Մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ եթե Ղարաբաղն ուզեին հանձնեին, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեին, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեին:
Նա ասաց, թե 44-օրյա պատերազմը Շուշիի համար է եղել:
«Ասում էն՝ կանգնեցնեիք պատերազմը, ինչի մենք չե՞նք մտածել կանգնեցնելու մասին, մենք չէի՞նք մտածում կանխելու մասին։ Առանց Շուշիի հնարավոր չէ պատերազմ կանգնեցնել կամ կանխել: Մեր տղաները, ովքեր ընկել են, կանգնել են այս իրավուքնի համար, կանգնել են Ղարաբաղը չհանձնելու հնարավորության համար ու այն, ինչ ես խոսում եմ, Ղարաբաղը չհանձնելու մասին է, որովհետև եթե մենք այլ ճանապարհով գնանք, Ղարաբաղը հանձնելու ենք, Փառուխը օրինակ, կտոր-կտոր», – ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը ասաց, թե մտածել է երեկվա իր ելույթի մասին ու գնահատելու է իր ելույթը:
«Այդ ելույթով մենք տարածություն բացեցինք Հայաստանի ու Արցախի համար, որովհետև նախորդ շրջանի բանակցային ողջ գործընթացով Հայաստանն ու Արցախը զրկվել էին քաղաքական, դիվանագիտական տարածությունից, մենք Հայատսանի ու Արցախի համար ճանապարհ ենք բացում պետականությունը պահպանելու: Էկզոտիկ մտքեր են հնչում՝ ասում են՝ «այ, եթե ըտենց չլինի, ընենց լինի, Ղարաբաղի ժողովրդին կհանենք Ղարաբաղից», այնպիսի տպավորություն է, որ մարդիկ կան՝ երազում են Ղարաբաղից ժողովուդրն օր առաջ դուրս գա։ Ոչ. մենք ասում ենք, որ Ղարաբաղի ժողովուրդը չպետք է դուրս գա, պիտի ապրի Ղարաբաղում ու ունենա իրավունք, ազատություն, կարգավիճակ, սրա մասին է խոսքը ու մենք, այո, այդ տարածությունը բացել ենք ու մեր նահատակները դրա համար են ընկել, որ հեռանկար բացվի Ղարաբաղի ու Հայաստանի համար», – ասաց ՀՀ վարչապետը:
Նա նշեց, թե ճանապարհ են բացել, որ հայ ժողովրդին «մատաղացու գառան կարգավիճակից» դուրս բերեն:
«Ես այսօր ասում եմ՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է, մենք պետք է բան որոշելու իրավունքը վերադարձնենք մեզ, որովհետև մենք երկիր ենք, մենք ախոռ չենք, մենք քաղաքացի ենք, մենք մատաղացու գառ չենք, որ տարբեր տեղերում որոշեն, թե ոնց ու ինչքան մեզ մորթեն ու ինչքան մեզ ներեն: Մենք պետություն ենք, մենք ազգ ենք, մենք ինքնիշխան ենք, այո, մենք հպարտ ենք, մենք արնածոր ենք, բայց մենք ունենք ինքնասիրություն ու թույլ չենք տա մեր իրավունքը խլել մեզնից», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: