07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Դանակի 19 հարվածով 23-ամյա Ռոբերտը սպանել է մոր տարիքի սիրուհու ընկերուհուն.Ժամանակ

 

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվեց Ռոբերտ Հ.-ի գործի դատական քննությունը:

23-ամյա Ռոբերտը մեղադրվում է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 15-ից մինչև 17-ը Ռոբերտ Հ.-ն Դավիթ Մալյան նրբանցքի շենքերից մեկում վիճաբանել է այդ շենքի բնակչուհի Ա. -ի հետ:

Վիճաբանության ընթացքում նա սուր կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել տանտիրուհու դեմքին, կրծքին ու մարմնի այլ մասերին: Վնասվածքների պատճառով առաջացել է արյան սուր կորուստ, ինչի արդյունքում Ա. -ն մահացել է:

Դրանից հետո Ռոբերտը, ըստ մեղադրանքի, տիրացել է բնակարանում եղած 80 հազար դրամ կանխիկ գումարին ու 5 կտոր ոսկե զարդերին և դիմել է փախուստի:

Տուժող Ա. -ն եղել է Ռոբերտի սիրուհու՝ Մարինեի (անունը փոխված է) ընկերուհին: Մարինեն Ռոբերտից տարիքով բավական մեծ է եղել, ինչպես որոշ վկաներ ասացին՝ եղել է նրա մոր տարիքին:

Ըստ մեղադրանքի՝ տուժողի մարմնին հասցվել է դանակի 19 հարված… Հանցագործությունից հետո Ռոբերտը դիմել է փախուստի, մոտ չորս ամիս բացակայել է հանրապետությունից: Հետո վերադարձել է…

Ամբաստանյալ Ռոբերտ Հ.-ի շահերի պաշտպան Սարգիս Ասլանյանն ասաց, թե պաշտպանական կողմը կտրականապես համաձայն չէ առաջադրված մեղադրանքին:

Պաշտպանը նշեց, թե գործով երկու անգամ դատահոգեբանական փորձաքննություն է անցկացվել: Առաջին փորձաքննության եզրակացությամբ՝ հանցագործությունը կատարելու պահին Ռոբերտ Հ.-ն եղել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Քննիչին չի բավարարել այս եզրակացությունը՝ նշեց պաշտպանը, նա նշանակել է կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն:

Պաշտպանը նշեց, թե փորձագետը, բացի գործի նյութերից, քննիչից պահանջել ու ստացել է նաև ՛՛քրեագիտական պարզաբանում՛՛, ապա եզրակացություն է տվել քննիչի ՛՛պարզաբանումների՛՛ լույսի ներքո՝ թե Ռոբերտ Հ.-ն հանցանքը կատարելու պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել:

Փաստաբանն ասաց, թե նախապես գործը հարուցվել էր պարզապես դիտավորյալ սպանության մեղադրանքով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, սակայն հետո, երբ ՛՛համակարգը սկսել է ճնշումները՛՛, մեղադրանքը խստացվել, դարձվել է շահադիտական դրդումներով դիտավորյալ սպանություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով:

Ըստ Ս. Ասլանյանի՝ իր պաշտպանյալի կատարածը սպանություն է՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում:
Դատարանը շարունակում է գործով վկաների հարցաքննությունը:

Վկա Մարինեն՝ 23-ամյա Ռոբերտի 40-ամյա սիրուհին ու սպանված Ա. Ս.-ի ընկերուհին, դատարան էր եկել՝ ՛՛վագրային՛՛ նախշերով հագուստ-կոշիկներով: Մարինեի ավագ որդին 15 տարեկան է, մի քանի տարուց Ռոբերտի նման տղա կդառնա, իսկ կրտսեր որդին 12 տարեկան է:

Վկայի իր ցուցմունքը Մարինեն սկսեց միանգամից սպանված կնոջ հասցեին անբարենպաստ խոսքեր ասելուց. Ա.-ն, իմանալով Մարինեի ու Ռոբերտի հարաբերությունների մասին, ՛՛սիրահետել է՛՛ Ռոբերտին, ՛՛կռիվ է գցել՛՛ Մարինեի ու Ռոբերտի միջև, շփվել է շատ տղաների հետ…

՛՛Ա.-ն միշտ մեր հետ էր լինում… Շատ ժամանակ չէինք էլ հրավիրում՝ բայց ինքը գալիս էր… Մենք ուզում էինք առանձին մնայինք, նա ուզում էր մեր հետ լիներ… Պահի տակ խղճում էի նրան, ասում էի՝ մենակ, հիվանդ աղջիկ ա՝ զոբ ունի, երեխա չունի… Ես խղճից թույլ մարդ եմ, մտածում էի՝ Ա.-ն կամաց-կամաց կհասկանար, բայց Ռոբերտը նրա ներկայությունից հունից դուրս էր գալիս, նա տղամարդ ա՝ հասկանում էր Ա.-ի վերաբերմունքը, հայացքները իր նկատմամբ… Ես Ռոբերտի վրա վստահ էի հարյուր տոկոսով, երբեք ոչ մի կնոջ չի նայել… Առաջին մարդկային արժանիքը, որ գնահատել եմ Ռոբերտի մեջ՝ բարի մարդ է, հավատարիմ է, ես նման բան նրանից երբեք չեմ սպասել… Երբ Ռոբերտն ինձ ասում էր. ՛՛Ա.-ն սիրահետում է ինձ՛՛, ես չէի հավատում, չէի պատկերացնում… Շատ անգամ խնդրում էի Ա.-ին, որ մեր հետ չգա, բայց նա ասում էր. ՛՛Գժուկնե՛րս, խնդրո՜ւմ եմ, խնդրո՜ւմ եմ՛՛, ու գալիս էր… Շորը հագնում էր, փոխանակ ինձ հարցներ, ասում էր՝ Ռոբ, լավն ա՞: Բարեմասնություններն էր ցույց տալիս Ռոբերտին: Մեզ իրենց տուն էր հրավիրում… Ես ուշադրություն չէի դարձնում… Ես չարին հաղթում եմ բարով… Կարևորություն չէի տալիս Ա.-ի վերաբերմունքին Ռոբերտի նկատմամբ… Ասում էի՝ աղջիկ ա, նեղված ա, ամեն մարդ պիտի նեղվածին օգնություն ցույց տա… Ա.-ն ասում էր՝ 42 տարեկան կին եմ՝ ախպերս հսկում ա, հերս հսկում ա… Նա ժամը 11-ից ուշ տուն չէր գնում: Եթե շատ ուշ էր լինում, մնում էր մեր տանը: Եղել ա՝ ես ու Ռոբերտը գնացել ենք բար, Ա.-ն իմանում էր, առանց հրավիրելու գալիս էր, ասում էր.՛՛Գժուկնե՛ր, ձեզ կարոտում եմ…՛՛: Ռոբերտն ասում էր՝ դրան ասա՝ թող ինձ չպաչի: Իրան էլ էր ասում, Ա.-ն պատասխանում էր՝ «Ինչի՞ չես ուզում, ես վա՞տ աղջիկ եմ»: Ես սկզբում չէի հասկանում, բայց հետո անալիզ արի ու հասկացա…

Ես Ռոբերտին ճանաչում եմ 2011 թվականից: Սկզբում նա ինձ գրավեց որպես լավ մարդ: Հետո զգացմունք առաջացավ: Ռոբերտին ես եմ ծանոթացրել Ա.-ի հետ…

Ռոբերտի ընտանիքում դեմ էին մեր կապին: Մի անգամ եղբայրն ինձ զգուշացրել ա, որ Ռոբերտից հեռու մնամ, դե պարզ ա, ես մեծ եմ, երկու երեխա ունեմ, ո՞ր մի եղբայրը կուզենար… Ես հասկանում եմ, բայց սիրտը ուրիշ բան ա, բանականությունը՝ ուրիշ բան…

Ես վերջում որոշել էի հեռանամ, բայց մարդը չի կարող զգացմունքները ծալի-մի կողմ դնի… Ես շատ բարի սիրտ ունեմ…

Հոկտեմբերի 21-ին Ռոբերտը ինձ տարել ա ՛՛Մոնա՛ ռեստորան… Որ գնում ես ռեստորան՝ բնականաբար պիտի ուտես, խմես… Մեզ էդ ռեստորանում լավագույն հաճախորդ էին համարում… Ես լկտի չեմ կարա պահեմ ինձ, նման բան չի եղել: Ռոբերտն էլ իրան լկտի չի պահել… Ես մասսայական չեմ պարել, կերել-խմել-պարել եմ փակ կուպեում… Ես երկու ամիս է, որ չեմ աշխատում, մինչև էդ՝ մենեջեր եմ եղել ռեստորաններից մեկում… Ռոբերտը աշխատանք էր ման գալիս… Ռեստորան կամ բար գնալու փող ունենում էինք… Մեր մեջ ՛՛իմ ու քո՛՛չկար գումարային հարցերում… Հայաստանում իննսուն տոկոսը չի աշխատում, բայց ամեն տեղ էլ գնում են՝ բարեկամները, ծանոթներն են օգնում… Ես պարտքեր չունեմ, Ռոբերտն էլ չունի, որ ունենար՝ ինձ կասեր…

Ռոբերտի հետ գնացել եմ խաղատներ՝ մի անգամ՝ ՛՛Շանգրիլա՛՛, մի անգամ՝ ՛՛Սենատոր՛՛:

Ռոբերտն է խաղացել ավտոմատների վրա: Մի անգամ կրել ա, մի անգամ՝ կրվել: Փոքր գումարների մասին է խոսքը:

Երբ ՛՛Մոնա՛՛ռեստորանում էինք, Ռոբերտի մոտ գումար կար, բայց քիչ էր: Ռոբերտի տրամադրությունը նորմալ էր…

Երկու օր հետո նորից ենք գնացել ՛՛Մոնա՛՛ ռեստորան: Ես ներողություն եմ խնդրել, որովհետև հագուստս ինչ-որ բանի էր դիպել, ինչ-որ բան էր ջարդվել, չեմ հիշում՝ ինչ…

Հոկտեմբերի 24-ի առավոտը Ռոբերտը զանգեց, ասի՝ պետք չի, որ շփվենք: Ես չէի դադարել սիրելուց, ուղղակի ճիշտն էն էր, որ չշփվեինք… Ես երկու տղա ունեմ, չեմ ուզում, որ մոր պատճառով իրանք ամաչեն… Երևանը շատ փոքր քաղաք ա…

Հոկտեմբերի 24-ին գնացել եմ ընկերուհուս՝Ռիտայի տուն, մինչև ժամը 18-ի սահմանները էնտեղ եմ եղել: Ընկերուհուս ասի, որ Ռոբերտի հետ որոշել եմ չշփվել: Նա ասաց. ՛՛Ըհը, խելքդ գլուխդ էկավ՛՛…

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում;

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ