22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորութամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող հումանիտար օգնության ծրագրերն ու հետագա քայլերը:

Քննարկումներն ամփոփելով՝ վարչապետը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք քննարկեցինք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու ընթացքը, կատարված աշխատանքը և հետագա անելիքները: Ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «Հումանիտար կենտրոն»-ին, որը գործել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ, Կառավարության բոլոր անդամներին, գերատեսչություններին, հասարակական կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարզպետարաններին, կամավորներին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների դիմավորումը և հրատապ տեղավորումը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Իհարկե հասկանալի է, որ այդ ճգնաժամային պայմաններում ամեն ինչ չէ, որ եղել է անթերի, բնականաբար, եղած կլինեն նաև որոշակի թերություններ, բայց ընդհանուր առմամբ, կարծում եմ և՛ հանրային արձագանքը, և՛ մեր դիտարկումները, և՛ այն փաստը, որ ըստ էության, ծայրահեղ ճգնաժամային իրավիճակ մենք չունենք որևէ տեղ, դրա ամենակարևոր աջակցությունն էր, ճգնաժամային իրավիճակ՝ հումանիտար առումով, բայց այն, ինչն ինքնին արդեն ճգնաժամ է, դրանից դուրս մենք ավելի սրված իրավիճակ չունենք»:

Անդրադառնալով միջնաժամկետ անելիքներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանցից ամենաառաջնային որոշումը վերաբերում է բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին առաջին անհրաժեշտ կարիքների համար դրամական աջակցություն ցուցաբերելուն: «Տեղյակ եք, որ կայացվել է որոշում և հայտարարվել, որ Լեռնային Ղարաբաղից յուրաքանչյուր բռնի տեղահանված, խոսքը վերաբերվում է և՛ երեխաներին, և մեծահասակներին, ամեն անձի հաշվով կտրվի 100 000 միանվագ դրամական աջակցություն: Մենք խնդիր ունենք այդ աջակցությունը հնարավորինս արագ հասցնել մեր քույրերին և եղբայրներին: Այս հարցում նաև նրանց աջակցության կարիքն ունենք, և ուզում եմ խնդրել, որ բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրներն այս պահից սկսած, նրանք, ովքեր չունեն բանկային, քարտային հաշիվներ, մոտենան իրենց ամենամոտ, ամենահարմար բանկ և այնտեղ բացեն քարտային հաշիվ՝ հետագայում նաև բանկային քարտ ստանալու համար»,- ասել է վարչապետը՝ ավելացնելով, որ, իհարկե, բանկային քարտ ստանալը կարող է որոշակի ժամանակ տևել, բայց հաշիվները կբացվեն արագ, և Կառավարությունը 100 հազարական դրամները միանվագ կփոխանցի այդ հաշիվներին, և մարդիկ արդեն իրենց անձնագրերով հասանելիություն կունենան դրանց:

Իսկ նրանք, ովքեր բանկային քարտեր ունեն՝ Կառավարությունը միանգամից առաջիկա շաբաթվա ընթացքում այդ գումարները կփոխանցի հաշիվներին և քարտերին: «Իհարկե գիտենք, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, ովքեր փաստաթղթեր չունեն: Նման դեպքերում անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան տեղեկանք վերցնեն Միասնական սոցիալական ծառայությունից, և այդ տեղեկանքի միջոցով արդեն հնարավոր կլինի բանկային, քարտային հաշիվ ունենալ, կամ այլ եղանակով գումարները հասանելի կլինեն բռնի տեղահանված մեր քույրերին, եղբայրներին և երեխաներին: Երեխաների պարագայում, իհարկե, նրանց տվյալները կամրակցվեն նրանց մայրիկների անուններին և մայրիկները երեխաների գումարները իրենց հաշիվներին նույնպես կստանան:

Հաջորդ որոշումը, որ մենք կայացրել ենք, վերաբերում է կեցության, բնակարանային ծախսերին աջակցությանը: Մենք որոշում ենք կայացրել, որ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձի կտրվի 40 000 դրամ՝ որպես բնակության ծախսերի հատուցում, գումարած 10 000 դրամ՝ կոմունալ ծախսերի գծով աջակցություն: Շատ կարևոր է, որ նաև այս ծրագրից օգտվելու համար բռնի տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հնարավորինս արագ մոտենան բանկ և հաշիվները բացեն, որպեսզի մենք արդեն համապատասխան արագությամբ կարողանանք այդ գումարները փոխանցել:

Բայց նաև մինչև գումարների փոխանցումը, ըստ էության, կարող ենք արձանագրել, որ օրինակ, 5 հոգանոց ընտանիքի պարագայում՝ հոկտեմբերին նրանք կունենան պետության, Կառավարության կողմից 750 000 դրամի աջակցություն: Նաև կարծում եմ, որ այս գումարի, բյուջեի հաշվառումով նրանք կարող են նաև որոշակի գործողություններ ծավալել: Մասնավորապես, ովքեր գտնվում են ժամանակավոր կացարաններում, շատ լավ կլինի, որպեսզի արդեն սկսեն վարձով բնակարանների կամ բնակելի տարածքների վարձակալության փնտրտուքը: Իհարկե, նաև հանձնարարված է, որ տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետարաններն աջակցեն նրանց այդ հարցում: Շատ կարևոր է, որ մեր բազմաթիվ կամավորները կարողանան այնպես անել, որպեսզի պոտենցիալ վարձակալները և վարձով բնակելի տարածքներ տրամադրողներն իրար հանդիպեն և պայմանավորվածություններ ձեռք բերեն»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների աշխատանքի ապահովման խնդրի լուծումը: «Մենք նաև միջոցներ ենք ձեռնարկում, որ օրինակ, հանրակրթության ոլորտի մասնագետները ներգրավվեն, աշխատանքի ընդունվեն հանրակրթության ոլորտում, դպրոցներում, առողջապահության ոլորտի աշխատողներն աշխատանքի ընդունվեն առողջապահության ոլորտում: Նաև շատ կարևոր է, որ նախարարությունները թափուր աշխատատեղերի վերաբերյալ տեղեկատվությունն ակտիվ տարածեն:

Իհարկե, աշխատանքի ընդունվելու որոշակի ընթացակարգեր կան, մրցույթներ և այլն, այդ ընթացակարգերը չեն զրոյացվի, բայց մյուս կողմից էլ մենք հնարավորինս կպարզեցնենք, որպեսզի գործող մանկավարժները հեշտացված ընթացակարգերով հնարավորություն ունենան աշխատանքի ընդունվել, նաև առողջապահության ոլորտի մասնագետներին է վերաբերվում, այլ ոլորտներին նույնպես: Դրա հետ կապված տրված են համապատասխան հանձնարարականներ»,- ասել է վարչապետը:

Այսօրվա խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել նաև պետական կապիտալ ներդրումների իրականացմամբ զբաղվող կապալառու ընկերություններում առկա թափուր աշխատատեղերում ԼՂ մեր հայրենակիցներին ներգրավվելու հարցը: «Կապ կհաստատենք և կհավաքագրենք թափուր աշխատատեղերի վերաբերյալ նրանց պահանջարկը, նաև հումանիտար կենտրոնի եթերների ընթացքում հնարավորինս մատչելի այդ տեղեկատվությունը կտարածենք: Սա կարևոր պահ է, որովհետև եթե օրինակ, լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որևէ քաղաքացի տեսնում է, որ ենթադրենք Շիրակի մարզի որևէ բնակավայրում ուսուցչի թափուր աշխատանք կա, և ինքը կարող է այդ տեղում աշխատանքի ընդունվել, այս տեղեկատվությունը հնարավորինս շուտ պետք է նրան հասցնել, որովհետև նա արդեն պիտի պլանավորի, որ այդ բնակավայրում բնակելի տարածք կամ բնակարան վարձակալի և այլն, և այդպես շարունակ:

Ամեն ինչ պետք է անենք, որ այդ 750 հազար, կամ 10 հոգանոց ընտանիքի պարագայում 1.5 մլն դրամը, օգնենք նաև, որ մարդն էֆեկտիվ ծախսի, որովհետև խնդիրը միայն գումար ունենալը չէ, խնդիր է նաև այդ գումարն այնպես ծախսել, որ էֆեկտիվ լինի: Մասնավորապես, եթե մարդը պիտի տեղավորվի Շիրակի մարզի իքս գյուղում և այս պահին գտնվում է, օրինակ, Կոտայքի մարզի որևէ բնակավայրում, այս գումարները ծախսելիս էլ պետք է պլանավորի: Դրա համար, կարծում եմ, հումանիտար կենտրոնը, նրա հանրային կոմունիկացիան այս հարցերում շատ ակտիվ պետք է աշխատի, որպեսզի մարդկանց կարողանանք այս հարցում հնարավորինս աջակցել:

Էլ չեմ ասում, որ այդտեղ այլ հարցեր են առաջ գալիս՝ երեխայի դպրոցի խնդիրն է, այդ պարագայում ավելի խելամիտ կլինի երեխային միանգամից ընդունել այն բնակավայրի դպրոցը, որտեղ առաջիկա առնվազն 6 ամիսը պետք է բնակվեն, որպեսզի երեխաները կրկնակի սթրեսի չենթարկվեն։ Իհարկե ուսանողների խնդիրը նույն կերպ պետք է լուծվի, որպեսզի նրանք ինտեգրվեն մեր բուհական համակարգին, այսինքն նրանց կրթության գործընթացը չընդհատվի։ Նաև պետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի կրթության գործընթացում հնարավորինս աջակցություն ցուցաբերենք, խթանենք բարձր առաջադիմությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ կարևոր և սուր խնդիրը, վարչապետի խոսքով, վերաբերում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեծ թվով թոշակառուներին։ «Լավ լուրն այն է, որ նրանք մեծ մասամբ ունեն բանկային քարտեր և մենք նրանց աջակցություն ցուցաբերելիս հասանելիության հարցում մեծ դժվարություններ չենք ունենա։ Ֆինանսական առումով մեր մոտեցումն այն է, որ նրանք իրենց կենսաթոշակները շարունակեն ստանալ Հայաստանի Հանրապետությունում։ Այստեղ, սակայն, մենք զուտ իրավական խնդիր ունենք, կախված նրանց բռնի տեղահանվածի և փախստական լինելու կարգավիճակի հետ։ Մեր մոտեցումն այն է, որ գումարները կփոխանցենք և այդ գումարների հարցը հնարավորինս շուտ կլուծենք։ Եթե մինչ այդ իրավական հարցերում արդեն վերջնական լուծումներ ունենանք, շատ լավ, եթե չենք ունենա վերջնական լուծումներ, մարդու սոցիալական նվազագույն կարիքները կապահովենք, իրավական խնդիրները հընթացս կլուծենք, առանց այդ ընթացքում մեր հայրենակիցներին զրկելու որևէ աջակցության հասանելիությունից։

Ամփոփելով ասեմ, որ այսօր ամենակարևոր խնդիրը հետևյալն է. Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն իրենց հարմար մոտակա բանկերում պետք է բացեն հաշվեհամարներ։ Կենտրոնական բանկն արդեն քննարկել է բանկերի հետ, որ այդ հաշվեհամարները բացվեն անվճար և հնարավորինս արագ։ Իհարկե նաև պետք է հետևենք իրադրությանը, եթե որևէ տեղ կտեսնենք, որ հերթեր են գոյանում, նաև մեր կամավորներին պետք է ուղղորդենք, որպեսզի նրանք հերթերը կառավարեն և մարդկանց օգնեն, որ ավելի լավ միջավայրում այդ գործողություններն իրականացնելու հնարավորություն ունենան և բանկերի բնականոն աշխատանքը որևէ կերպ չխաթարվի»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ