Մենք խորապես հարգում ենք Փաշինյանին, բայց Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, սակայն ռուս խաղաղապահների առաքելության ձախողման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզերի հետ համաձայնել չի կարելի:
Ավելի վաղ Փաշինյանը հարցազրույց էր տվել իտալական La Repubblica թերթին, որտեղ, մասնավորապես, հայտարարել էր, որ ռուսական խաղաղապահ ուժերը չեն կատարում իրենց առաքելությունը ԼՂ-ում, և որ Ռուսաստանն ինքն է հեռանում տարածաշրջանից։
«Մենք խորապես հարգում ենք վարչապետ Փաշինյանին, բարձր ենք գնահատում նրա և նախագահ Պուտինի աշխատանքային և շատ կառուցողական հարաբերությունները և հուսով ենք, որ այդ հարաբերությունները կշարունակեն լինել երկու երկրների սերտ համագործակցության երաշխիք։ Բայց մենք չենք կարող համաձայնել պարոն վարչապետի այս թեզերի հետ։ Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակապես անբաժանելի մասն է, ուստի ոչ մի տեղ չի կարող գնալ։ Ռուսաստանը չի կարող լքել Հայաստանը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա հորդորել է չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան բուն Հայաստանում», որոնց մեծ մասը Ռուսաստանի Դաշնության հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ավանդ ունեն երկրի զարգացման գործում։