Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը` հայկական հարցի մասին
Թուրքիայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ջոն Բասսը մասնակցել է առաջին հեռուստառեպորտաժին, որտեղ պատասխանել է տարբեր հարցերի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության 100 ամյակի վերբերյալ, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Թուրքական NTV-ի հաղորդավարը, հիշեցնելով նախորդ տարիներին Օբամայի՝ ելույթներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ գործածած «Մեծ եղեռն» եզրույթը, դեսպանից հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ դիրքորոշման մեջ այս տարի փոփոխություններ են ակնկալվում:
Դեսպանն, նշել է, որ չի կարող մեկնաբանություններ տալ նախագահ Օբամայի կամ սենատի անդամների այս տարի սպասվող ելույթների վերաբերյալ, սակայն կարող է ասել, որ այդ հարցում իրենց քաղաքականությունը չի փոխվել: Շարունակելով միտքը՝ դեսպանն ասել է հետևյալը. «Մենք հավատում ենք, որ 1915 թվականին տեղի ունեցած դաժան կոտորածներն ու ողբերգությունը ներառող ճշմարտությունների ամբողջական և ճիշտ ընդունումը և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի քաղաքացիների, ինչպես նաև այն ժամանակներում ցավ ապրածների սերունդների համար օգտակար կլինի»:
Թուրք հաղորդավարը փորձել է ԱՄՆ-ի դեսպանից մեկնաբանություններ լսել ապրիլի 24-ին Թուրքիայում ու Հայաստանում կատարվելիք միջոցառումների ու դրանց ԱՄՆ-ի մասնակցության մասին:
Դեսպան Բասսը չի կոնկրետացրել, թե ԱՄՆ-ը ինչ մակարդակով է մասնակցելու Գալիպոլի ճակատամարտի 100 ամյակի միջոցառումներին, ասելով, որ իր երկրի բարձրաստիճան ղեկավարության համար կարևորություն ներկայացնող, սակայն ժամանակային առումով իրար հետ համընկնող շատ անելիքներ կան, այդ պատճառով էլ դեռ վաղ է այս թեմայով խոսելու համար:
Անդրադառնալով Հայաստանում տեղի ունենալիք հիշատակության միջոցառումներին՝ դեսպանը մասնավորապես ասել է. «Գիտեք, որ 1915-ին չափազանց շատ դառնություններ են եղել, որոնք շատ հանրույթներում ծայրաստիճան խոր զգացմունքային արտացոլում ունեն: Մեր կարծիքով հիշատակության միջոցառումները պետք է իրականացվի այնպես, որ տառապանք ապրած յուրաքանչյուր հանրույթի համար նշյալ իրադարձությունները իրենց մեթոդներով ընդունելու և զոհվածներին հարգանքի տուրքը մատուցելու հնարավորություն ընձեռնվի»:
Ermenihaber.am