Թուրքական զինուժը ներխուժել է Սիրիա
Թուրքական բանակի ստորաբաժանումներն իրականացրել են «Շահ Ֆըրաթ» անվամբ անդրսահմանային հատուկ գործողություն`կազմակերպելով Սիրիայի տարածքում գտնվող Շահ Սուլեյմանի մասունքների և պատվո պահակախմբի անձնակազմի տարհանումը, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը: Ռազմական օպերացիայի ընթացքում ընդհանուր հաշվով օգտագործվել է 39 տանկ, երկու գումարտակներում ընդգրկված 80 զինվոր, 57 զրահապատ մեքենա, 100 փոխադրամիջոց, անձնակազմի 572 անդամ, 5 անօդաչու թռչող սարք:
Նշյալ դամբարանը Թուրքիային պատկանող միակ անդրսահմանային տարածքն է: «CNN Turk» լրատվական ծառայության հաղորդած տեղեկության համաձայն` տարհանման գործողությունն իրականացնելու պատճառը եղել է այն, որ Շահ Սուլեյմանի դամբարանի վայրն արդեն անցել էր «Իսլամական պետություն» (ԻՊ -İŞİD) ահաբեկչական խմբավորման վերահոսկողության տակ: Ռազմական հատուկ գործողության արդյունքում Շահ Սուլեյմանի մասուքներն ու դամբարանապատկան թանկարժեք իրերը տեղափոխվել են Սիրիայի Էշմեսի գյուղ, որտեղ նոր դամբարանի համար տարածք է առանձնացվել, կարգվել է պատվո պահակախումբ և բարձրացվել է թուրքական դրոշը: Հին դամբարանի շինությունները, հետագա շահագործումը բացառելու նպատակով, ավերվել են:
Նշյալ ռազմական գործողության իրականացման մասին որոշում է կայացվել փետրվարի 20-ին Թուրքիայի վարչապետի պատոնական նստավայրում տեղի ունեցած ժողովի ժամանակ, որին մասնակցել են վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Հուլուսի Աքարը և գեներալիտետը: Նախատեսվող գործողության մասին զեկուցվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Օպերացիան սկսվել է փետրվարի 21-ի երեկոյան 21.00 , ավարտվել է փետրվարի 22-ի առավոտյան 9-ին: : Ամբողջ գործողությունը երեք տարբեր դիրքերից նկարահանվել է անօդաչու ինքնաթիռներից և ուղիղ կապով ցուցադրվել Գլխավոր շտաբի ռազմական գործողությունների կենտրոնում:
Շանլըուրֆայի 20-րդ զրահապատ բրիգադին պատկանող M60 A3 տանկերն և հատուկ ջոկատները սահմանի տարբեր կետերից ներխուժել են Սիրիա: Իսկ օդուժի F16 կործանիչները սահմանի երկայքնով հսկողություն են իրականացրել: Նախապատրաստվել են նաև Super Kobra ուղղաթիռներ` անհրաժեշտության դեպքում մարտերի մեջ ներգրավելու համար: Մինչ գործողության սկսվելը այդ մասին տեղեկացվել են Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիոն ուժերին: Գործողության ընթացքում բախումներ տեղի չեն ունեցել, սակայն դժբախտ պատահարի արդյունքում զոհվել է ավագ սերժանտ Հալիթ Ավջըն: Շահ Սուլեյմանի դամբարանի մոտ հերթապահող և «Բորդո բերետավորներ» (Bordo Bereli) անունով հայտնի 44 հատուկ ջոկատայինները գործողության ավարտին վերադարձել են Թուրքիա:
Նշենք, որ 1921թ. հոկտեմբերի 20-ին Թուրքիայի և Ֆրանսիայի միջև ստորագրված Անկարայի և 1923թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրերով Սիրիայի տարածքում գտնվող Ջաբեր ամրոցը և Շահ Սուլեյմանի դամբարանը ճանաչվել էին Թուրքիայի Հանրապետության սեփականություն: Թուրքիային իրավունք էր տրվել այդ տարածքում բարձրացնել սեփական դրոշը և դամբարանի մոտ պատվո պահակախումբ նշանակել: Ավելի ուշ` 1973թ. Շահ Սուլեյմանi դամբարանը տեղափոխվել էր Եփրատի արևելյան ափին գտնվող Կարաքոզան գյուղ, որտեղ և գտնվում էր մինչև օրս: Շահ Սուլեյմանը համարվում է Օսմանյան կայսրության հիմնադիրը:
Ermenihaber.am