Հայաստանը՝ 2014-ին
2014 թվականը Հայաստանի Հանրապետության համար տնտեսական նկատելի բարեփոխումների տարի է: Միջազգային հարաբերությունների մասով Հայաստանի համար շատ կարևոր էր 2014թ.հոկտեմբերի 10-ին Մինսկում Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի մասնակից երկրների կողմից Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի ստորագրումը:
Մյուս կողմից, Հայաստանի տնտեսության, և Ռուսաստանի Դաշնությունից ստացվող տրանսֆերտների ծավալի վրա բացասական ազդեցություն ունեցավ արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումը, որի անմիջական հետևանքն էլ հանդիսացավ Ռուսաստանի տնտեսության և ռուբլու զգալի անկումը:
Ռուբլու անկումը որոշակի չափով պայմանավորեց նաև հայկական դրամի արժեզրկման գործընթացը, սակայն դա երկար չտևեց, և Հայաստանի տնտեսության ու ֆինանսական համակարգի վրա բացասական ազդեցություն չունեցավ:
ՀՀ դրամի արժևորումը իրականացվեց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի ձեռնարկած դրամավարկային ու արտարժութային համապատասխան միջոցառումների, մասնավորապես, Կենտրոնական բանկի` 2014թ. դեկտեմբերի 17–ին առևտրային բանկերի արտարժույթով պարտադիր պահուստավորման նորմատիվը 12 տոկոսից մինչև 24 տոկոս բարձրացնելու մասին ընդունած որոշման արդյունքում:
Իրանի հետ ստորագրվեց բազմամիլիոնանոց էներգետիկ ծրագիր, որն իրենից ներկայացնում է երկու հիդրոէլեկտրակայանների կառուցում Հայաստան-Իրան սահմանագիծ հանդիսացող Արաքս գետի վրա։ Վրաստանի հետ իրականացվեցին մի շարք ծրագրեր՝ տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, հումանիտար և մշակութային ոլորտներում, մասնավորապես, Հայաստան-Վրաստան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման գծի, և Դեբեդ գետի վրա Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում նոր` «Բարեկամության» կամուրջի կառուցումը:
Այս տարի տնտեսության կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներում իրականացվեցին որակական մեծ փոփոխություններ, մասնավորապես՝ հարկային համակարգի արդիականացումը և համապատասխանեցումը միջազգային չափանիշներին, էլեկտրոնային համակարգի ներդրումը քաղաքացիների սպասարկման պետական բորոր ոլորտներում, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման բացումը:
Առանձնակի կարելի է նշել գործարար միջավայրի խորը և համապարփակ բարեփոխումները` բիզնեսի համար նպաստավոր միջավայր առաջարկելով հայկական և օտարերկրյա ներդրողներին ու գործարարներին, ինչպես նաև յուրաքանչյուր օրացուցային տարում ՀՀ հարկային մարմինների կողմից տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվող օպերատիվ հետախուզական միջոցառումների սահմանափակումը մեկ անգամով:
Այժմ Հայաստանում գործում են հարկային տարբեր տիպի արտոնություններ, մասնավորապես, ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարումը հետաձգվում է 1-ից 3 տարի ժամկետով սարքավորումների ներմուծման դեպքում: Նշենք նաև, որ ԱԱՀ վճարումը հետաձգվում է 3 տարի ժամկետով՝ ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծված ապրանքների մաքսային արժեքը 200 մլն. դրամը գերազանցելու դեպքում:
2014թ. հոկտեմբերին բացվեց Դիլիջանի միջազգային դպրոցը, որը նորովի է ներկայացնում Հայաստանի կրթական համակարգը աշխարհում՝ ապահովելով ավելի քան 60 երկրներից տարբեր ազգությունների աշակերտների ներհոսք Հայաստան: Մեր երկրում ձևավորված այս կառույցը խթանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան կրթական համակարգի ստեղծումը Հայաստանում, ինչպես նաև մեծ հնարավորություններ է ապահովում Տավուշի տարածաշրշանում դպրոցին սպասարկող ենթակառուցվածքների և տուրիզմի զարգացման համար:
Տիգրան Խաչատրյան