Թիվ մեկ գերխնդիրը
Սոցիալական ցանցերի հայկական հատվածն օրերս հերթական անգամ ցնցվեց՝ այս անգամ քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի անդամներ՝ ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյն Յըլդըրըմին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից Թուրքիային հանձնելու լուրից։ Առանց այն էլ թշնամիներով շրջապատված և ամեն օր հերթական պատերազմի սպառնալիքով ապրող հայ ժողովրդի համար պոտենցիալ բարեկամներից թշնամիներ ստեղծելն, այն էլ՝ հենց թշնամիներին հաճոյանալու նպատակով, իհարկե, հիմնականում բացասական գնահատականի արժանացավ։ Երևույթն ինքնին զարմանալի կլիներ, եթե չլիներ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների՝ նմանօրինակ դրվագներով լի քաղաքական հետագիծը։
Հայաստանի կարևորագույն դաշնակից համարվող, իսկ 2020 թ․ աղետալի պատերազմից հետո Արցախի ժողովրդի և Հայաստանի սահմանների է՛լ ավելի մեծ մասի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հանդեպ դաշնակցային հարաբերություններին հարվածող այդօրինակ քայլերը բազմաթիվ են՝ սկսած ՌԴ նախագահին օդանավակայանում չդիմավորելուց և այդ մասին ընտանեկան թերթերով գլուխ գովելուց, մինչև Ալեքսեյ Նավալնուն Հանրային հեռուստաընկերությամբ եթեր տրամադրելը։ Հանրայինով այժմ ևս գրեթե ամենօրյա ռեժիմով կարելի է տեսնել քրոնիկ ռուսատյացությամբ տառապող բազմաթիվ կերպարների։ Նույն կերպարները հաճախ են հայտնվում ՀՀդե-ֆակտո վարչապետի հետ մեկ սեղանի շուրջ՝ արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների ժամանակ։ Այսինքն՝ մի կողմից ՀՀ դե-ֆակտո վարչապետն իբրև թե զենք է խնդրում և չի ստանում Ռուսաստանից, իսկ մյուս կողմից քննարկման է հրավիրում
Ռուսաստանին ահաբեկչական պետություն համարող և ամենօրյա ռեժիմով ՌԴ-ի հանդեպ ատելության քարոզ տանող ողջ քաղաքական ներկապնակին՝ անհայտ բովանդակությամբ քննարկումների։
Անկախությունից ի վեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններով աչքի ընկած, իսկ հետպատերազմյան շրջանում Սյունիքի անվտանգության դե-ֆակտո երաշխավորներից մեկը դարձած Իրանի Իսլամական Հանրապետության հետ ևս նման դրվագները քիչ չեն եղել։ Բավական է հիշել դե-ֆակտո իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Իրանին ավտորիտար որակելը, կամ 44-օրյա պատերազմից օրեր առաջ Իսրայելում դեսպանատուն բացելը։ Եթե մինչև պատերազմը նման դրվագները վտանգավոր էին, ապա Սյունիքում առկա սպառնալիքների և ընդամենն օրեր առաջ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի համաշարում Նենսի Փելոսիին Ավարայրի ճակատամարտը պատկերող կտավի մոտ տանելն ու դրան հաջորդած հայտարարությունը, այն դեպքում երբ Իրանն ամենաուղիղ ձևով դատապարտել է ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ցանկացած քայլ, պարզապես կործանարար է։
Բարեկամական հարաբերություններին հարվածող դրվագներից զերծ չի մնացել նաև Վրաստանը։ Պատերազմն ու դրան հաջորդող իրողությունները Հայաստանում ստվերեցին կորոնավիրուսի համաճարակն ու դրա արդյունքում արձանագրված բազմահազար մահերը։ ՀՀ նախկին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ ոլորտի ապիկար կառավարումն ու ի սկզբանե հասարակությանը մոլորության մեջ գցելը և այդպիսով բազմաթիվ մահերի պատճառ դառնալն այդ ժամանակ միակ հարվածը չէին Հայաստանին։ Նա հասցրեց նաև դիվանագիտական սկանդալի հերոս դառնալ՝ հրապարակային կասկածի ենթարկելով Վրաստանի պաշտոնական տեղեկատվությունը՝ կորոնավիրուսից արձանագրված վարակակիրների և մահերի թվերի մասին։
Հայաստանին առանց դաշնակիցներ թողնելու հետևողական քայլերի այս շղթան չի սահմանափակվում գոյություն ունեցող դաշնակիցների կամ բարեկամ երկրների հանդեպ նմանօրինակ քայլերով։ Այն նաև ուղեկցվում է պոտենցիալ դաշնակիցների հետ համագործակցության հանդեպ լիակատար անտարբերությամբ և պրոակտիվ քաղաքականության բացակայությամբ։ Որպես փոքր երկիր, որն ունի լրջագույն արտաքին քաղաքական և անվտանգային մարտահրավերներ՝ Հայաստանի համար նոր բարեկամներ ձեռք բերելու ցանկացած, անգամ փոքրիկ շանս կորցնելը պարզապես անթույլատրելի է։ Ավելին՝ Հայաստանը պարզապես պարտավոր է պրոակտիվ կեցվածք ընդունելու և բոլոր հնարավոր հարթակներում ընկերներ ու բարեկամներ փնտելու։ Փոխարենը հետևողականորեն մսխվում են բոլոր շանսերը՝ սկսած Թուրքիայի հետ բազմաշերտ խնդիրներ ունեցող մերձավորարևելյան երկրներից, մինչև Թուրքիայի հետ պատերազմի շեմին կանգնած Հունաստան և անդին։ Փոխարենը հայ հասարակությանը հետևողականորեն ներարկվում է միայնակության և անօգնականության ընկալում, և ամեն բան արվում է համոզելու համար, որ Հայաստանը փակուղում է ու չունի այլ տարբերակ, քան ծնկի եկած «խաղաղության պայմանագիր» ստորագրելն ու թուրք-ադրբեջանական տանդեմի համար «միջանցքային» պետություն դառնալը։ Այդ պատումի հաջորդ արարը կլինի «ի՞նչ աներ «խեղճ Նիկոլը»՝ բացի երկրորդ կապիտուլյացիան ստորագրելուց. չէ՞ որ Հայաստանը դաշնակիցներ չունի, և ուրեմն պետք է ձեռք մեկնի թշնամիներին»։
Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ գերխդնիրը հենց ՀՀ դե-ֆակտո իշխանություններն են, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանը չունենա դաշնակիցներ, և միայնակ մնա թշնամիների առաջ։ Այդ պարագայում կապիտուլյացիան արդարացնելու համար բազմաթիվ մեղավորներ կգտնվեն՝ ռուսը, պարսիկը, քրդերը, ինչու ոչ՝ անձամբ Ն․ Փելոսին, որ, իր կամքից անկախ, հերթական փրկչի պիտակն էր ստացել, և այդպես շարունակ։ Փոխարենը կստվերվի այն փաստը, որ իշխանության եկած վայրկյանից՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փչացրել են Հայաստանի հարաբերությունները բարեկամների հետ, չեն ստեղծել նոր բարեկամներ և եզակի երկու պետությունները, որոնց հետ հարաբերություններ բարելավելու անհագ ցանկություն են դրսևորել, եղել են Ադրբեջանն ու Թուրքիան։
Քնարիկ Ջալաթյան
Հայկական Ալիք