27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Ոստիկանները մասսայաբար ծեծում, ջարդում էին մեր քաղաքացիներին». փաստաբանները երեկվա բախումներից մանրամասներ են հայտնել

Փաստաբան Մանուշ Եսայանը, որը երեկ այցելել է Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկված անձանց, նշում է՝ Արաբկիրի բաժնում ինը հոգի է եղել, որոնցից 4-ն ունեցել է մարմնական լուրջ վնասվածքներ:

«Երեքին տեղափոխել էին հիվանդանոց, ունեին կոտրվածքներ, մի հոգու մոտ աչքի հատվածում այնպիսի վնասվածք էր, որ հետագայում, հնարավոր է, այդ երիտասարդը լուրջ խնդիրներ ունենա, մի երիտասարդի մոտ ծնոտի լուրջ կոտրվածք էր», – լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Փաստաբանը գիշերը մինչև ժամը 02:30-ը եղել է Արաբկիրի վարչությունում. բոլորի նկատմամբ ձերբակալման վերաբերյալ որոշում է կայացվել:

«Ես ու իմ կոլեգաները վիճարկել ենք այդ որոշումը, հավանաբար, արդյունքները վաղը հայտնի կլինեն», – ասաց նա:

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ նշում է, որ երեկ կիրառված լուսաձայնային նռնակի կիրառումն ամբողջությամբ խնդրահարույց էր, քանի որ պահանջ չի հնչեցվել, որ, օրինակ, երթևեկելի գոտին ազատվեր, հավաքը տեղափոխվեր այլ վայր:

«Հատուկ միջոց կիրառելիս ոստիկանը պարտավոր է հաշվի առնել ստեղծված իրավիճակն ու հատուկ միջոցի կիրառման հետևանքները», – ասաց փաստաբանը:

 

Նա վստահ է՝ հատուկ միջոց կիրառող ոստիկանը պատասխանատվության չի ենթարկվի, քանի որ դա նրան հրամայել են ավելի բարձր պաշտոն զբաղեցնողները:

«Ո՞ւր է միջազգային հանրություն կոչվածը, ցավոք սրտի, ԵՄ դեսպանությունը, ԵԽ բոլոր կառույցները վերածվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առնթեր մարմինների, որովհետև այս լռությունը ծայրահեղ տարօրինակ է», – նշեց Կոչուբաևը:

Փաստաբան Գայանե Պապոյանն էլ ասաց, թե ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել ժողովրդին:

«Սակայն երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում էին, ջարդում էին մեր քաղաքացիներին: Այն ժամանակ, երբ ոստիկանը սկսում է ծեծել, ինքը վերածվում է շարքային հանցագործի», – ասաց նա:

Պապոյանի խոսքով՝ երեկվա դեպքերը որակվել են որպես զանգվածային անկարգություններ:

«Լավ, իսկ կա՞ գեթ մեկ ոստիկան, ով ձերբակալվել է, ում մեղադրանք է առաջադրվել քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու համար, հավատացած եղեք՝ չկա նման ոստիկան», – ասաց փաստաբանը:

Հիշեցնենք՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում բախումների հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Հիշեցնենք նաև, որ կառավարական ամառանոցի մոտ իրավիճակը ծայրահեղ լարվել էր։ Ոստիկանությունն այստեղից «Դիմադրություն» շարժման մասնակիցներին թույլ չէր տվել անցնել և գնալ խորհրդարան։

Ոստիկանության զորքերն անցել էին հատուկ միջոցների՝ կիրառելով լուսաձայնային նռնակներ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ