«Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, գտեք ձեզ». Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հարց հղեց ԱԺ նիստերը բոյկոտող ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք այսօր լքել են ԱԺ նիստերի դահլիճն ու մեկնել Արցախ:
«Ուզում եմ մի հարց հղել ընդդիմության ներկայացուցիչներին, այն մարդկանց, ովքեր ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և գործուղել ընդդիմությանը այստեղ։ Ուզում եմ հասկանալ, լավ, այս մարդիկ ե՞րբ են աշխատելու, ե՞րբ են իրենց ստացած աշխատավարձը արդարացնելու, ե՞րբ են այս մարդիկ իրենց վրա ծախսված գումարները պետության կողմից արդարացնելու։ Այսինքն՝ մատերի վրա հաշված օրենսդրական նախաձեռնություններ, որոնք միտված են Ռոբերտ Քոչարյանի դատավարության վրա ազդեցություն ունենալ։ Այցեր, ընդհանրապես, որևէ մասնակցություն չկա, ոչ թե նրա համար, որ իրենք ձևակերպում են որպես քաղաքական տուրիզմ, այլ նրա համար, որ մեկը մյուսի նկատմամբ նախանձախնդրություն չառաջանա։ Հանդիպումներ միջազգային գործընկերների հետ, ամենահայտնի «հանդիպումը» Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի ժողովրդավարության վերաբերյալ զեկույցին դեմ քվեարկելն էր, դրանից հետո որևիցե էական, լուրջ, նշանակալի հանդիպման մասնակցություն չի եղել», – հայտարարեց Սիմոնյանը:
Սիմոնյանն ասաց, թե ընդդիմությունը կարող էր հայտարարություն տարածել և ընդհանրապես չգալ այս դահլիճ:
«Բայց չէ, պետք էր գալ, գրանցվել, հետո դիմել ԱԺ աշխատակազմին՝ ասելով, որ սա քաղաքական ակցիա է, խնդրում եմ՝ մեր բացակաները համարել հարգելի և աշխատավարձից չպահել։ Սա է մեր այսօրվա ընդդիմությունը։ Ինչո՞ւ մանդատերը վայր չեք դնում, կարո՞ղ եք դնել, վստահ եմ, որ չեք կարող դնել։ Դրեք մանդատները, եթե այստեղ գործունեություն չեք ծավալում, ապա ի՞նչ եք անում դուք այստեղ, ինչի՞ եք գալիս այստեղ, ինչի եք աշխատավարձ ստանում, ինչի՞ ենք այդ գումարները ձեր սպասարկման համար դուրս գրում, որ ձեր կայքերի համար նյութե՞ր ապահովեք, մեկ է՝ այդ կայքերը ոչ մեկ չի կարդում, հեռուստաալիքներն էլ, բացի ձեր ընտրողների մի փոքր զանգվածից, մարդ չի նայում։ Գտեք ձեզ», – հավելեց Ալեն Սիմոնյանը: