23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծննդյան քառասունք

Սուրբ Գրքում հաճախակի ենք հանդիպում իրադարձությունների, որոնք կապված են քառասուն թվի հետ: Նոյի օրերին՝ ջրհեղեղի ժամանակ, քառասուն օր անձրև եկավ: Երբ Մովսեսն իր ժողովրդին հանում էր Եգիպտոսից, Իսրայելի որդիներն անապատում շրջեցին քառասուն տարի մինչև հասան Ավետյաց երկիր՝ Քանան: Սավուղը, Դավիթն ու Սողոմոնը քառասուն տարի թագավորեցին: Քրիստոս անապատում քառասուն օր ու գիշեր ծոմ պահեց մինչև Իր գործունեությունն սկսելը: Հարություն առնելուց հետո Նա երկրում մնաց քառասուն օր մինչև երկինք համբարձվելը:

Ծննդյան պահքից մինչև Տեառնընդառաջ ընկած շրջանը նույնպես քառասուն օր է: Մեծ պահքը ևս ներառում է քառասուն օր, որին ավելանում է ևս յոթ օր՝ ի նշանավորումն Հիսուսի չարչարանքների, մահվան և հարության: Մանուկ Հիսուսը քառասուն օրական էր, երբ ծնողները նրան տարան Երուսաղեմ՝ Տիրոջն ընծայելու:

Հետծննդյան շրջանը հայտնի է քառասունք անվամբ, որն ընդգրկում է երեխայի ծննդյան պահից սկսած քառասուն օրերը: Ըստ Հայ եկեղեցու Մաշտոց ծիսամատյանի՝ եկեղեցի բերված քառասնօրյա երեխայի վրա կատարվում է քառասունքի կարգ՝ ի հիշատակ քառասնօրյա Քրիստոսի ընծայման ի Տաճար: Համաձայն նախնյաց օրենքի՝ ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Այս սովորությունը քրիստոնեական եկեղեցում ունի աստվածաշնչյան հիմք: Հին Ուխտում, Մովսեսի հաստատած օրենքի համաձայն, արու զավակ ծնած մայրերին տրվել էր քառասուներորդ օրը սրբվելու օրենքը, քանի որ երեխայի ծնունդն անմաքուր էր դարձնում կնոջը, և յուրաքանչյուր կին, զավակի ծնունդից հետո անմաքուր համարվելով, չպետք է մոտենար սրբավայրերին: Քառասուներորդ օրը պիտի գնային տաճար՝ սրբվելու, «ողջակեզի» համար տանելով մեկ տարեկան մի գառ և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ՝ «վասն մեղաց» զոհաբերության համար: Իսկ եթե ծնողներն աղքատ էին, տանում էին միայն երկու տատրակ կամ երկու աղավնի՝ մեկը «ողջակեզի» և մյուսը՝ «վասն մեղացի» համար (Ղևտ. 12:1-8): Մեկ հատուկ օրենք էլ կար անդրանիկ արուների համար. յուրաքանչյուր առաջնեկ, այսինքն՝ ընտանիքի անդրանիկ որդին, պետք է Աստծուն նվիրվեր (Ելք 34:19-20): Այդ երկու օրենքների գործադրումը, սովորաբար, միասին էին կատարում քառասունքի առթիվ:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, քառասուն օրերի լրանալուն պես, օրենքում ասվածի համաձայն՝ բերվեց տաճար, թեև ո՛չ Մարիամը և ո՛չ էլ Հիսուս ենթակա չէին օրենքին: Քրիստոս ամբողջովին վեր էր օրենքից: Աստվածամայրը նույնպես այս օրենքից ձերբազատված էր, ինչպես հավաստում է շարականագիրը. «Յղութիւն անսերմնական, ծնունդ անարատ և կուսութիւն յետ ծննդեան մնալով անապակ»:

Հետևաբար Մարիամը սովորական կանանց պես չուներ սրբության խորհրդակատարման կարիքը: Այնուամենայնիվ, թե՛ Հիսուս և թե՛ Աստվածամայրը կամովին՝ որպես խոնարհության լիիրավ դրսևորում, հնազանդվեցին օրենքին: «Նա, Ով Սինա լեռան վրա Իր Ծնողի հետ օրենքներ տվեց, մարմին առնելով, եկավ կատարելու օրենքը և մարգարեությունները» (սբ. Եփրեմ Ասորի):

Այսօր էլ քրիստոնյա ընտանիքի հայ մայրերը, հետևելով Աստվածամոր օրինակին, իրենց քառասնօրյա մանուկներին գիրկն առած, քայլերն ուղղում են դեպի Մայր եկեղեցի: Արարողության ընթացքում երգվում է Տեառնընդառաջի շարական, քահանան կարդում է Ղուկասի ավետարանից այն հատվածը, որ վերաբերում է քառասնօրյա Մանուկ Հիսուսի տաճար գալուն (Ղուկ. 2:22-32): Ապա քահանան նորածնին գրկած բարձրանում է խորան, հատուկ արարողակարգով երեխային ընծայում է Աստծուն՝ հայցելով, որ Տերը խաղաղությամբ պահի ու պահպանի և օրհնի մանկանը, փրկի երևելի և աներևույթ թշնամիներից, որպեսզի մանուկն ապրի ու զորանա քրիստոնեական կյանքի սրբությամբ:

Քառասունքի կանոնը միևնույն ժամանակ մաքրության օրենք է, որ վերաբերում է նախ՝ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային, որից հետո թույլատրվում է մորը եկեղեցի մտնել, քանի որ քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արնահոսությամբ և այդ օրերին իրավունք չունի եկեղեցի մտնելու: Ծննդյան քառասունքի կարգը երեխային հաղորդակից է դարձնում Հիսուս Մանկանը տաճարի ընծայման հիշատակին:

Իսկ ժողովրդական ավանդույթի համաձայն՝ ծննդկանին ու նորամանուկին հնարավոր վտանգներից պաշտպանելու համար ծննդից հետո առաջին քառասուն օրերի ընթացքում արգելվում է նրանց տանից դուրս գալ, երեխային ինչ-որ մեկին ցույց տալ, որպեսզի երեխան չհիվանդանա և «աչք չկպնի նրան»: Իհարկե, բժշկագիտությունը հավաստում է, որ քառասունքի ընթացքում մայրը և երեխան ավելի խոցելի են դառնում թե՛ վիրուսների և թե՛ հոգեբանական առումով, այդ պատճառով անհրաժեշտ է հնարավորինս սահմանափակել մարդկային հաճախակի շփումները: Իսկ երեխային «աչքից հեռու պահելու համար» նրա հագուստի վրա «թալիսմաններ», աչքի ուլունքներ ամրացնելը քրիստոնեական կրոնի առումով ընդունելի չէ և դիտվում է որպես սնահավատություն: Քրիստոնյա մայրը, ի պաշտպանություն իր զավակի, նախ և առաջ պետք է խուսափի աչքի ուլունքներից, թալիսմաններից՝ դրանք փոխարինելով խաչի նշանով, որով Ամենակալ Տերը պահպանում և նախախնամում է փոքրիկին:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ