Որևէ մեկդ թող հնչեցնի՝ ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին

ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հետաքրրքվեց նոր ստեղծվող Հակակոռուպցիոն խորհուրդի մասին: «Այս հանձնաժողովում ընդգրկված են նաև ՀԿ-ներից ու խորհրդարանական ընդդիմադիրներից ներկայացուցիչներ. իմ մոտեցումը դա է, որ մենք բոլորս միասին պետք է վեր հանենք, քննարկման առարկա դարձնենք բոլոր այն խնդիրները, որ կան հասարակության մեջ ու հնչում են տարբեր հարթակներում՝ օրենքի շրջանակներում ներգրավելով իրավապահներին:
Մենք որևէ կաշկանդվածություն չունենք, որևէ անձի, գործարարի նկատմամբ պարտավորություն չունենք»,-պատասխանեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ ցանկության առկայության դեպքում հարցին լուծում կտրվի: «Ինձ համոզելու խնդիր չունեք»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ հեշտ է համոզվում, եթե փաստարկները տրամաբանության դաշտում են.
«Եթե պետությունը նորմալ ժողովրդավարական պետություն է, ապա վերահսկողական գործառույթները տրվում են ընդդիմությանը, դուք հիմա ասում եք՝ կձևավորենք, նաև ձեզնից կհրավիրենք»,-ասաց Հակոբյանը՝ նշելով, որ նախկինում նման հանձնաժողովները նույն սկզբունքով են ձևավորվել, և կոռուպցիան դրանից չի քչացել, նույնսիկ ավելացել է: «Կուզենայի, որ մի քիչ օգտվեիք համաշխարհային փորձից և այնպիսի հանձնաժողով ստեղծեիք, որն անկաշկանդ կլիներ, ինպես Դուք եք ասում, խոսքս Ձեր անձին չի վերաբերում»,-ասաց պատգամավորը՝ խորհուրդ տալով Հովիկ Աբրահամյանին, որ վերջինս չղեկավարի այդ խորհուրդը և բարձրագույն իշխանությունից որևէ մեկը չլինի այդ հանձնաժողովում:
«Մենք ասում ենք՝ բոլորս միասին խնդրին լուծում տանք, քննարկումներիր արդյունքում է այս որոշումը կայացվել: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին խնդիր լուծենք, ժողովրդի առջև անարդարությունները միասին լուծենք…Ապրիլ ամսին լրանում է մեկ տարին, որ ես վարչապետ եմ, որևէ մեկդ թող հնչեցնի՝ ասի, որ ես բիզնես եմ ծավալել այս տարիներին կամ ԱԺ նախագահ եղած տարիներին, կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ, տարբեր ամբիոններից մարդիկ անհիմն խոսակցություններ են տարածում»,-ասաց վարչապետը: