04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ամուսնացած կնոջն արված զանգը կարող էր ավարտվել սպանությամբ. Ժամանակ

 “Ժամանակը” գրում է. “Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Էդգար Կարապետյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 24-ամյա Էդգար Կարապետյանը 2014 թվականի հունիսի 16-ին Շիրակի 18 հասցեի դիմաց վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է Դավիթ Կ.-ի կրծքավանդակի ձախ կեսին ու ձախ թոքի վնասումով, հեմոպնևմոթորաքսով, պնևմոպուլմոնալ, հեմոռագիկ տրավմատիկ շոկերով ուղեկցված կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքի ձևով տուժողի առողջությանը պատճառել է ծանր վնաս:

Էդգար Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ամբաստանյալը դիրքորոշում չհայտնեց առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, բայց, այնուամենայնիվ, նշեց, թե ինքը պաշտպանվել է:

Տուժող Դավիթը ամբաստանյալ Էդգարին դեմքով չէր ճանաչում, նախկինում նրա հետ առնչություն չէր ունեցել: Դեպքն էլ նա շատ մշուշոտ էր հիշում, որովհետև դեպքի օրը տնից դուրս է եկել՝ մեքենան գազով լիցքավորելու, ճանապարհին տեսել է իր երկու ընկերներին՝ Գևորգ Ք.-ին ու Հրայր Ա.-ին:

Գևորգն ասել է, թե թյուրիմացություն է եղել, գնում են այդ թյուրիմացությունը պարզելու: Եվ Դավիթը իր մեքենայով նրանց տարել է Երրորդ մասի կողմերը, կոնկրետ որ փողոցը՝ չի իմացել, այդ տեղանքն իրեն անծանոթ է եղել: Հանդիպման վայրում մեքենայից իջել է միայն Գևորգը, մոտեցել է սպիտակ մարզահագուստով հանդիպման ներկայացած տղային: Դավիթը մեքենայի միջից տեսել է, որ Գևորգի ու անծանոթի խոսակցության «տոնայնությունը» բարձրանում է, նրանց շարժումներից հասկացել է, որ սկսել են վիճաբանել, անմիջապես իջել է մեքենայից ու շտապել է մոտենալ, որ վեճ թույլ չտա: Բայց մոտենալուն պես դանակի հարված է ստացել, մնացածը չի հիշում, մինչև անգամ հարվածի պահը գլխի չի ընկել: Ուշքի է եկել հիվանդանոցում:

Դատարան էին ներկայացել երկու վկաներ՝ տուժողի ընկեր Հրայր Ա.-ն, ով նաև դեպքի վայրում էր եղել, ու նրա կինը՝ Ալիսան (անունը փոխված է): Ամուսինները հայտնեցին, որ դեպքի օրը Ալիսայի բջջային հեռախոսին անծանոթ համարից զանգ է եկել: Տղամարդու ձայնը հարցրել է. «Ո՞ւմ հետ եմ խոսում»: Կինն ասել է իր անունը և հարցրել, թե ո՞ւմ հետ է ուզում խոսել զանգահարողը:

Տղամարդը, ով հետագայում պարզվել է, որ ամբաստանյալ Էդգար Կարապետյանն է եղել, պատասխանել է. «Որ քեզ եմ զանգել՝ ուրեմն՝ քեզ հետ: Ուզում եմ ծանոթանամ քեզ հետ»:

Կինն ասել է. «Դու ամուսնացած կնոջ ես զանգել, դա հնարավոր չէ»:
Տղամարդը պատասխանել է. «Ավելի լավ, որ ամուսնացած ես»:

Կինն ասել է. «Հիմա հեռախոսը փոխանցեմ՝ ամուսնուս հետ ծանոթացի»՝ մտածելով, որ զանգողը հեռախոսը կանջատի: Կնոջ ամուսինը՝ Հրայրը, այդ պահին տանը չի եղել: Տանն է եղել Հրայրի հորեղբորորդի Գևորգը, ով զգացել է, որ Հրայրի կնոջը հեռախոսով անհանգստացնում են: Զանգահարողը, ի պատասխան կնոջ վերջին արտահայտության, ոչ թե անջատել է հեռախոսը, այլ ասել է. «Եթե կուզես՝ ամուսնուդ հետ էլ կծանոթանամ, պապայիդ հետ էլ»:

Այս վերջին բառերը արդեն լսել է հեռախոսը Ալիսայի ձեռքից վերցրած Գևորգը և բացատրություն է պահանջել: Զանգողն ասել է, թե պատրաստ է հանդիպել ու բացատրություն տալ: Գևորգն անմիջապես տնից դուրս է եկել: Ալիսան սկսել է լաց լինել: Այդ պահին աշխատանքից տուն էր վերադառնում Հրայրը: Նա տեսել է տանից շտապ գնացող Գևորգին, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Գևորգն ասել է՝ ոչինչ, էսա կգամ: Հրայրը տուն է մտել, տեսել է արտասվող կնոջը: Վերջինս արագ պատմել է, թե ինչ է պատահել և՝ որ Գևորգը երևի գնում էր զանգողին տեսնելու: Հրայրը տնից դուրս է եկել, հասել է Գևորգին”,- գրում է թերթը:

Շարունակությունը` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ