Ծանր վիճակում է հայրենիքը. այս իրավիճակում ու այս պայմաններում խաղաղության պայմանագիր նշանակում է Արցախ Ադրբեջանի կազմում. արցախցի պատգամավոր
Արցախում իրավիճակը գնալով բարդանում է, արցախցիների մոտ աճում է հուսահատությունն ու անկումային տրամադրությունները, Արցախի ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։
«Հուսով եմ, որ մենք հասկանում ենք, գիտակցում ենք, որ կանգնած ենք դժվարին մարտահրավերների առջև ինչպես արտաքին, այնպես էլ ներքին ճակատում։ Այո, ծանր վիճակում է հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս, հուսով եմ՝ գիտակցում ենք, որ Արցախի փրկության ու պետություն ունենալու համար անհրաժեշտ է կոնսոլիդացիա, հայ մնալու, ոչ թե գաղթական դառնալու կոնսոլիդացիա», – ընդգծել է արցախցի պատգամավորը։
Գալստյանի խոսքով՝ որպեսզի Արցախը վերջնականպես չհայաթափվի ու մնա հայկական, պարտավոր են փոխել պետական կառավարման առաջնահերթությունները։
«Արդարություն» խմբակցության ղեկավարը նշել է, թե այն խնդիրները, որոնց հիմա առնչվում են, կարող էին չլինել, եթե ժամանակին և Արցախում, և Հայաստանում ձևավորվեր նոր որակի իշխանություն։
«Վաղուց ժամանակն է ներգրավվելու պայքարի մեջ՝ փրկելու մեր հայկական Արցախի ապագան։ Ցավոք, այսօր օրուգիշեր շրջանառվում է խաղաղության դարաշրջան բացելու կեղծ օրակարգ, այս իրավիճակում ու այս պայմաններում խաղաղության պայմանագիր նշանակում է Արցախ Ադրբեջանի կազմում, ինչը նշանակում է դառնալ Նախիջևան», – հայտարարել է պատգամավորը։
Նա նշել է, թե աշխարհը պետք է տեսնի ու զգա, որ արցախցին չի պատրաստվում մարել ու պատրաստ է պայքարել՝ հանուն Արցախի հայկական ապագայի։