Չեն ներելու միմյանց /վիդեո/
«Ես սա չեմ համարում զինադադար, սա զինադադար չէ, սա այն չէ, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը նստում են և ասում՝ մենք կանգ ենք առնում, նկատելի է, որ Գագիկ Ծառուկյանը ետքայլ է կատարել»,-այսօր ասուլիսին ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Ըստ նրա՝ Ծառուկյանի վերջին հայտարարությունը նշանակում էր, որ նա ընդունում է նախագահի թելադրած պայմանները: «Գագիկ Ծառուկյանին անընդհատ հիշեցնելու են, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը չարիքի իշխանություն է ու պետք է դրանից ազատվել»,-շեշտեց բանախոսը:
«Ասել, թե քաղաքական կրքերը մարելու են, ճիշտ չի լինի, բայց այն, որ ԲՀԿ-ը չի լինի պրոցեսների ավանգարդ, իրենց թույլատրված չի լինի հասնել այդ սահմանին, դա հստակ է»,-նկատեց նա ու հավելեց, որ իրականում այս համակարտության առանցքը ոչ թե հենց սահմանադրական բարեփոխումներն էին, այլ կոնֆլիկտն իշխանության փոխանցման վերաբերյալ էր:
Հարցին, թե ինչ կլինի եռյակի ճակատագիրը, Սաֆարյանը պատասխանեց. «Այդ ֆորմատը իրեն ներկայացնում է ավելին, քան ամանում բան կա, ամանի մեջ բան չկա, այսինքն՝ անունը կա, ամանումը չկա: Գագիկ Ծառուկյանն էր ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մերանը, և եթե նա մի կողմ է քաշվում, ապա լիդերների մակարդակով լուրջ խնդիր կա»: Սաֆարյանի խոսքով՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա օրակարգ չկա, ու լայն համախմբան առումով ոչինչ պետք չէ սպասել:
Նա նաև նկատեց, որ Գագիկ Ծառուկյանը պետք է իր խորհրդատուների մեջ փնտրի, թե ով էր նրան ուզում սարքել Խոդարկովսկի: «Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը ներքուստ միմյանց չեն ների ու չեն մոտռանա հրապարակային արված հայտարարությունները»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: