23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վիգեն Խաչատրյանն ԱԺ-ում բարբաջանքներ է հնչեցրել». Տեր-Պետրոսյանի գրասենյակ

ՀՀ առաջին նախագահի գրասենյակի ղեկավար Ավետիս Ավագյանը պատասխանել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթին, որը հրապարակել է iLur-ը:

«Վիգեն Խաչատրյանն Ազգային ժողովում բարբաջանքներ է հնչեցրել` իր անհամաձայնությունը հայտնելով Լևոն Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։ Այդ առիթով ուզում ենք հիշեցնել հետևյալ փաստերը.

1. Ազգային Ժողովի 1995 թվականի ընտրություններում Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցությունը՝ Վիգեն Խաչատրյանի գլխավորությամբ, մաս է կազմել Լ. Տեր-Պետրոսյանին սատարող «Հանրապետություն» դաշինքին։ Ո՛չ այդ ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նա որևէ առարկություն չի արտահայտել Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության նկատմամբ։

 

2. Ընտրություններից հետո «Հանրապետություն» խմբակցության առաջադրմամբ նա զբաղեցրել է, նախ՝ ԱԺ պետական-իրավական հանձնաժողովի փոխնախագահի, ապա` նախագահի պաշտոնը, և այդ ընթացքում եւս չի փոխել իր վերաբերմունքը Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան քաղաքականության առնչությամբ։

3. 1996 թվականի նախագահական ընտրություններում նրա ղեկավարած կուսակցության համագումարը ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրել Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչը նշանակում է, որ այդ ժամանակ նույնպես անհամաձայնություն չի ունեցել վերջինիս ղարաբաղյան քաղաքականության հետ։

4. 1997 թվականին Վիգեն Խաչատրյանը բացարձակապես չի արձագանքել Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերազմ թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» ծրագրային հոդվածին, ինչը եւս, համաձայնությունից բացի, այլ բան չի կարող նշանակել։

5. 1998թ. փետրվարին` Առաջին նախագահի հրաժարականից հետո, ի նշան Տեր-Պետրոսյանի նկատմամբ համերաշխության` հրաժարվել է ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից։

Այս ամենը ցույց է տալիս, որ Վիգեն Խաչատրյանի այսօրվա հայտարարությունները ոչ մի կապ չունեն սկզբունքների ու անցյալի իր համոզումների հետ և բացատրվում են զուտ այս պահի կոնյունկտուրային նկատառումներով։

Վերջում ավելորդ չենք համարում վերահրատարակել Վիգեն Խաչատրյանի հոդվածը՝ Հայաստանի Ռամկավար-ազատական (լիբերալ-դեմոկրատական) կուսակցության կողմից Լևոն Տեր-Պետրոսյանին ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու վերաբերյալ։

* * *

Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն իր համագումարում թեկ­նածու առաջադրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, ելնելով մի քանի կարեւոր հանգամանքներից։ Նախ ամենակարեւորը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ­պես պետության ղեկավար, իր անմիջական գործունեությամբ իրակա­նացնում է մեր կուսակցության դավանանքին հարազատ սկզբունքներ. այն է՝ ազատականություն և ժողովրդավարություն։ Այդ սկզբունքները տարածվում են և տնտեսության զարգացման, և պետական համա­կարգի ձեւավորման, և ժողովրդավարական համակարգի արմատա­վոր­ման վրա։ Այսինքն՝ գաղափարապես նա մեզ հարազատ քաղաքա­կան գործիչ է։ Երկրորդը. որը նույնքան կարեւոր է՝ անցումային եւ բարեփո­խումների այս շրջանում, հատկապես երբ վերջինս ավարտված չէ, ցան­կալի չէ պետության ղեկավարի փոփոխությունը։ Դեռեւս շատ խնդիր­ներ կան, եւ կարելի է ասել, որ կես ճանապարհին ենք։ Ժամանակ է պետք դրանք վերջնականորեն լուծելու համար։ Այստեղ ինքնանպատակ չէ՝ տեսնել նույն մարդուն պետության ղեկին։ Բայց եթե նախորդ շրջա­նում նա իրեն լավագույն ձեւով է դրսեւորել, ապա բնական է, որ փո­փոխությունն անցանկալի է։ Մենք գտնում ենք, որ որպես պետության ղե­կավար, Լեւոն Տեր-Պետրոսյանն իրեն հիմնականում արդարացրեց։ Նրա ղեկավարությամբ Հայաստանը որոշակի ճանաչում ստացավ։ Իրականաց­վեց շատ հավասարակշռված արտաքին քաղաքականություն։ Ճիշտ է, հան­րապետության ներքին կյանքում կան բազմաթիվ թերություններ, տնտե­սական ցածր մակարդակ, ժողովրդի շրջանում դժգոհություններ կենսա­մակարդակից, բայց մենք տեսանք, որ այս հարցերում եւս պետության ղեկավարը դրսեւորեց խոհեմություն, թույլ չտվեց ցնցումներ։ Շատ կա­րեւոր հանգամանք եմ համարում նաեւ այն, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ունի առավել մեծ թե՛ քաղաքական, եւ թե՛ սոցիալական հենարան, հա­մեմատած մյուս թեկնածուների հետ եւ բոլորի շահերից բխող փոխզի­ջումային քաղաքականություն վարելով հանդերձ նա նաեւ ինքնուրույն գործիչ է, ինչը առավելապես դրսեւորվում է վճռական պահերին։ Ընդ­հանրացնեմ՝ որքան շատ են հաջողությունները, գրեթե նույնքան են նաեւ չլուծված խնդիրները, թերությունները, անելիքները։ Այդ առումով մենք կարծում ենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ամենահարմար թեկնածուն է, որովհետեւ մենք նրան ավելի շատ նախընտրում ենք ոչ թե կատարած աշխատանքի համար, այլ այն անելիքների համար, որոնք ակնկալվում են նրանից («Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, 06.09.1996թ., վերահրատարակված «Գիտնականը և Նախագահը. Լեւոն Տեր-Պետրոսյանի 75-ամյակի առթիվ» գրքում, Անտարես-Երեւան, 2019, էջ 331-332)»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ