Ալեն Սիմոնյանը չասաց՝ Արցախն Ադրբեջանի մաս համարու՞մ է
Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատասխանել հարցին՝ Արցախն Ադրբեջանի մաս համարո՞ւմ է, թե՞ ոչ։
«Ես հիմա իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանելու, որովհետև մենք հիմա մտնում ենք բանակցությունների մեջ»,- «Ազատություն» ՌԿ-ի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահը՝ չպատասխանելով օգտատերերից մեկի համապատասխան հարցին։
Նա նաև պնդեց՝ ոչ մի իշխանություն Արցախի համար այնքան ներդրում չի արել, որքան «Քաղաքացիական պայմանագիրը»։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարություն տարածեց, ըստ որի Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում քննարկել է սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի ձևավորման, խաղաղ բանակցությունների նախապատրաստման հարցերը։
Արցախի շուրջ գործընթացների վերաբերյալ գրառմամբ հանդես եկավ նաև ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, թե ինչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն գործողի։
Շարմազանովի թվարկած կետերից են՝ ՀՀ որևէ նախկին իշխանություն կապիտուլյացիա չի ստորագրել, որևէ նախկին իշխանություն չի արժանացել թշնամի երկրի ղեկավարության ծաղրանքին, որևէ նախկին իշխանություն չի ասել՝ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց հետո հայտարարել ադրբեջանցիների 5 կետ-պահանջների հետ համամիտ լինելու մասին։