03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Մնջոն» դանակի 10 հարվածով սպանել է իր կնոջը տարիներ առաջ սեքսի առաջարկ արած մանկության ընկերոջը.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արամ Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ:

37-ամյա Արամը մեղավոր է ճանաչվել դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

2014 թվականի հունվարի 8-ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Վանաձոր-Ստեփանավան մայրուղու առաջին կիլոմետրի վրա «Պեժո 407» մեքենայի մեջ հայտնաբերվել է Մհեր Գ.-ի դիակը՝ կրծքավանդակի աջ կեսի, ձախ ազդրի շրջանի ծակած-կտրած վերքերով:

Սպանության կասկածանքով հունվարի 9-ին ձերբակալվել է Արամ Ս.-ն: Հենց նա էլ մեղավոր է ճանաչվել Մհեր Գ.-ի սպանության համար:

Մհերն ու Արամը մանկության ընկերներ են եղել:

Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի դեկտեմբերի 31-ին Արամն իր կնոջից իմացել է, որ Մհերը նրան շուրջ հինգ տարի առաջ սեռական հարաբերություններ ունենալու առաջարկ է արել: Արամը հավատացել է կնոջը, որոշել է վրեժխնդիր լինել Մհերից ու սպանել նրան:

2014 թվականի հունվարի 8-ին նա Մհերի մեքենայի մեջ, ընթացքի ժամանակ դանակով մեկ անգամ հարվածել է ղեկին նստած Մհերի կրծքավանդակի աջ կեսին, ապա 9 անգամ հարվածել է նրա ձախ ազդրին ու սպանել է:

Մեքենան դուրս է եկել ճանապարհից ու կողաշրջվել է: Արամը դիմել է փախուստի:

Ընդհանուր իրավասության դատարանում Արամ Ս.-ն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է ցուցմունքներ տալուց: Պնդել է նախաքննության ժամանակ տված լրացուցիչ ցուցմունքը:

Ըստ այդ ցուցմունքի՝ դեպքի օրը ինքն ու Մհերը մեքենայում եղել են երկուսով: Ինքը Մհերին ասել է, թե նրա արածը սրբապղծություն է, քանի որ իրենք ընկերներ են, իսկ նա առաջարկություն է արել իր կնոջը: Մհերը զարմացել է, նայել է ապշած, հետո զենքը պահել է իր վրա: Քանի որ նա իր վրա զենք է պահել, ինքն էլ գրպանից հանել է դանակը ու հարվածել է նրան: Հետո մեքենայից դուրս է եկել շշմած ու թուլացած, դանակը ձեռքին էլ հեռացել է: Մի քիչ գնալուց հետո դանակը շպրտել է:

Արամ Ս.-ն ասել է, թե իր նախաքննական մյուս ցուցմունքները ճիշտ չեն, մասնավորապես այն, որ դանակն ու ձեռնոցները առել է Մհերին սպանելու համար: Ինքը չոբան մարդ է, իր մոտ միշտ դանակ է եղել, իսկ ձեռնոցներն իր ամենօրյա ձեռնոցներն էին:

Երբ կինն իրեն ասել է Մհերի արարքի մասին, ինքը Մհերին առաջարկել է հանդիպել ու խոսել, բայց չի ասել՝ ինչ թեմայով: Մհերը խուսափել է: Ինքը ցանկացել է հանդիպել ու թքել նրա երեսին կամ ծեծել, բայց սպանելու մտադրություն չի ունեցել:
Նախաքննական մյուս ցուցմունքներում Արամը հայտնել է, թե մոտ հինգ տարի առաջ ինքը տուն է մտել, տեսել է, որ Մհերն իրենց տանն է, իսկ կինը շփոթված ու վախեցած է:

Իր հարցին կինը պատասխանել է, թե ոչինչ չի եղել, Մհերը ոչինչ չի խոսել: Հետո ինքը պարբերաբար կնոջը հարցրել է՝ այն օրն ինչ էր եղել, բայց կինը չի պատասխանել:

2013 թվականի դեկտեմբերի 31-ին ինքը կնոջն ասել է, թե գիտի՝ հինգ տարի առաջ ինչ էր պատահել: Կինը հավատացել է, ինքը ստիպել է, որ նա ճշմարտությունը պատմի:

Կինն ասել է, թե Մհերն իրեն առաջարկել էր սեռական հարաբերություն ունենալ, բայց ինքը մերժել է:

Լսելով կնոջ ասածը՝ ինքը զայրացել է, ապտակել է կնոջը, իսկ մանկության ընկերոջ սրբապիղծ ու դավաճան քայլի համար որոշել է պատժել նրան՝ սպանել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ