Գնդակը գտնվում է իշխանության դաշտում. Ծառուկյանի ուղերձը /վիդեո/
՛՛Կատարված է հսկայական աշխատանք և այդ աշխատանքների շնորհիվ մենք հստակ տիրապետում ենք հասարակության մեջ տիրող պահանջներին ու տրամադրություններին,- ԲՀԿ խորհրդաժողովին հայտարարեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հասարակության հետ իրենց աշխատանքին:
-Ժողովրդի համբերության բաժակն իրոք լցվել է,-նշեց Ծառուկյանը: “Ժողովուրդը կանգնած է պոռթկման շեմին և մեկ անզգույշ քայլ կարող է ժողովրդին փողոց հանել ու կառաջանա անկառավարելի հզոր ալիք:
Առաջիկայում խոշոր հանրահավաքներ են լինելու՝ մարզերում և համապետական հզոր հանրահավաք՝ Երևանում՛՛:
ԲՀԿ նախագահի խոսքով` իշխանությունների նկատմամբ վստահության ճգնաժամ կա, “նրանք խուսափում են կատարել ոչ իշխանական ուժերի տասներկու պահանջները, սակայն երկրում խնդիրները նույնիսկ տասներկուսը չեն, շատ են, պարզապես դրանք կարևորագույններն են, որոնք ներկայացվել են”:
Գագիկ Ծառուկյանը ուղերձ հղեց իշխանություններին՝ ՛՛մտածեք այս ուղղությամբ և արեք ճիշտ հետևություններ”, քանի որ տնտեսական ճգնաժամը կարող է վերաճել իշխանության ճգնաժամի: Գործարար պատգամավորը Հայաստանում թշնամիներ չունի, կարծում է`վատ կամ լավ քաղաքական ուժեր չկան, իր պակերացմամբ՝ ընդդիմությունն էլ պետք է ակտիվ մասնակցություն ունենա երկրի զարգացման գործընթացում, դրա համար պետք է քաղաքական կամք, իսկ այսօր Հայաստանում բոլոր քաղաքական ուժերն իրենց խաղից դուրս են զգում:
՛՛Հայաստանին պետք է նոր որակի իշխանություն, որը կազմված կլինի նոր մարդկանցից՝ կրթված, նոր արժահեմակարգով մարդկանցից: Ես չեմ ուզում, որ մեխանիկորեն մի կուսակցություն փոխարինի մյուսին, մի անձ՝ մյուսին՛՛: Նրա խոսքով՝ վատ բան չկա նրանում, որ մարզպետները, վարչապետը, քաղաքապետերը լինեն այլ կուսակցության անդամներից: ԲՀԿ ղեկավարը հրավիրեց աշխարհի տարբեր ծայրերից տարբեր մասնագետների միասին աշխատել:
՛՛Ես գործի մարդ եմ: Եկեք կազմենք նոր թիմ, ժողովրդին ներկայանանք նոր ծրագրերով ու նոր թիմով՛՛,-ասաց` միաժամանակ հայտարարելով. ՛՛Պետք է պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը՝ մերժելով առանց կոնսոլիդացիայի սահմանադրական բարեփոխումները:
Եթե իշխանությունները գնում են առաջարկվող տարբերակները մերժելու ճանապարհով, ապա նմանատիպ իրավիճակում ժողովուրդն ունենում է մեկ քայլ՝ պարտադրել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Մարդիկ պետք է հիշեն, որ ոչ մի պաշտոն հավերժ չէ, ոճ մի պաշտոն ցմահ չէ, և եթե երկրի զարգացումը պահանջում է իշխանությունների փոփոխություն, ուրեմն այդպես էլ պիտի լինի: Ֆուտբոլային լեզվով ասած՝ գնդակը գտնվում է իշխանության դաշտում, բայց քայլերի ժամկետն անսահաման չէ՛՛: