Դինքի սպանության գործով կասկածյալ է դիտվում նախկին ոստիկանապետը
Պոլսահայ ականավոր գործիչ, “Ակոս” թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով, գրում է Ermenihaber.am-ը:
Այս մասին հայտնող թուրքական “Քամութուրք” լրատվակայքը տեղեկացնում է, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն ավելի քան 3 ժամ հարցաքննության է ենթարկվել և ցուցմունք տվել:
Թուրքիայի արդարադատության նախարարությունը որոշում է ընդունել հարցաքննել պետական մի շարք պաշտոնյաների, ովքեր պաշտոնավարելիս են եղել Դինքի սպանության ժամանակ: Նրանց թվում է Ստամբուլի ոստիկանության նախկին պետ Ջելալեթին Ջերահը, հետախուզության վարչության նախկին պետ Ահմեդ Իլհան Գյուլերը, Ստամբուլի նահանգապետի նախկին տեղակալ Էրգյուն Գյունթերն ու այլք:
Հիշեցնենք, որ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում` «Ակոս» թերթի խմբագրության շենքի առջև: 2012թ. հունվարի 17-ին դատարանի որոշմամբ՝ Դինքի սպանության կազմակերպիչ համարվող Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման:
Ermenihaber.am