Ի՞նչ է նշանակում՝ «Այլ ազատի՛ր մեզ չարից… »
Նշանակում է՝ մենք աղոթում ենք, որ մեր Երկնավոր Հայրը փրկի մեզ ամեն չարիքից, մարմնի և հոգու գայթակղությունից, հարստանալու ցանկության ու փառքի որոգայթի մեջ ընկնելուց:
Սաղմ. 121. 7-8 «Տերը կպահպանի քեզ ամեն չարիքից, Նա կպահպանի քո անձը: Տերը կպահպանի քո դուրս գալն ու մտնելը՝ այսուհետև մինչև հավիտյան»:
Բ Թեսաղ. 3.3 «Տերը հավատարիմ է, որ ձեզ հաստատի և պահի ամեն չարից»:
Ինչպե՞ս է Աստված փրկում մեզ ամեն տեսակի չարիքից:
Սուրբ Հոգու և Խոսքի միջոցով Աստված օգնում է մեզ՝ հաղթահարելու գայթակղությունն ու փորձությունը, որոնք Ինքն է թույլ տվել մեր կյանքի մեջ՝ մեզ ավելի զորացնելու և մեր հավատքն ամրապնդելու համար:
Գործ. 14.22 «Մենք շատ նեղություններով պետք է մտնենք Աստծո արքայություն»:
Սաղմ. 91.9-10 «Դու Բարձրյալին քեզ ապավեն արիր, քեզ չար բան չի հասնի և նեղություն չի մոտենա քո բնակարանին»:
Առակ. 3.11-12 «Որդյա՛կս, մի անարգիր Տիրոջ խրատը, և Նրա հանդիմանությունից մի ձանձրանա, որովհետև Տերը ում սիրում է՝ հանդիմանում է, ինչպես մի հայր, որ իր որդուն սիրում է»:
Ի՞նչ ենք խնդրում Աստծուց՝ չարից ազատվելու համար:
Հավատք, հավատարմություն: Խնդրում ենք նաև, որ Աստված մինչև մեր կյանքի վերջը մեզ պահի Իր Խոսքի մեջ և երբ մահանանք, տանի Իր մոտ՝ դրախտ:
Ղուկ. 2.29-32 «Հիմա, ով Տեր, Քո խոստման համաձայն խաղաղությամբ արձակիր Քո ծառային, որովհետև իմ աչքերը տեսան Քո փրկությունը, որ պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առաջ»:
Բ Տիմոթ. 4.18 «Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի Իր երկնային արքայություն»:
Հայտն. 14.13 «Երանելի են այն մեռելները, որոնք այսուհետ Տիրոջով են ննջում»: