Ստամբուլում ցանկանում են Հրանտ Դինքի անունով փողոց անվանակոչել

Ստամբուլի Բաքըրքյոյ համայնքի համայնքային խորհրդի անդամները խորհրդի ղեկավարությանը ներկայացրել են մի առաջարկ, որով նախատեսվում է համայնքի փողոցներից մեկն անվանել Ստամբուլում գործող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի անունով, գրում է Ermenihaber.am-ը:
Համայնքային խորհրդի կողմից ընդունվելուց հետո առաջարկն ուղարկվել է ճարտարապետական և քարտեզագրական խորհուրդներին: Խորհուրները պետք է որոշեն, թե որ փողոցն է նախատեսվում անվանակոչել, այնուհետև առաջարկը հաստատման համար կուղարկվի Ստամբուլի քաղաքային խորհուրդ:
«Ակօս» թերթի հաղորդմամբ՝ առաջարկը կքննարկվի նաև Դինքի ընտանիքի հետ:
Թերթը հիշեցրել է նաև, որ ավելի վաղ նման առաջարկ էր ներկայացվել Շիշլիի թաղապետարանի կողմից, ինչը, սակայն, մերժվել էր Ստամբուլի քաղաքային խորհրդի կողմից: Բաքըրքյոյի քաղաքապետարանը հայտարարել է, որ նմանատիպ արգելքի հանդիպելու դեպքում Դինքի անունով կկոչի իր ենթակայության տակ գտնվող մշակութային կենտրոնը:
Ermenihaber.am