«Մեր նպատակը ո՞րն է՝ ո՞վ ի՞նչ լավ բորշ է սարքում». Շարմազանովի առաջարկները /վիդեո/
«Այս տարիների ընթացքում կարողացել ենք առաջընթաց արձանագրել Հանրային հեռուստատեսության լրատվական հաղորդումներում բազմակարծություն ապահովելու համար»,-այսօր Ազգային ժողովում Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի 2013 թվականի գործունեության մասին հաղորդման վերաբերյալ ելույթում ասաց Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս նշեց, որ խոսքը ոչ միայն Հանրային ՀԸ է վերաբերում, այլևս այլ ՀԸ-ներին, որոնց լրատվական հաղորդումները վստահություն ունեն հանրության մոտ:
Շարմազանովը նախընտրեց խոսել ոչ թե որպես ԱԺ փոխնախագահ, այլ որպես քաղաքցի ու առաջարկներ ներկայացնել հանձնաժողովին: Նա նկատեց, որ այս տարիներին հանձնաժողովը կատարել է դրական աշխատանք, բայց խնդիրներ դեռ կան:
«Մեր նպատակն է ունենալ առողջ, ազգային ոգով տոգորված, քրիստոնեական, բարոյական սերունդ, և, բնականաբար, այստեղ անելիք ունեն նաև ՀԸ-ները, որովհետև, իմ խորին համոզմամբ, չկա ինֆորմացիա, որ պրոպագանդա չէ, կան հաղորդումներ, որոնք ուղղակի կամ անուղղակի կամ դաստիարակում են կամ հակառակը: Եվ եթե նման սերունդ ենք ուզում ունենալ, պետք է սկսենք ճանաչողությունից, չկա հայրենասիրություն առանց ճանաչողության»,-ասաց նա: Շարմազանովն առաջարկեց նման հաղորդումներմ ավելացնել:
«Ալիք կա, որ երկու-երեք հատ նույն հաղորդումից ունի, մեր նպատակը ո՞րն է՝ ո՞վ ի՞նչ լավ բորշ է սարքում, կամ ո՞վ լավ ձվածեղ է սարքում: Ընդունում եմ, որ չափի մեջ լավ է, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նախորդ տարի եղել է Հովհաննես Շիրազի հարյուրամյակը, բայց քիչ եմ տեսել, որ մեր լրատվամիջոցները մեր նոր սերնդին ներկայացրել են Շիրազին, մեր նոր սերնդին պետք է ամեն օր դաստիարակենք»,-նկատեց նա:
Շարմազանովը նշեց, որ նույնն է վերաբերում նաև Արարատ-73-ին վերաբերող հաղորդումների բացակայությանը:
«Մենք խոսում ենք քրիստոնեական սերունդ դաստիարակելու մասին, կապ պետք է լինի չէ՞ հասարակություն-եկեղեցի, մեր եկեղեցին Քրիստոսի եկեղեցին է, արդյոք մեր ՀԸ-ները այդ կապը հաղորդում են»,-հարցրեց նա, միաժամանակ նկատեց, որ կան հաղորդումներ, որտեղ հոգևորականները խոսում են, ներկայացնում ենք այդ կապը, բայց ավելի շատ տեղ պետք է հատկացվի հայ առաքելական եկեղեցու հետ սուրբ կապին: ԱԺ փոխնախագահը նաև խոսեց Արցախյան հերոսամարտի հերոսների մասին հաղորդումների սակավաթվությունից, առաջարկեց եթերում հնչող երաժշտության ճաշակին ևս ուշադրություն դարձնել: «90%-ը՝ կլկլոց, 10%-ի մեջ տեղավորում ենք ճաշակ, տենց կլինի՞: Վերջին անգամ ե՞րբ ենք լսել Օֆելյա Համբարձումյանի, Հովհաննես Բադալյանի կատարումները»,-շեշտեց նա:
Տեսանյութն՝ 1in.am-ի: