ԼՂ հարցի, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ ՌԴ նախագահի հետ վերջնական համաձայնության ենք եկել. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցի շրջանակում այցելել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումա, հանդիպում ունեցել Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
Վերջինս ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը ՌԴ և ընդգծել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացման փաստը:
«Գիտեմ, որ արդյունավետ բանակցություններ եք ունեցել ՌԴ նախագահի հետ, որի արդյունքներով ընդունվել է համատեղ կարևոր հայտարարություն», – նշել է Վյաչեսլավ Վոլոդինը` ընդգծելով, որ ՀՀ վարչապետի պաշտոնական այցը երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնման գործում առանձնահատուկ իրադարձություն է: Պետդումայի նախագահը կարևորել է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը` հավելելով, որ այս ուղղությամբ ևս առկա է սերտ երկխոսություն: Պարոն Վոլոդինի խոսքով` երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխվստահությունը կապերն էլ ավելի զարգացնելու լավ հնարավորություն է տալիս:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ նման շփումները նոր ազդակ են հաղորդում միջպետական հարաբերություններին ու համագործակցությանը: ՀՀ կառավարության ղեկավարը նույնպես կարևորել է միջխորհրդարանական փոխգործակցության ամրապնդումն ու ակտիվ երկխոսությունը:
«Նախագահ Պուտինի հետ արդյունավետ քննարկում ունեցանք, ընդունեցինք համատեղ կարևոր հայտարարություն», – ասել է Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ վերջնական համաձայնության են եկել մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում` կապված անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հարցի, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացների շուրջ:
Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեության, Երևանում ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի նիստի անցկացման, Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության և այլ հարցերի շուրջ: