«Իշխանական թիմը դարձել է անկառավարելի». Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Անկառավարելի վտագավոր քաոս:
Չկա պայքար սպառնացող թշնամու դեմ, չկա պայքար քաղաքական հովանավորչության ու կոռուպցիայի դեմ, չկա պայքար աճող աղքատության դեմ, չկա պայքար ընդլայնվող հանցագործությունների դեմ, չկա պայքար ահագնացող արտագաղթի դեմ, չկա պայքար սողացող գնաճի դեմ, չկա պայքար ճչացող անգրագիտության դեմ և այլն:
Հայաստանում իշխանություն ունեն թուրքերը, ամերիկացիները, ազերիները, եվրոպացիները, ԼԳԲՏ-ները և այլն: Ռուսներին և հայ ժողովրդի որոշ մասին թվում է, թե իրենք իշխանություն ունեն Հայաստանում, սակայն դա այդպես չէ և իվերջո նրանք խաբված ու կորցրած են դուրս գալու այս քաոսից:
Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների անոմալ սինդրոմին, ապա այն դեռ պետք է պարզվի: Որովհետև այդպես չի լինում, որ վաճառված արյունալի պատերազմից հետո, բունկերներից ու թաքստոցներից դուրս չեկող իշխանությունները, ազգի համար ոչ մի սփոփիչ գործողություն, ոչ մի նշանավոր գործ չանելով` հանկարծ վերընտրվում են: Այստեղ , մութ անկյուններում թաղված շատ մեծ շան գլուխ կա: Չեմ հավատում, որ մեր ժողովրդի մի մասը (23%-ը կամ 680.000 մարդ) ձայն է տվել դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող կապիտուլյանտին: Ես լավ կարծիք ունեմ մեր ժողովրդի մասին:
Անկառավարելի վտագավոր քաոս է:
Ահա մեր երկրում այսօր առկա իրավիճակի բնութագիրը: Քաոսն ու ճգնաժամը ընդգրկել են ոչ միայն քաղաքական կառավարման ոլորտը, այլ նաև սոցիալական, տնտեսական, իրավական, մշակութային, կրթական, տեղեկատվական ու ընդհուպ մինչև հոգևոր ոլորտները:
Ընդդիմադիր շարժման նպատակը` Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունը պահելն է: Թույլ չտալ, որպեսզի երկիրը կազմաքանդվի և հայությունը երկրորդ անգամ ենթարկվի սպանդի, տեղահանման ու նսեմացման: Պայքարելով ընդդիմության դեմ, Նիկոլն ու կապիտուլյանտ խունտան ոչ միայն իրենց կաշին են ժամանակավորապես փրկում, այլ արգելափակում են Հայաստանի ու Արցախի վերականգնման շանսերը:
Անհրաժեշտ է իրավիճակի արագ հանգուցալուծում: Նիկոլը պետք է հեռանա, Հայաստանը պետք է վերականգնվի, Արցախը պետք է վերածնվի: Երեքն էլ միմյանցից կախված օրախնդիրներ են, երեքն էլ հնարավոր: Երեքն էլ բացառապես կախված են հայ մարդու կամքից»։