Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են ՄԻԵԴ

Շուրջ մեկ տարի կալանքի տակ գտնվող դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) նրան ՛՛ապօրինի կալանքի տակ պահելու համար՛՛: Նրանք դերասանին կալանքի տակ պահելու դատարանի որոշումը համարում են ապօրինի, քանի որ հանցագործությունը ապացուցված չէ, իսկ Վարդան Պետրոսյանը, ազատության մեջ գտնվելով, չի կարող խոչընդոտել դատաքննությանը:
Ի սկզբանե, ինչպես պնդում են Պետրոսյանի փատաբանները, նախաքննությունը և դատաքննությունը ընթացել են ՛՛բացթողումներով ու թերացումներով՛՛:
՛՛Քննչական գործողությունների ժամանակ փոխվել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, ինչից ելնելով մեղադրող կողմը պնդում է, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ճանապարհի երթևեկելի մասում, այլ կողակում: Այսինքն՝ փոխվել են գործի հանգամանքները: Նախաքննությունը, իսկ հետո դատաքննությունն ընթացել են ոչ թե ճշմարտությունը պարզելու և արդարությունը վերականգնելու, այլ Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչելու և կալանքի տակ պահելու համար»՛՛, – այսօր ՛՛Մեդիա կենտրոնում՛՛կայացած մամլո ասուլիսին հայտարարեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանները, համարելով դատարանի՝ Պետրոսյանին կալանքի տակ պահելու որշումը, ապօրինի արդեն դիմել են ՄԻԵԴ: ՛՛Եվրոպական դատարանը, հուսով ենք, որ շուտով կարձագանքի, և մեր իշխանությունները, մեր դատական համակարգը ստիպված կլինի ընդունել, որ նրանք առանց հիմքի և ապօրինի պահել են Վարդան Պետրոսյանին կալանքի տակ՛՛, – հույս հայտնեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Եղվարդ-Երևան ճանապարհին՝ բախվել էին ՛՛ՎԱԶ 2121՛՛ և BMW մակնիշի ավտոմեքենաներ: BMW մակնիշի մեքենայի ղեկին Վարդան Պետրոսյանն էր: Վթարի հետևանքով ՛՛Վազ 2121՛՛մակնիշի մեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել էին:
Պետրոսյանի գործով դատաքննության փուլն արդեն ավարտվել է: Մեղադրող կողմը ողբերգական պատահարի պատճառը համարում է վարորդի ինքնավստահությամբ պայմանավորված անզգուշությունը: Արդյունքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել մեղսագրված հոդվածով և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման՝ 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից և բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
Փաստաբանները Վարդան Պետրոսյանի գործով նախաքննության և դատաքննության բացթողումների մեջ տեսնում են միտում: Նրանց կարծիքով նախաքննության ժամանակ կոծկվել է հանցագործությունը, և չեն պարզվել դեպքի հանգամանքները:
՛՛Դատարանն էլ չի անցկացրել փորձաքննություն ճշմարտությունը պարզելու համար՛՛, – նշեց նա:
Փաստաբանների պնդմանը, որ պետք է անցկացնել փորձաքննություն դեպքի հանգամանքները և իրական տեղը պարզելու համար, դատավորը պատասխանել է, որ իրենք դա կքննարկեն խորհրդակցական սենյակում:
՛՛Խորհրդակցական սենյակում այդ հարցերը պարզել ուղղակի հնարավոր չէ տեխնիկական պատճառներով՛՛, – պնդում է Բաղդասարյանը:
Վերջինս մեղադրողի կողմից պահանջած պատժաչափը համարում է ոչ էական, քանի որ, նրա կարծիքով, երբ նախաքննությունն ու դատաքննությունն ընթանում են սխալ, պատժի չափը դադարում է հետաքրքրել: ՛՛Այս դեպքում դատախազը կպահանջի 6, թե 10 տարի, արդեն էական չէ՛՛, – հավելեց նա:
Ֆրանսիայից ժամանած Վարդան Պետրոսյանի դատապաշտպան Մարի Դոզեն հակված է այն կարծիքին, որ մեկ տարի տևած նախաքննությունն ու դատաքննությունն անիմաստ էին: Նրա համար անհասկանալի է, թե ինչու էին մեկ տարի շարունակ անցկացվում դատական նիստեր, եթե Պետրոսյանին արդարացնող որևէ փաստարկ հաշվի չի առնվել:
՛՛Մեղադրական ճառն ի սկզբանե ներկայացված մեղադրական ակտի ուղղակի կրկնությունն է: Մեղադրական ճառի մեջ որևէ հիմնավորում չկա, թե ինչու է պահանջվում հենց այդ պատժաչափը: Դատական նիստերը կարծես թե անց են կացվել տպավորություն ստեղծելու համար՛՛, – հայտարարեց Մարի Դոզեն:
Փաստաբանները հուսով են, որ հունվարի 23-ին նախատեսված դատական նիստի ժամանակ հնարավոր կլինի դրական տեղաշարժ արձանագրել Վարդան Պետրոսյանի գործում: Ամեն դեպքում ինչ պատիժ էլ սահմանվի, փաստաբանների կարծիքով, Պետրոսյանը կրելու է այն ՛՛բաց ռեժիմով»:
«Մեր օրենսդրությունն այնպես է կառուցված, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ, մեղադրյալը չի ազատազրկվում: Նրա վրա են տարածվում բոլոր համաներումները, և, սովորաբար, մեկ տարվա ընթացքում ամեն ինչ ավարտվում է՛՛, – պարզաբանեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Ասուլիսի ավարտին Մարի Դոզեն լրագրողների խնդրանքով ներկայացրեց, թե ինչպես կվարվեր Ֆրանսիայի արդարադատությունը նման իրավիճակներում:
՛՛Ես ունեցել եմ ճանապարհատրանսպորտային պատահարի գործ: Ուղղակի այդ դեպքում վարորդը, ի տարբերություն Վարդան Պետրոսյանի, եղել է ալկոհոլի և թմրամիջոցների ազդեցության տակ: Նա գտնվել է կալանքի տակ միայն 2,5 ամիս, որից հետո ազատ է արձակվել: Դատավարությունը դեռ շարունակվում է, սակայն բացառված է, որ նրան ազատազրկեն՛՛, – ասաց ֆրանսիացի դատապաշտպանը՝ հավելելով, որ անզգուշությամբ առաջացած հանցագործությունների ժամանակ ազատազրկելը սխալ է:
՛՛Ազատազրկում են, երբ հանցագործությունը միտումնավոր է կատարված: Այդ դեպքում պատժում են մարդուն՝ մեկուսացնելով հասարակությունից, քանի որ նա վտանգ է ներկայացնում՛՛, – ամփոփեց Դոզեն:
Ասուլիսի ամբողջական տեսագրությունը դիտեք այստեղ: