ՆԱՏՕ + Հայաստան. հանդիպում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը:
ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և միջազգային դիտորդական առաքելությունների կողմից այդ ընտրություններին տրված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հատկապես Ադրբեջանի կողմից հունիսին Հայաստանի սահմանների վրա, ինչպես նաև շփման գծի ողջ երկայնքով իրականացրածսադրանքներին ու զինադադարի խախտումներին, ինչպես նաև ներկայացրեց տարածաշրջանային վերջին զարգացումները:
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես՝ Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈՒ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:
Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորեցին Հայաստանը որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատական տվեցին պաշտպանական, ինչպես նաև քաղաքական բարեփոխումներին, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրություններին: Որպես քաղաքական երկխոսության առաջընթաց գնահատվեց մարտի 6-ին ՀՀ Նախագահի՝ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների` ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, պատվիրակները վերահաստատեցին իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական ` ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման,ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին
Հունիսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին: