Հայաստանում ավելացել են մարդկանց թրաֆիքինգի դեպքերը
Վերջին տարիներին Երևանի բանուկ փողոցներում ծաղկում է անձեռոցիկի շրջածախ առևտուրը, որն արտոնված չէ օրենքով և գրեթե չի վերահսկվում իրավասու մարմինների կողմից: Գրպանի անձեռոցիկ սպառողները մեծամասամբ անցորդներ են և երթևեկության մասնակից վարորդներ, որոնք խրախուսում են վաճառքի այս ձևը՝ այն համարելով մուրացկանությանն այլընտրանք և առաջարկվող ապրանքի դիմաց հաճախ հավելյալ՝ «գրպանի գումար» թողնում։ Սակայն առաջին հայացքից «անվնաս» թվացող մանրածախ առևտրի հետևում երբեմն թաքնված են կասկածելի ուժեր և անհատներ։ Անձեռոցիկի շրջիկ առևտրի կետերի իրական շահառուներից երկուսն այսօր թրաֆիքինգի գործով ամբաստանյալներ են, որոնք ըստ մեղադրանքի՝ տևական ժամանակ աշխատանքային շահագործման և բռնության են ենթարկել խոցելի խմբում գտնվող անձանց:
NEWS.am-ն ուսումնասիրել է շուրջ երեքուկես տարի Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող թրաֆիքինգի վերաբերյալ քրեական վարույթն ու ուշագրավ մանրամասներ պարզել։ Հաշվի առնելով թրաֆիքինգից տուժած անձանց խոցելիությունը, անանունության և գաղտնիության էթիկական նորմերն, ինչպես նաև այն հանգամանքը, որ գործով դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, նյութում տուժողների անունները ներկայացված են փոփոխված, իսկ մեղադրյալներինը՝ սկզբնատառերով։
Կենտրոնի «խաչմերուկատերերը» թրաֆիքինգի գործով մեղադրյալներ
Ամուսիններ Ս. Մ.-ն և Վ. Օ.-ն մեղադրվում են անչափահասներ Աշոտին, Ֆելիքսին, ինչպես նաև մտավոր հետամնացությամբ և էպիլեպսիայով տառապող Արտակին շահագործելու մեջ։ Ըստ դատական գործի նյութերի՝ առողջական լուրջ խնդիրներ ունցող Արտակը, չունենալով մշտական բնակության վայր և աշխատանք, տևական ժամանակ Սարյան փողոցում ավտոմեքենաների կայանման դիմաց վարորդներից գումար է ստացել։ 2018 թվականի նոյեմբերին Ս․ Մ.-ն և Վ․ Օ.-ն մոտեցել են Արտակին, ներկայացել որպես Երևանի Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների, Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկների «նայողներ» և տղային առաջարկել՝ այդ տարածքներում անձեռոցիկի վաճառք իրականացնել: Ինքնակոչ «խաչմերուկատերերը»` տղային խոստացել են օրական ապահովել 15-18 հազար դրամ եկամուտով և պայմանավորվել՝ աշխատանքի դիմաց իրենց վճարել օրական 4-5 հազար ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, իմանալով, որ Արտակն օրավարձով է բնակվում, նրան առաջարկել են ապրել իրենց հետ՝ իր աշխատած գումարից վճարելով օրավարձը: 2018 թվականի նոյեմբերին Արտակը տեղափոխվել է ամուսինների՝ Կենտրոնում գտնվող վարձով բնակարան: Որոշ ժամանակ նման պայմաններով աշխատելուց և օրավարձով բնակվելուց հետո, հասկանալով, որ իրեն անձնական ծախսերի համար գումար չի մնում, Արտակը խնդրել է իր ծախսերի համար գումար թողնել, սակայն ամուսինները նրան հայտնել են, թե իբրև պարտք է 270.000 դրամ (իբր կումունալ և այլ վճարների համար), չնայած նրան, որ Արտակն իր վաստակած ամբողջ գումարը՝ միջինն օրեկան 10-15 հազար ՀՀ դրամ տվել է նրանց: Իրենց պարտք լինելու հանգամանքը շահարկելով, ինչպես նաև բռնության սպառնալիքներով՝ ամուսինները Արտակին հարկադրաբար ներգրավել են անձեռոցիկների մանրածախ առևտրի մեջ և նրանից վերցրել ստացված ամբողջ հասույթը:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Ս. Մ.-ն և Վ. Օ-.ն սպառնալով և պարբերաբար ծեծի ենթարկելով Արտակին, պարտադրել են նրան զբաղվել նաև մուրացկանությամբ և դրա համար օրական իրենց վճարել լրացուցիչ 5000 դրամ: Դատարան ուղարկված մեղադրական եզրակացության համաձայն՝ Արտակը մուրացկանությամբ է զբաղվել և անձեռոցիկ վաճառել անգամ այն օրերին, երբ վատառողջ է եղել, և երբ ընդդիմացել է և հրաժարվել գումար մուծել, Ս.Մ.-ն և Վ. Օ.-ն ստուգել են նրա գրպանները, ծեծի ենթարկել տղամարդուն:
«Բերդն իմ տունն է, կորցնելու բան չունեմ». սպառնալիքների ներքո երիտասարդներին ստիպել են մուրացկանությամբ զբաղվել
Մեկ այլ դրվագով ամուսինները մեղադրվում են սոցիալապես անապահով վիճակում գտնվող Աշոտին և Ֆելիքսին շահագործելու մեջ: Վերջիններս, ըստ մեղադրանքի՝ կենսական տարրական պայմանների ապահովման համար տարիներ շարունակ Երևանի կենտրոնում՝ Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում, Հյուսիսային պողոտայում և այլ վայրերում մուրացկանությամբ են զբաղվել։ 2018թ․ ամռանը նրանց են մոտեցել Ս․ Մ.-ն և Վ․ Օ.-ն, ներկայացել որպես այդ տարածքների «գծի տերեր», հայտնել, թե իբր իրենք են հսկում՝ տիրություն անում տվյալ փողոցներն ու կոնկրետ պահանջներ դրել։ Ամուսինները նրանց ասել են, որ այդ տարածքում մուրացկանությունը շարունակելու դեպքում իրենց օրական 2500 դրամ պետք է վճարեն՝ հակառակ պարագայում կարգելեն մուրացկանությամբ զբաղվել: Աշոտը համաձայնել է և սկսել է աշխատել ամուսինների համար, իսկ Ֆելիքսը սկզբում հրաժարվել է կատարել պահանջը, սակայն Վ․ Օ-ն սպառնացել է ծեծել, դանակով խփել նրան՝ հայտնելով, որ բերդն իր տունն է, «նստած-հելած» տղա է, կորցնելու բան չունի: Նման սպառնալիքներից վախեցած՝ Ֆելիքսը հեռացել է նշված տարածքից և շարունակել մուրացկանությամբ զբաղվել Հյուսիսային պողոտայում, սակայն ամուսինները հետապնդել են տղամարդուն և հանդիպելով նրան՝ տեղեկացրել, որ այդ տարածքը նույնպես իրենցն է: Այնուհետև Վ․ Օ.-ն գրպանից հանել և ցուցադրել է ծալովի դանակը, իսկ Ս. Մ.-ն պահանջել է խելոք ենթարկվել ամուսնուն: Ֆելիքսն իրավապահներին հայտնել է, որ վախենալով սպառնալիքներից, ստիպված համաձայնել է վճարել պահանջված գումարը։ Ըստ փաստական տվյալների՝ սահմանված գումարը Ֆելիքսն ու Աշոտը վճարել են շուրջ մեկ տարի։ Հիշյալ անձինք նույնպես Արտակի հետ օրավարձով բնակվել են գործով մեղադրյալների տանը:
Դատարանը մերժել է ազատ արձակել ամուսիններին. նրանց երկարատև ազատազրկում է սպառնում
Թրաֆիքինգի վերաբերյալ հիշյալ դեպքերն իրավապահները բացահայտել են 2019թ. մայիսին. մեկ ամիս անց ամուսիններին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի միաժամանակ երկու հոդվածների հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձանց թրաֆիքինգի ենթարկելը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով (նախկին ՔՕ 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետեր), ինչպես նաև հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձին բռնություն գործադրելու եղանակով թրաֆիքինգի ենթարկելու համար (նախկին ՔՕ 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետեր): Այս արարքների կատարման համար քրեական օրենսգրքով առանձին-առանձին մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում է նախատեսված: Ամուսինների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Դատաքննության ընթացքում Ս. Մ.-ի և Վ. Օ.-ի պաշտպանները պարբերաբար միջնորդություններ են ներկայացրել դատարանին մեղադրյալների նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոփոխելու վերաբերյալ, որոնք սակայն դատարանը մերժել է՝ արձանագրելով, որ առկա է հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալները, գտնվելով ազատության մեջ կարող են թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և այլն:
Շահերի բախում դատարանում. թրաֆիքինգի մեջ մեղադրվող կինն՝ ընդդեմ ամուսնու
Թրաֆիքինգի գործի քննության ընթացքում մեղադրյալները մի քանի պաշտպան են փոխել: Նախաքննության և դատաքննության սկզբնական փուլում միմյանց փոխարինելով ամբաստանյալների շահերը ներկայացրել են հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբաններ Ֆերդինանտ Սարգսյանն, ապա Լյուդվիգ Ավետիսյանը: Վերջինս, սակայն մեկ տարի անց դադարեցրել է ամբաստանյալների պաշտպանությունը, քանի որ դատաքննության ընթացքում շահերի բախում է առաջացել. մասնավորապես՝ թրաֆիքինգի մեջ մեղադրվող կինն, ըստ էության ցուցմունք է տվել իր հետ ամբաստանյալի աթոռին գտնվող ամուսնու դեմ: Մասնավորապես՝ դատարանին ուղղված գրությամբ կինը հայտնել է, որ ինքը ևս բռնության զոհ է և որ հաճախ փորձել է ենթադրյալ տուժողներին պաշտպանել ամուսնուց, սակայն արդյունքում ինքն էլ է ծեծի ենթարկվել Վ. Օ.-ի կողմից:
Նշենք, որ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ փաստաբանը պետք է դադարեցնի իրավաբանական օգնություն ցույց տալ երկու կամ ավելի անձանց, եթե նրանց շահերի միջև առաջանում է հակասություն: Արդյունքում 2022թ. հունիսին գործում ներգրավվել են նոր հանրային պաշտպաններ, որոնք մինչ օրս առանձին-առանձին իրականացնում են ամուսինների պաշտպանությունը:
Հանրային պաշտպան Վարդուհի Հարությունյանը, որը դատարանում ներկայացնում է ամբաստանյալ կնոջ շահերը, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, պնդում է, որ իրականում ոչ թե շահագործել, այլ հոգ է տարել ենթադրյալ տուժողների մասին, խնամել է նրանց, փորձել է պաշտպանել բռնությունից, որի համար հաճախ ամուսնու կողմից ինքն էլ է ծեծի ենթարկվել:
Ամբաստանյալ ամուսինը, որը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, նույնպես չի ընդունում առաջադրված մեղադրանքը: Թրաֆիքինգի մեջ մեղադրվող տղամարդն իր ցուցմունքում նշել է, որ տուժողներից ստացած գումարներով հոգացել է նրանց կեցության ծախսերը՝ կատարել բնակարանի կոմունալ վճարումները, հագուստ, սնունդ և ծխախոտ գնել, ինչպես նաև լիցքավորել Ֆելիքսի, Աշոտի և Արմանի հեռախոսահամարները:
Ամբաստանյալ տղամարդու շահերի պաշտպան Վարդուհի Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով կնոջ՝ ամուսնու հասցեին հնչեցրած մեղադրանքներին, կարծիք հայտնեց, որ դիրքորոշման փոփոխությամբ ամբաստանյալ կինը հավանաբար փորձել է լուծել իր խափանման միջոցի փոփոխության հարցը, սակայն դեռևս արդյունքի չի հասել:
Տուժողի որդին պնդում է՝ հայրը թրաֆիքինգի զոհ չէ
Բազմադրվագ գործի քննության ընթացքում պարբերաբար նոր՝ էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ են ի հայտ գալիս, որոնցից ամենաուշագրավը, թերևս վկաների հարցաքննություններն են: Մասնավորապես գործով տուժող Ֆելիքսի որդին՝ 16-ամյա Տարոնը (անունը նույնպես փոփոխված է), որը մեկ այլ գործի շրջանակներում կալանավորված է և ներկայումս պահվում է անչափահասների քրեակատարողական հիմնարկում, դատարանում անսպասելի ցուցմունքներ է տվել:
Նշենք, որ քրեական դատավարության օրենսգրքով՝ վկան իրավունք ունի հրաժարվելու ցուցմունք տալուց, եթե ողջամտորեն ենթադրելի է, որ դրանք հետագայում կարող են օգտագործվել իր կամ իր մերձավոր ազգականի դեմ: Անչափահաս տղան, սակայն դատարանում կաշկանդված չէր այնպիսի տվյալներ հայտնելու, որոնք, ըստ էության հակասում էիր հոր՝ գործով տուժողի տված ցուցմունքներին: Մասնավորապես անչափահասը դատարանին հայտնել է, որ հայրը ամբաստանյալների բնակարանում մնացել է վարձով և ազատորեն տնօրինել իր վաստակած գումարները: Տարոնը խոստովանվել է, որ հոր հետ հաճախակի չի տեսնվել, սակայն երբ հանդիպել են՝ նրանից չի լսել, որ իրեն շահագործում են կամ վատ վերաբերվում: Վկայի ցուցմունքից հետևում է, որ Ֆելիքսն իր կամքով է կախվածության մեջ հայտնվել ամուսիներից և դարձել ենթադրյալ թրաֆիքինգի զոհ:
Անձը համարվում է թրաֆիքինգից տուժած, եթե անգամ «համաձայնել» է շահագործմանը
Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի միջոցների մասին Եվրոպայի Խորհրդի կոնվենցիայի (ուժի մեջ է մտել 2008թ փետրվարի 1-ից) համաձայն՝ թրաֆիքինգից տուժած է համարվում այն անձը, ով՝ տեղափոխվել, հավաքագրվել, փոխանցվել, պարտակվել կամ ընդունվել է երկրի ներսում կամ նրա սահմաններից դուրս, ենթարկվել է սպառնալիքների, ուժի կիրառման, խաբեության, բռնության կամ այլ ապօրինի միջոցների, շահագործման նպատակով: Ընդ որում՝ անձի «համաձայնությունը» շահագործման ենթարկվելուն որևէ նշանակություն չունի, երբ կիրառվել է եղնակներից որևէ մեկը (հարկադրանք, խաբեություն, խոցելի վիճակի չարաշահում և այլն): Ավելին, անձը համարվում է թրաֆիքինգի տուժած անգամ այն դեպքում, երբ շահագործումը դեռևս տեղի չի ունեցել, բայց նրա նկատմամբ կիրառվել են գործողություններ վերը նշված եղանակների օգտագործմամբ:
Թրաֆիքինգից տուժածները քննության ընթացքում բավարար պաշտպանություն չեն ստանում
Թրաֆիքինգի գործերով հայաստանյան դատական պրակտիկան ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ շատ դեպքերում թրաֆիքնիգից տուժածները կամ գործով վկաները դատարանում հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից և մեղադրյալների մեղքը հաստատող տվյալներ ներկայացնելուց՝ հաճախ վախենալով իրենց նկատմամբ հնարավոր հաշվեհարդարից: Այս խնդիրը պայմանավորված է նրանով, որ նախաքննության և դատաքննության ընթացքում թրաֆիքինգի գործով տուժողները կամ վկաները արդյունավետ և բավարար պաշտպանություն չեն ստանում:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով՝ վարույթին ներգրավված անձն (այդ թվում տուժողը, մեղադրյալը, վկան) իրավունք ունի իր կամ իր ընտանիքի անդամի կամ այլ մերձավոր անձի կյանքին, առողջությանը և իրավաչափ շահերին սպառնացող վտանգի դեպքում վարույթն իրականացնող մարմնից հայցելու և ստանալու հատուկ պաշտպանություն: Վարույթի ընթացքում կիրառման ենթակա հատուկ պաշտպանության միջոցներն են`պաշտպանվող անձին մոտենալու կամ նրա հետ շփվելու սահմանափակումը,տվյալների գաղտնիացումը և այլն:
Թրաֆիքինգի գործերով փորձագետ, փաստաբան Դավիթ Թումասյանը NEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով թրաֆիքինգի վարույթում ներգրավված անձանց՝ այդ թվում տուժողների և վկաների պաշտպանությանը, նշեց, որ թեև քրեական դատավարության օրենսգրքով դատավարության մասնակիցների պաշտպանության բավականին լայն միջոցներ են ամրագրված, սակայն որոշների կիրառման հետ կապված ենթաօրենսդրական ակտերն են բացակայում, հետևաբար առկա չեն նաև դրանք իրականացնելու մեխանիզմենրը, իսկ պաշտպանության գործող միջոցներն էլ թրաֆիքինգի պարագայում այնքան էլ արդյունավետ չեն:
«Հայաստանում այս գործերով գրեթե չի կիրառվում անանուն վկայի ինստիտուտը, քանի որ թրաֆիքինգի դեպքերով տուժողը և ենթադրյալ հանցագործը հիմնականում միմյանց ճանաչում են: Իսկ եթե առկա է դատավարության մասնակցի նկատմամբ հնարավոր ազդեցության խնդիր, այն պետք է գնահատի վարույթն իրականացնող մարմինը»,-նշեց փաստաբանը:
Ինչու՞ են թրաֆիքինգի զոհերը հաճախ խուսափում կատարվածի մասին բարձրաձայնելուց
ՀՀ դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում ավելացել է անչափահասների, հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեցողների, այսինքն՝ խոցելի խմբերի նկատմամբ կատարված շահագործման դեպքերի բացահայտման քանակը: Այդ հանգամանքը թրաֆիքինգի դեմ պայքարում միջազգայնորեն գնահատվում է որպես դրական միտում՝ հաշվի առնելով, որ, որպես կանոն, այս կատեգորիայի անձինք չէին կարող ինքնուրույն ինքնաբացահայտվել որպես թրաֆիքինգի զոհեր: Այսինքն՝ այս դեպքերի բացահայտումը իրավապահ մարմինների կողմից նախաձեռնողական քննության (proactive investigation) արդյունք է։
Իսկ ինչու՞ են թրաֆիքինգի զոհերը հաճախ խուսափում այդ մասին բարձրաձայնելուց և իրավապահներին դիմելուց: Այս հարցի շուրջ իր տեսակետն ունի ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի հոգեբանական փորձաքննությունների բաժնի հոգեբան-փորձագետ Գայանե Շահվերդյանը:
Վերջինիս խոսքով՝ հոգեբանական ներազդեցության տեսակետից կարևոր է դիտարկել, թե ովքեր են հիմնականում ենթարկվում թրաֆիքինգի:
«Կան խոցելի խմբեր՝ այդ թվում անչափահասները, ցածր ինտելեկտ և տարատեսակ հոգեկան խնդիրներ ունեցող անձինք, անբարենպաստ պայմաններ ունեցող ընտանքիներում մեծացածները, տնտեսապես անապահով վիճակում գտնվողներն, ովքեր, օրինակ ունեն մեծ պարտքեր և դրանք մարելու համար նրանցից պահաջվում է անվարձահատույց աշխատել պարտատիրոջ մոտ, կամ նրանք, որոնք հեշտությամբ տրվում են արտերկրում մեծ գումար աշխատելու գայթակղությանը և այլն:
Ըստ փորձագետի, բացի հարկադրանքից, թրաֆիքինգի զոհերի նկատմամբ կիրառվում են տարատեսակ ներգործության միջոցներ:
«Ենթարկվելով բռնության և թրաֆիքինգի, մարդու մոտ կարող է ձևավորվել վախի մթնոլորտ, անինքնավստահություն, մեղավորության զգացում և այլն: Կախված նրանից, թե անձն ինչ տեսակի բռնության է ենթարկվում և ինչպիսի անձնային հատկություններ ունի, թրաֆիքինգի հետևանքները կարող են լինել տարբեր: Օրինակ՝ անձի մոտ հետագայում հնարավոր է առաջանան բռնարար դրսևորումներ, այսինքն՝ զոհն իր նկատմամաբ կիրառված մոտեցումը փորձի կիրառել այլ անձի նկատմամբ»,-ասաց փորձագետն՝ այս համատեքստում բացատրելով, թե ինչու թրաֆիքինգի զոհ դարձած անձը չի բարձրաձայնում այդ մասին կամ պնդում է, թե իբր իր նկատմամբ նման բան չի կատարվել:
«Կան տարբեր գործոններ, այդ թվում մեղավորության զգացումը, երբ զոհն իրեն մեղավոր է զգում այն ամենի համար, ինչն իր հետ կատարվել է, վախի մթնոլորտը, ամոթի զգացումը, երբ անձը չի ցանկանում, որ կողմնակի անձինք իմանան իր հետ կատարվածի մասին:
Հոգեբան-փորձագետ Գայանե Շահվերդյանի կարծիքով՝ թրաֆիքինգի դեմ արդյունավետ պայքարելու համար ոչ միայն պետք է իրականացվի թրաֆիքինգի զոհ դարձած անձանց պաշտպանությունն, այլև պարզվեն նման հանցագործությունների կատարման խորքային պատճառները:
«Այս հարցում անչափ կարևոր է սոցիալ-տնտեսական բաղադրիչը, ինչպես նաև հասարակությունում առողջ ընտանիքի դերը»,-նշեց փորձագետը՝ նկատելով, որ այն ընտանիքը, որտեղ լիարժեք դաստիարակություն է իրականացվում, նվազում է թրաֆիքինգի զոհ դառնալու և նման հանցագործություն կատարելու հնարավորությունը: Այնուամենայնիվ, այս հարցումը ամենամեծ անելիքը և պատասխանատվությունը ունեն պետական մարմինները՝ նախադպրոցական հաստատություններից մինչև իրավապահ մարմիններ. նրանք պարտավոր են ավելի ուշադիր և հետևողական լինել սոցիալապես խոցելի խմբերի նկատմամբ՝ կանխարգելելով թրաֆինքինգի հնարավոր դրսևորումները:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ. Հայաստանում տարեցտարի աճում է թրաֆիքինգի դեպքերի բացահայտման ցուցանիշը, ինչի մասին վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները: Ըստ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ամփոփ տեղեկության` 2023թ. հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է մարդու թրաֆիքինգի կամ շահագործման 14 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 10-ով:
ՀՀ քննչական կոմիտեի մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ Տիգրան Կիրակոսյանը NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ 2023թ. 8 ամիսների ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում մարդու թրաֆիքինգի կամ շահագործման վերաբերյալ քննվել է 28 քրեական վարույթ, որոնցից 9-ը ստացվել է նախորդ տարվանից. վարույթներից 2-ը 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 1 քրեական վարույթ կարճվել է, իսկ 16 քրեական վարույթներով նախաքննությունը շարունակվում է:
Իսկ 2022թ. ողջ տարվա ընթացքում ՔԿ քննիչների վարույթում քննվել է 22 գործ, որոնցից 5-ի վարույթը կարճվել է, 7-ն ուղարկվել է դատարան:
Համեմատության համար նշենք, որ 2021 թ. ընթացքում թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցվել է 16 քրեական գործ, ինչը 60%-ով ավելի է 2020թ.-ից:
Սկզբնաղբյուր՝ iravunk.com