Ապրիլի 24-ին Թուրքիա մի եկեք, գնացեք Երեւան. թուրքական հ/կ-ների կոչը աշխարհի առաջնորդներին
Թուրքիայում մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են օտարերկրյա ղեկավարներին՝ կոչ անելով չմասնակցել Դարդանելի ճակատամարտի 100 ամյակի տոնակատարությանը, որն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման օրը՝ ապրիլի 24-ին, տեղեկացնում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:
Թուրքայի «Մարդու իրավունքների միության» այլատյացության և խտրականության դեմ հանձնաժողովը, Իզմիրի ասորական եղբայրության, մշակութային և համերաշխության պլատֆորմը, «Նոր Զարթոնք» կազմակերպությունը, www.suryaniler.com մշակութային պլատֆորմը, “Zan” սոցիալ-քաղաքական տնտեսական հետազոտությունների հիմնադրամը համատեղ հայտարարություն են տարածել: Այս մասին տեղեկացնում է “Ագոս” շաբաթաթերթը:
Հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ղեկավարները, լայնամասշտաբ ջարդերի սկիզբ համարվող տարեթիվը հաղթանակի տոնակատարությունների վերածելով, անարգում են ցեղասպանության զոհերի հիշատակը և ստորացնում նրանց սերունդներին, հրաժարվում զոհերին պատշաճ հարգանք ցուցաբերել: Կազմակերպությունները կոչ են անել աշխարհի առաջնորդներին, որ հայտարարեն, թե իրենք չեն անարգի ցեղասպանության զոհերի հիշատակը:
“Մենք գիտենք, որ մի շարք պետություններ բացեիբաց չեն խոսում 1915-ի ցեղասպանության մասին: Բայց կրկին նրանցից մի քիչ խիղճ ենք պահանջում և ասում ՝ գնացե՛ք Երևան, որտեղ իսկապես ցավ կա”,-մամուլի հայտարարությունից հետո ասել է “Մարդու իրավունքների միության” փոխնախագահ Էրեն Քեսքինը:
Ermenihaber.am