Նկրտումներ՝ ուղղված Հայաստանին եւ ոչ միայն
Նոյեմբերի 11 Սամարղանդում կայացած Թյուրքալեզու պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Հայկական ալիքը» ներկայացնում է թշնամական պետության ղեկավարի ելույթի առանցքային կետերը՝ համապատասխան մեկնաբանությամբ.
«Թյուրքական աշխարհի սահմանները շատ լայն են և դուրս են գալիս ներկայիս թյուրքական անկախ պետությունների աշխարհագրական սահմաններից: Ուստի կարծում եմ, որ եկել է ժամանակը, որ Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունը իր օրակարգում իբրև առաջնահերթություն մտցնի և մշտական ուշադրության տակ պահի մեր էթնիկ թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության հարցը, որպեսզի վերջիններս տարբեր երկրներում չենթարկվեն ասիմիլյացիայի, ապահովվեն նրանց անվտանգությունը, ազգային ինքնության պահպանումը»:
Թշնամական պետության ղեկավարը առաջին հայացքից «մարդասիրական շղարշի» ներքո բարձրաձայնում է թուրք-ադրբեջանական տանդեմի պանթյուրքական կամ պանթուրանական դարավոր նկրտումները՝ այս հայտարարությամբ փորձելով առաջին հերթին Ռուսաստան ու Իրան հումանիտար ինտերվենցիայի և վերջիններիս ներքին գործերին միջամտելու համար լեգիտիմ հիմքեր ապահովել։ Սակայն ակնհայտ է, որ անհրաժեշտության պարագայում իբրև թե «թյուրք եղբայրների իրավունքների պաշտպանության» համար իրականացվող հումանիտար միջամտությունը նույն լեգիտիմ հիմքի վրա կարող է փոխարինվել ռազմական միջամտությամբ, ինչպես դրան բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է Թուրքիան իբրև թե «հակաահաբեկչական պայքարի և սեփական անվտանգությունը ապահովելու» պատրվակով ներխուժում ինքնիշխան պետությունների տարածքներ, ինչպիսին են Սիրիան, Իրաքը, Կիպրոսը։ Հատկապես ադրբեջանա-իրանական վերջին լարվածության ֆոնին շատ հավանական է, որ «մեծ եղբոր»՝ պրակտիկայում իրեն արդարացրած մարտավարությունը կկիրառի նաև Ադրբեջանը՝ ներխուժելով Իրանական Ատրպատական, եթե Իրանում ուժգնանան ներքին խռովությունները։
«Աշխարհի տարբեր երկրներում ապրող էթնիկապես թյուրք երիտասարդները պետք է դպրոցներում իրենց մայրենի լեզվով կրթություն ստանալու հնարավորություն ունենան: Ցավոք սրտի, Ադրբեջան պետության սահմաններից դուրս ապրող շուրջ 40 միլիոն ադրբեջանցի մեծամասամբ չունի այդ հնարավորությունը: Մայրենի լեզվով կրթություն ստանալու հարցը մշտապես պետք է լինի կազմակերպության օրակարգում»:
Սա կրկին Թուրքիայի կողմից շատ հաջող կերպով իրակաացվող փափուկ ուժի արդյունավետ գործիքներից է։ Լեզուն ազգային ինքնագիտակցության եթե ոչ առաջին, ապա ամենակարևոր տարրերից է։ Հասկանալի է, մայրենի լեզվի հետ մեկտեղ ներարկվելու են ազգայնական գաղափարներ՝ դաստիարակելով անջատողական հակումներ ունեցող ազգայնականների սերունդ։ Իսկ իբրև թե «40 միլիոն ադրբեջանցի» հանրահայտ ադրբեջանական թեզը, որը կրկին տեղավորվում է պանթյուրքական նկրտումների շրջանակում, անհիմն փորձ է ցույց տալու, թե իբրև Իրանական Ատրպատականում ապրող թյուրքախոսներն ու ադրբեջանցիները միևնույն ժողովուրդնեն՝ իրարից բաժանված։ Սա ակնհայտ հակաիրանական հռետորաբանություն է, որը նաև ոտնահարում է Իրանի տարածքային ամբողջականությունը։
«Չնայած 30-ամյա օկուպացիան ավարտվել է, բայց դրա ծանր հաշիվները, որ պետք է փակվեն, շարունակում են մնալ: Հայաստանը երկրի երեսից ջնջել է ադրբեջանական 9 քաղաք և հարյուրավոր գյուղեր: Ժամանակին ծաղկուն քաղաք Աղդամն այն աստիճան է ավերվել, որ միջազգային փորձագետներն այն անվանել են մեր օրերի Հիրոսիմա»:
Կրկին առաջ է քաշվում իբրև թե «30 տարվա օկուպացիայի» համար փոխհատուցման ապօրինի պահանջը, որև վերջերս շրջանառվում է թուրք-ադրբեջանական տիրույթում, ավելին՝ այն գնալով ավելի շոշափելի է դառնում։ Նախ Արբեջանում առաջ քաշվեց փոխահատուցման պահանջը, իսկ առանձին պատգամավորներ անգամ առաջարկեցին «գումարի բացակայության դեպքում վճարել տարածքներով»։ Այնուհետև պահանջը միջազգայնորեն բարձրացրեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ պնդելով, որ «անհրաժեշտ է այս գործերը Արդարադատության միջազգային դատարան տանելով՝ փոխհատուցում պահանջել և այդպիսով Հայաստանին դեմ տալ պատին»։ Երբ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից ստորագրվի չարաբաստիկ «խաղաղության պայմանագիրը», որն, ըստ էության, կնշանակի երկրորդ կապիտուլյացիա Հայաստանի ու Արցախի համար՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, այլևս հնարավոր չի լինի խուսափել այդ ապօրինի պահանջի կատարումից; Իսկ քանի որ նպատակը «փոխհատուցման» այնպիսի չափի ներկայացումն է, որը Հայաստանն ունակ չի լինելու վճարել, այս պահանջի առջև ընկրկելը կհանգեցնի նոր տարածքային կորուստների՝ ի դեմս Սյունիքի մարզի՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» և չի սահմանափակվի այդքանով:
«Հայաստանը ոչնչացրել է նախկինում իր տարածքում գտնվող 67 մզկիթից 65-ը։ Մյուս երկուսը օգտագործվել են կովեր ու խոզեր պահելու համար։ Սա անարգանք է ողջ իսլամական աշխարհի նկատմամբ: Իսլամոֆոբիան և թյուրքոֆոբիան կազմում են Հայաստանի պաշտոնական գաղափարախոսության առանցքը»։
Իսլամական աշխարհում հակահայկական տրամադրություններ հրահրելու ևս մեկ փորձ թշնամական երկրի ղեկավարը արել էր օրերս ժամանակավորապես օկուպացված Շուշիում ելույթ ունենալիս։ Նա հայտարարել էր․ «Հայաստանը ագրեսիվ քաղաքականություն է վարում ոչ միայն մեր, այլև ամբողջ մուսուլմանական աշխարհի դեմ»: Հայաստանն ունի մուսուլմանական, մասնավորապես` արաբական աշխարհի և Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների բազմամյա, եթե ոչ՝ բազմադարյա պատմություն և նրանց հետ ընդհանուր շահեր է կիսում։ Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասի օկուպացիայից հետո ադրբեջանական պաշտոնական հակահայ քարոզչության ուղղություններից մեկն իբրև թե մշակութային վանդալիզմի մեղադրանքն է, մինչդեռ հետևողական մշակութային վանդալիզմ է իրականացնում Ադրբեջանը՝ հիմնահատակ ոչնչացնելով և պղծելով հայկական հնագույն մշակութային ժառանգությունը, օրինակ՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Կանաչ Ժամ եկեղեցիները, Հադրութի շրջանի Մոխրենիս գյուղի Սբ. Սարգիս եկեղեցին և այլն։ Հատկանշական է, որ հայկական կողմը Ադրբեջանի կողմից հայկական եկեղեցիների հիմնահատակ ավերման փաստը միջազային հարթակում չի շահարկվում «քրիստոնեական աշխարհի դեմ ագրեսիվ քաղաքականության» համատեքստում։
«Այսօր Ադրբեջան-Հայաստան սահմանագոտում մենք տեղակայվել ենք մեր պատմական հողերում»:
Հիշեցնենք, որ բացի Արցախի տարածքի մեծ մասից՝ Ադրբեջանից կողմից այսօր ապօրինի կերպով օկուպացված է ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն է 150 քառ․ կմ տարածք։ Այս հայտարարությունը ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ ոտնձգություն լինելուց բացի՝ նշանակում է, որ այսուհետ ցանկացած տարածք, որը կօկուպացվի ՀՀ ինքնիշխան տարածքից, Ադրբեջանը կարող է հայտարարել իր «պատմական հողը» և դա օգտագործել որպես լեգիտիմ հիմք՝ այդ տարածից այլևս դուրս չգալու համար։
«Հոկտեմբերին Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղյան հակամարտությունն անցել է պատմության գիրկը: Այդ հայտարարություններով Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Այն, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը ՀՀ ապազգային ու ապիկար իշխանությունների պատճառով նախ փոխարինվեց արցախահայության իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովմամբ, իսկ հիմա էլ աստիճանաբար դուրս է մղվում բանակցությունների օրակարգից, դեռ չի նշանակում որ Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության ճանաչմանը, ապա միմյանց տարածքային ամբողջականությունը Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են նաև 1991 թ,-ին, սակայն Արցախը մշտապես չի ներառվել այդ ճանաչման մեջ։ Այսօր ևս ԼՂ կարգավիճակի հարցը լիովին փակված չէ, ինչի վկայությունն է հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահի առաջարկը՝ անժամկետ հետաձգելու ԼՂ կարգավիճակի հարցը։
Հայկական Ալիք