Առաջին փողը տվել է Վանոն, տարածքը՝ Անդրանիկ Մարգարյանը, օգնել՝ Գագիկ Բեգլարյանը. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանն իր նախօրեի ասուլիսին, որը 50-ից ավելի լրատվամիջոց բոյկոտել էր, հերթական անգամ հատելով բոլոր կարմիր գծերը, անդրադարձավ մամուլին ու լրագրողներին։ Մեղադրեց խմբագիրներին նախկինների թալանի «փայատեր» լինելու համար, մի պատմություն պատմեց թերթերից մեկի գույքն ԱԱԾ-ին պատկանելու մասին, ծաղրեց խմբագիրներին, որոնց մի մասը 63 տարի խմբագիր է աշխատում։
Թվում էր, թե գոնե իր նախկին գործընկերների նկատմամբ մի կես գրամ բարոյականություն պետք է ցուցաբերեր եւ էթիկայի կանոնները չխախտեր, քանի որ այդ նույն գործընկերները կարող են հազար ու մի պատմություններ հիշել, թե ինչպես է նա պահել իր թերթը եւ համագործակցել տարբեր օլիգարխների ու պաշտոնյաների հետ: Ասենք, օրինակ, կարող էին հիշեցնել, թե ինչպես են նախկին իշխանությունները՝ 1998 թվականից սկսած, երբ Աշոտ Բլեյանի հետ հիմնադրեց «Օրագիր» թերթը, որը հետո դարձավ «Հայկական ժամանակ», ամեն հարցում օժանդակել նրան։ Ով է նրան աջակցել եւ ինչպես:
Ասենք, օրինակ, կարող են հիշեցնել, որ 1998-ին թերթի հիմնադրման հարցում կարեւոր դերակատարում է ունեցել ներքին գործերի նախկին նախարար, ապա Երեւանի քաղաքապետ Վանո Սիրադեղյանը: Խմբագրության տարածքը, որը գտնվում էր Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու հետնամասում, Աշոտ Բլեյանի տարածքն էր, բայց հետո ՀՀՇ-ական ու հետհհշական իշխանությունների թեթեւ ձեռքով այն դարձավ Նիկոլի անձնական սեփականությունը:
«Օրագիրը», որը տպագրվեց մինչեւ 1999 թվականը եւ դատական պրոցեսների արդյունքում` Սերժ Սարգսյանի ձեռքով արգելվեց, Նիկոլ Փաշինյանը գտավ չհրապարակվող մի թերթ` «Հայկական ժամանակը», եւ դրա փաստաթղթերը վերցնելով, դարձրեց իրենը: Իսկ «ՀԺ»-ն ժամանակին պատկանում էր Էդվարդ Եգորյանին, Պետրոս Մակեյանին եւ մի խումբ մարդկանց, խմբագիրն էլ քոչարյանական թիմի ներկայացուցիչ Երվանդ Բոզոյանն էր: «ՀԺ»-ի հիմնադիրները սիրահոժար հրաժարվեցին իրենց փայաբաժիններից, Փաշինյանը թողեց միայն Պետրոս Մակեյանին, ով այսօր դաժանաբար քննադատում է նրան` սխալ պահվածքի եւ ընկերներին դավաճանելու համար: Այս փոփոխության արդյունքում ընկերների ու թերթի հիմնադիրների թվից դուրս է թողնվում Աշոտ Բլեյանը, որն ամեն ինչ արել էր, որ 98-ի նախագահական ընտրություններում իր շտաբի ղեկավար Նիկոլ Փաշինյանը սեփական թերթն ունենա: Դժվար ժամանակներ էին` թերթը եկամուտ չէր բերում, հայտնի չէր, գովազդ, որպես այդպիսին, չկար` միակ ձեւը բարեգործների հետ հույս կապելն էր. Վանո Սիրադեղյան, Խաչատուր Սուքիասյան, Անդրանիկ Մանուկյան, հետագայում` Հովիկ Աբրահամյան, Գագիկ Ծառուկյան եւ շատ ուրիշներ:
Այդ ընթացքում իր ճարպկության եւ հարաբերություններ կառուցելու, տեղն եկած տեղը` «բոչկա գլորելու» շնորհիվ թերթը կայացնում է, անգամ կարողանում է պետական տարածքում գտնվող խմբագրության մի սենյակն ընդլայնել` վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդառաջում է եւ խմբագրությանը հարակից սենյակն էլ է նրան տալիս: Ընդ որում, տարիներ շարունակ ո՛չ գույքահարկ, ո՛չ վարձավճար «ՀԺ»-ն չի վճարել։ Ավելի ուշ, երբ ՀՀԿ կարկառուն «թալանչիներից» Գագիկ Բեգլարյանը դառնում է Երեւանի քաղաքապետ, նա եւս օգնում է Նիկոլին տարածքի սեփականաշնորհման հարցում։ Հիմա, ճիշտ է` թերթը չի տպագրվում, կայքում էլ մի քանի հոգի են աշխատում, բայց քաղաքի կենտրոնում թանկ սեփականություն է` անշարժ գույք, որը երեւի Մարիամիկի օժիտն է լինելու։ Բազմաթիվ այլ դրվագներ էլ կարող են հիշեցնել իր գործընկեր խմբագիրները Նիկոլ Փաշինյանին, որոնցից մեկի մասին հրապարակավ հայտարարեց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, թե ինչպես է շանտաժով իրենից գումար կորզել, եւ ինչպես են տարիներ շարունակ Արման Սահակյանին պատկանող «Պրես ստենդ» ընկերության հետ «Հայկական ժամանակ» օրաթերթի անվերադարձ վաճառքի պայմանագիր ունեցել։
Նիկոլ Փաշինյան խմբագրի եւ «ՀԺ»-ի ստեղծման մասին փորձեցինք զրուցել Փաշինյանի երբեմնի ընկեր Աշոտ Բլեյանի հետ։ Սակայն նա, լսելով մեր հարցը, սարսափած հայտարարեց, որ ինքը 1999-ին նստել է բերդում եւ ելնելուց հետո հիշողության կորուստ է ունեցել. «Ես Ձեզ վստահեցնում եմ, որ 1999-ին, երբ գործուղում գնացի քրեակատարողական հիմնարկ, դրանից հետո իմ ուղեղում հիշողության մի հատ մեծ արխիվ ջնջվել ա, եւ ես լիքը բաներ հիշում եմ շատ պայմանական»։ Պայմանականն էլ բավարար է։ «Ես ճշգրիտ մարդ եմ, ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ եւ չեմ խուսափում պատասխաններից։ Եթե ես չեմ ուզում պատասխանել, ես ասում եմ՝ չեմ ուզում պատասխանել»,- ասաց Բլեյանը` նորից հիշողության կորստի մասին նշելով։