Հայերի եւ ասորիների հանդեպ մեր պապերի արածներից ամաչում ենք. Ահմեթ Թյուրք
Թուրքիայի Մարդինի համաքաղաքապետ ազգությամբ քուրդ Ահմեթ Թյուրքը հունիսին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Գերմանիայում մի շարք հանդիպումներ է ունեցել: Համբուրգում Ալևիների մշակութային կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ահմեթ Թյուրքը խոսել է նաև հայերի և ասորիների ցեղասպանության մասին, տեղեկացնում Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը` թուրքական «Դեմոկրատ հաբեր»-ին հղումով:
«Հայերի և ասորիների հանդեպ մեր պապերի արածների համար ամաչում ենք»,-ասել է Թյուրքը՝ նշելով, որ հայերի և ասորիների գնալուց հետո իրենք առերեսվեցին աղքատության ու անճարության հետ: Ըստ Թյուրքի՝ հայերն ու ասորիներն էին այդ երկրի հարստությունը:
Քուրդ քաղաքական գործիչը հայտնել է, որ 1911 թվականին «Միություն և առաջադիմություն» (İttihat ve Terakki, երիտթուրքեր) կուսակցության ընդունած որոշումները կիրառվել են նաև հանրապետության շրջանում և նույն մտածելակերպն ու ընկալումը շարունակվում է ցայսօր: Նա նաև ափսոսանք է հայտնել, որ 1914-1915 թվականներին քուրդ ժողովուրդը օգտագործվել է պետության այդ որոշումների իրականացմանը համար:
Ermenihaber.am