Լևոն Քոչարյանը մեկ ամսով կալանավորվեց
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց, այս մասին հաղորդում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Կալանքի որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը։
Փաստաբանները նրան ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, սակայն դատավորը, ըստ Կոչուբաևի, մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը՝ արձանագրելով, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի մտքերի հետ համաձայն է, չունի վատ վերաբերմունք և երդվել է լինել անկողմնակալ և այդպիսին է:
Երեկ քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք էր առաջադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում՝ բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
Սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանը ձերբակալվել էր. նրա նկատմամբ ուժ կիրառած ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լևոն Քոչարյանն է 4 կարմիրբերետավորի ծեծել, մինչդեռ, տեսանյութերում երևում է, որ ոստիկանական մեքենայի մեջ ոստիկանները բռնություն են գործադրում Քոչարյանի նկատմամբ։
Նա տեղափոխվել էր հիվանդանոց. «Նաիրի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աննա Ղազարյանը Aysor.am-ին ասել էր, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեղային վնասվածք՝ ուղեղի ցնցում։