Սերժ Սարգսյանը դիմավորել է Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոններին
Այսօր Հայաստան են ժամանել Շախմատի համաշխարհային օլիմպիադայի փոխչեմպիոնները, ովքեր մասնակցում էին ս.թ. հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չեննայ քաղաքում անցկացվող ՖԻԴԵ-ի 44-րդ շախմատի օլիմպիադային: Փոխչեմպիոններին դիմավորելու էր գնացել նաև Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Փայլուն արդյունք է։ Տղաները շատ լավ հանդես եկան և կարողացան մեր երկիրը պատվով, արժանապատվորեն ներկայացնել այդ մեծ մարզական միջոցառմանը։ Վերջին 20 տարիներին Հայաստանի հավաքականն առաջինն է իր նվաճումներով՝ Օլիմպիադայի երեք ոսկե մեդալ, աշխարհի թիմային չեմպիոն, հիմա Օլիմպիադայի արծաթե մեդալ և երեք բրոնզե մեդալ։
Հույս ունեինք, որ թիմը լավ հանդես կգա, բայց տղաները գերազանցեցին իրենք իրենց էլ և շատ մրցակիցների էլ։
Հիմա մեր մասնագետները Սմբատ Լպուտյանի գլխավորությամբ շախմատային նոր դպրոցական ծրագրեր են կազմում»,- «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է Սերժ Սարգսյանը։
Լրագրողների այն դիտարկմանը, թե համացանցում գրում են, որ որտեղ իշխանությունները չկան, այնտեղ հայերը հաղթանակ են տոնում թշնամիների դեմ, ինչպես եղավ շախմատում և մեր ընտրանին հաղթեց Ադրբեջանի ընտրանուն, Սերժ Սարգսյանն ասաց, որ չի ցանկանում այս պահին խոսել այդ մասին։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը չպատասխանեց նաև քաղաքական և Արցախին վերաբերող հարցերին` նշելով, որ ՀՀԿ–ն մի քանի օր առաջ հայտարարություն է տարածել, որտեղ ամեն ինչ գրված էր։
Առավել մանրամասն` տեսանյութում: