպես նաեւ ՀՀ ԶՈՒ պատասխանատվության գոտիներում ինժեներական աշխատանքներ չի կատարել եւ չի կատարում։ «ՈՄԱ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ պետական բյուջեի միջոցներով «Գմբեթ-2» ծրագիրը ֆինանսավորելու վերաբերյալ Պաշտպանության նախարարությանն ուղղված դիմում, առաջարկ չի եղել:
2023թ. օգոստոսին ԶՈՒ ինժեներական զորքերի վարչություն է դիմել ՀՀ քաղաքացի Տիգրան Շահինյանը՝ մաշված անվադողերի միջոցով կրակակետ պատրաստելու առաջարկով: ԶՈՒ ինժեներական զորքերի վարչությունն աջակցել է Տ. Շահինյանին՝

«Բաղրամյան» զորավարժադաշտում տրամադրելով համապատասխան տարածք: Տ. Շահինյանը պատրաստել է կրակակետը՝ օգտագործելով 3.5մ տրամագծով 1 հատ մեծ եւ 27 հատ փոքր անվադողեր, 15-20 հատ կոճափայտ (երկաթգծի փայտե շպալ), 15-20 հատ հողակիր պարկ: Բոլոր միջոցները եղել են նախկինում օգտագործված, եւ դրանց ձեռք բերման համար ֆինանսական միջոցներ չեն պահանջվել:
Կրակակետը փորձարկվել է պայթեցման միջոցով, որի արդյունքում շարքից դուրս է եկել, եւ դրա՝ զորքերում ներդրման առաջարկը մերժվել է: Այն մասին, որ նշված կառույցը կոչվում է «Գմբեթ-2», ԶՈՒ ինժեներական վարչությունը տեղեկացել է ավելի ուշ՝ 2023թ. սեպտեմբերին, Շահինյանից: Շահինյանը չի ներկայացել որպես «ՈՄԱ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ եւ հետագայում հարցին, թե արդյոք անդամակցում է վերոհիշյալ կազմակերպությանը, պատասխանել է, որ համագործակցում է «ՈՄԱ» հասարակական կազմակերպության հետ: ՀՀ ԶՈՒ-ն Հայաստանի Հանրապետության սահմանային եւ թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական եւ ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում է եւ այն իրականացնելու ընթացքում նյութական եւ ֆինանսական աջակցության կարիք չունի:
ՀՀ պետական բյուջեից Պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված ֆինանսական միջոցները լիովին բավարար են նշված աշխատանքները հավուր պատշաճի կազմակերպելու համար:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ