՛՛Ջահել տղա է կպցրել, հաճույք է ստացել…՛՛. Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ալեքսան Սահակյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ:
Շիրակի մարզի 29-ամյա բնակիչ, ամուսնացած, երկու մանկահասակ երեխաների հայր Ալեքսանը զինծառայող է եղել՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Սահակյանը, Գրետա Զաքյանի (անուն-ազգանունը փոխված է) հետ գտնվել է մտերիմ, ինտիմ հարաբերությունների մեջ, չարաշահել է նրա վստահությունը և 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013 թվականի հուլիսի սկիզբը նրանից հափշտակել է 2 միլիոն 900 հազար դրամ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 8-ն անց 50-ի սահմաններում Ալեքսանը Գրետայի նկատմամբ բռնություն է գործադրել, նրա կամքին հակառակ նստեցրել է տաքսի, տեղափոխել է դեպի մոտակա զորավանը:
Զորավանի հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան մեքենայից ՛՛դուրս է պրծել՛՛ և օգնություն է կանչել:
Կնոջը մոտեցել են հերթապահող զինծառայողները և քաղաքացիական անձինք: Ալեքսանը հեռացել է զորավանի հարակից տարածք, որտեղ կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ է արել, ինչը հանգեցրել է զինծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ալեքսան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, մարդու առևանգման ու զինծառայությունից ժամանակավոր խուսափելու նպատակով կատարած անդամախեղման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 131 հոդվածի 1-ին և 363 հոդվածի 1-ին մասերով:
Բացի դրանից, Ալեքսանը մեղադրվել է նաև առանց հարգելի պատճառների մի քանի անգամ կարճ ժամանակով զինծառայության վայր չներկայանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361հոդվածի 4-րդ մասով:
Ալեքսան Սահակյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն այս վերջին հոդվածով: Մնացած մեղադրանքների մասով իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե Գրետայի հետ ծանոթացել է համացանցի միջոցով, մտերմացել են, ինտիմ կապի մեջ են մտել:
2013 թվականի նոյեմբերին Գրետան ցանկացել է իրեն անակնկալ մատուցել՝ ՛՛Ակբա Կրեդիտ Ագրիկոլ՛՛ բանկում ոսկի է գրավադրել ու վերցրել է 60 հազար դրամ:
Իրենք տաքսիով գնացել են Վանաձորի ՛՛Ռոյալ՛՛ հյուրանոց, որտեղ ժամանցի ծախսերը հոգացել է Գրետան:
Հանդիպումներն ու զվարճանքը շարունակվել են, այցելել են տարբեր հյուրանոցներ, որտեղ ծախսերը հոգացել է Գրետան: Նա ոսկե զարդեր է գրավադրել նաև ՛՛Զարգացման հայկական բանկում՛՛, ստացել է 470 հազար դրամ, որը ծախսել են ժամանցի համար:
Իրենք տուն են վարձել Վանաձորում: Գրետայի սկեսուրը տեղյակ է եղել իրենց հանդիպումների մասին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: