Հայաստանում զբոսաշրջությունը զարգանում է. էկոնոմիկայի փոխնախարար
Այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 603 հազ. զբոսաշրջիկ՝ 2011 թ. համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցելով 9.4%-ով: Այդ աճի տեմպը բավականին հուսադրող է, և հաջորդ տարի ակնկալվում է երկնիշ աճի ցուցանիշ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը: Նա վստահությամբ հավելեց, որ աճի այդ տեմպը կպահպանվի նաև առաջիկայում` հատելով 800 հազարի սահմանագիծը:
Նախարարի տեղակալի խոսքով` աճ կա նաև արտագնա տուրիզմում։ ‘Հայաստանն ինտելեկտուալ տուրիզմի երկիր է, ընդունում է ինտելեկտուալ մարդկանց’,-նկատեց նա` հավելելով, որ Հայստանին անհրաժեշտ են նաև այլ հետաքրքիր միջոցառումներ: Այդպիսիք կարող են լինել գինու, խորովածի փառատոնները:
Պետրոսյանի հայտնեց նաև, որ նախորդ ամիս Երևանում կայացել է ‘Համամարդկային արժեքները և մշակութային բազմազանությունը 21-րդ դարում. զբոսաշրջության ներդրումը’ խորագրով միջազգային համաժողովը: Այս համաժողովում ընդունվել է Երևանյան հռչակագիրը, որը կնպաստի զբոսաշրջության կայուն զարգացման միջոցով համամարդկային արժեքների և մշակութային բազմազանության արժևորմանը, ամրապնդմանն ու զարգացմանը։