23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Յոթ մեղքեր «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ» առակաց 6:9

«Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ» առակաց 6:9

Երբեմն մեր կյանքի իրադարձությունները, խնդիրներն ու դրանց լուծումները վերագրում ենք մեր կատարած քայլերին։ Սակայն ոչ միշտ է այդպես, քանի որ մեր շատ ու շատ արարքների հիմքում ոչ թե մեր կատարածն է, այլ չկատարածը:

Երբեմն էլ պատահում է այնպես, որ երբ հասնում է գործելու որոշիչ պահը, սկսում ենք պատճառներ փնտրել՝ ոչինչ չանելու համար։ Սրա հիմքում էլ կրկին մեր ծուլությունն է՝ յոթ մահացու մեղքերից մեկը, որը գործում ենք՝ լիարժեք պատկերացումներ չունենալով հետևանքների մասին։

Ծուլությունը արժանի է պարսավանքի, քանի որ այն մարդուն զրկում է որոշում կայացնելու հնարավորությունից։ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, ե՞րբ պիտի զարթնես քնից, մի քիչ քնով ընկնես, մի քիչ՝ նստես, մի քիչ՝ ննջես, մի քիչ էլ ձեռքերդ հանգչեցնես կրծքիդ, և ահա աղքատությունը, ինչպես չար ուղևոր, կհասնի քեզ, և կարիքը, իբրև ժիր սուրհանդակ, կկանգնի դռանդ» (Առակաց 6։9-11),- ասված է Սուրբ Գրքում։

Ծուլության հիմքում ընկած է վախը, որը մարդուն հեռացնում է Աստծուց, սեփական առաքելությամբ ընթանալուց և Տիրոջ շնորհած հնարավորություններից: Այս մեղքը, արտաքինից անչափ գրավիչ և «անմեղ» թվալով, պատ է շարում մարդու և նրա աստվածատուր առաքելության միջև, մարդու և Աստծո միջև, քանի որ մարդը բարիք գործելով է, որ կարողանում է նմանվել Արարչին։

Բարիք չգործելով՝ ճանապարհ ենք բացում չարի առաջ՝ ստեղծելով նրա գոյության համար լավագույն պայմանները: Երբեմն ցուցաբերում ենք նաև հոգևոր ծուլություն։ Զլանում ենք աղոթել, սակայն չենք զլանում դժգոհել Աստծուց, ինչո՞ւ ոչ, երբեմն անգամ Նրա՛ն մեղադրել մեր ծուլանալու մեջ:

Աստվածաշնչյան խոսքը, թե. «Ծույլը միշտ կարիքի մեջ պիտի լինի» (Առակաց 13։4), սթափեցնում է։ Եվ մենք փնտրում ենք լուծումներ՝ գտնելով ելքը մի կարևոր առաքինության՝ ջանասիրության մեջ։ Ընդ որում անչափ կարևոր է, որ ջանք թափենք ոչ միայն սեփական «ես»-ը գոհացնելու նպատակով, այլ նաև այլոց օգնության ձեռք մեկնելու համար։ Մարդու արժանապատվությունը բացահայտվում է ջանասիրությամբ, ազնիվ պայքարով: Քրիստոնեության մեջ ջանասիրությունը կարևոր է նաև սեփական «ես»-ի դեմ հոգևոր պայքարում, երբ նպատակդ գայթակղություններից, չարից ազատվելն է և ինքնամաքրման հասնելը:

Ով ճանաչում է Աստծուն, չի ծուլանում և երբեք չի փախչում աշխատանքից: «Ոչինչ չանելու հազար պատճառ կա, սակայն մեկ պատճառ կարող է լինել հազար բան անելու համար։ Սերն է այդ պատճառն ու մղիչ ուժը»,- ասել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Աստված Սեր է, որ հիմքն է մեր կյանքի, մեր գործերի և ջանքերի։ Ուրիշ ի՞նչ պատճառ է պետք մարդուն ստեղծելու, աշխատելու և արարելու համար։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ