27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սահմանված կարմիր գծերի վերաբերյալ

Նոր աշխարհակարգի կայացման ներկա փուլի բուռն, ներառյալ պատերազմական զարգացումները էական ազդեցություն են ունենում ընդհանուր աշխարհաքաղաքական իրողությունների, այդ թվում՝ մեր տարածաշրջանում ձևավորված ռազմաքաղաքական իրավիճակի, միջպետական հարաբերությունների և երկրների ռազմավարական դիրքավորումների վրա։

Միևնույն ժամանակ, կենսական նշանակության համաշխարհային այդ գործընթացներին զուգահեռ Հայաստանում կատարվողը նկարագրվում է՝ պետականության և ինքնիշխանության կործանմամբ, միջազգային սուբյեկտայնության վերացմամբ, պատերազմում կորստաբեր պարտությամբ, Արցախի հայկական վերահսկման դադարեցմամբ, ազգային ու պետական ընդհանրական տարածքների հանձմամբ և պետության գործող ձևաչափի փաստացի տապալմամբ։

Վերոնշյալ մարտահրավերներին դիմակայելու համար աներկբա անհրաժեշտություն է Հայաստանում ազգայնական իշխանությամբ Նոր Ազգային Պետության կայացումը, որը կսահմանի ազգային և պետական հստակ նպատակներ, կձևավորի ազգային պետությանը համարժեք պետական-քաղաքական համակարգ, ակտիվ կհամագործակցի շահագրգիռ արտաքին կենտրոնների հետ, արմատապես կվերափոխի ընդհանուր կեցության հիմնարար սկզբունքներն ու արժեքները, և կառաջնորդվի զուտ Հայկականության շահերով:

Ելնելով շարադրվածից և արձագանքելով «Դիմադրություն» շարժման կողմից շրջանառված եզրային չափանիշներով փաստաթղթին, հայտնում ենք «Ազգային օրակարգ» կուսակցության համար կարմիր գծեր հանդիսացող հետևյալ դրույթները․

  • Հայաստանը հռչակում է, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայրենիքի հետ, և առաջնային պատասխանատվություն է ստանձնում նշյալը իրականացնելու համար։
  • Հայաստանը հայտարարում է, որ Արցախի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանները ենթակա են վերականգնման, և կատարում է առավելագույնը այդ հանձնառությունը իրողություն դարձնելու համար։
  • Հայաստանը ազդարարում է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կամ որևէ այլ երրորդ երկրի կազմում, և արձանագրում է մոտ 12500 քառ․ կմ վերականգնված տարածքով երկրամասի վերջնական կարգավիճակը որպես Հայրենիքի անբաժան մաս։
  • Հայաստանը պարտավորվում է, որ պետականորեն հանդիսանալու է հայկական բոլոր երկրամասերի և ամբողջ Հայության համապարփակ անվտանգության, կայուն զարգացման ու արդյունավետ կենսագործունեության երաշխավորը։
  • Հայաստանը հայտնում է, որ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները իրականացնելու է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, Հայկական պետականությանը վերաբերվող միջազգայնորեն վավեր իրավապայմանագրային հիմքերով և լիազորված միջազգային ատյանների կամ ձևաչափերի հետ համագործակցության շրջանակում։

Այդ համատեքստում  Հայաստանը նաև հայտնում է, որ ապօրինի է հայտարարելու Հայկական ազգային և պետական տարածքների բռնազավթումն ու բռնակցումը ամրագրող 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, ինչպես և 2020 ու 2021 թվականների եռակողմ երեք կապիտուլյացիոն հայտարարությունները։

  • Հայաստանը հայտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը կառուցելու է բացառապես հիմնվելով Ցեղասպանության և Հայրենազրկման հետևանքների ճանաչման ու պետականորեն համարժեք հատուցում ստանալու հենքային դրույթների և սկզբունքների վրա։
  • Հայաստանը հայտարարում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ ցանկացած տեսակի միջպետական գործակցություն, այդ թվում՝ ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակում հնարավոր է դառնալու միմիայն Հայկական հարցը ձևավորող հիմնախնդիրների շուրջ համակողմանի լուծումների և նշանակալի արդյունքների հասնելու պարագայում։

«Ազգային օրակարգ» կուսակցությունը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Հայաստանում հենքային և համակարգային փոփոխություններ իրականացնելու համար պարտադիր է ազգային-ազատագրական պայքարի միջոցով իշխանազրկել Փաշինյանին ու իր վարչախմբին, միաբանվելով արտահայտված նպատակներով և արժեքներով Նոր Պետության ձևավորման շուրջ։

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդ

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ