Անգլիայի թագուհին ապրիլի 24-ին կմեկնի Թուրքիա

Թուրքական լրատվամիջոցները նոր մանրամասներ են հրապարակում ապրիլի 24-ին Թուրքիայում կայանալիք Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) մարտերի 100 ամյակին նվիրված միջոցառումների մասին, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` dunya.com-ին հղումով:
Ապրիլի 24-ին կայանալիք պաշտոնական արարողություններին մասնակցելու է Անգլիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը: Նրա անվտանգությունն ապահովելու են 7 կործանիչ ռազմանավեր:
Աղբյուրը նշում է նաև, որ Ավստրալիայից և Նոր Զելանդիայից շուրջ 14.000 զբոսաշրջիկ է մեկնելու Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի մարտերում զոհված ավստրալացի զինվորների հիշատակի ոգեկոչման արարողություններին:
Չանաքքալեի նահանգապետարանը ապրիլի 24-25-ի պաշտոնական արարողությունների հանդիսատեսի թիվը սահմանել է առավելագույնը 13.000: Նրանք, ովքեր չեն ունենա համապատասխան թույլտվության քարտ, չեն կարողանա մուտք գործել միջոցառումների անցկացման վայր:Այդ իսկ պատճառով Թուրքիայի քաղաքացիները հիմնականում զրկված կլինեն միջոցառումներին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից: