Բաքուն նպատակին հասավ, Լաչինում սարք տեղադրելով՝ հսկողություն է ստանում ՀՀ բեռնափոխադրումների հանդեպ
Պետք է հասկանալ, եթե Լաչինի միջանցքում հսկող սարք տեղակայվի, ովքե՞ր են վերահսկողություն ունենալու այդ սարքերի նկատմամբ, Ռուսաստա՞նը, թե Ադրբեջանը: Ադրբեջանն իր նպատակին հասավ, ակնհայտ է, որ նրանք ուզում են վերահսկողություն ստանալ Հայաստան-Արցախ և հակառակ իրականացվող բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների նկատմամբ, որը խնդրահարույց է և լրացնում է Ադրբեջանի այն ագրեսիվ վարքագիծը, որը միշտ դրսևորվում է: Այս մասին 24 News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Պատգամավորի կարծիքով, թեև ասվում է, որ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը ադրբեջանցիները 3 ժամով են փակել և հետո բացել, բայց այն հետևանք է ունեցել և հիմա քննարկվում է Ադրբեջանի բնապահպանության նախարարության կողմից Արցախի ընդերքի նկատմամբ վերահսկողություն:
Ադրբեջանական սադրանքները կարող են ծանր հետևանք ունենալ և հայաթափում լինի, նրանց ագրեսիվ գործողությունները մարդկանց վրա ազդում են, վտանգ կա նաև ինչ-որ փուլում Արցախի ամբողջական մեկուսացման:
Եթե իշխանությունը կարծում է՝ Արցախի հարցը բախտի քմահաճույքին կամ ՌԴ տիրույթում թողնելով գլուխները կազատի և Հայաստանի անվտանգությունը կլուծի, այդպես չէ, Հայաստանը և Արցախը մեկ անվտանգային ընդհանուր համակարգ ունեն և Արցախի դեմ հարձակումն ուղիղ ազդեցություն ունի Հայաստանի վրա, 44-օրյա պատերազմը դրա ապացույցն է»,- ավելացրեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հերմինե Միքայելյան
24news.am