Կայացավ պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շահառուների վիճակահանությունը
Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարությունում կայացավ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի թիվ 1115-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների վիճակահանությունը: Վիճակահանությանը մասնակցում էին նշված բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ պետական ծառայողները:
Հիշեցնենք, որ կառավարության որոշման համաձայն` վերը հիշատակված ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության նախարարությունը՝ ՀՀ ՔՆ Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի միջոցով:
Ծրագիրը միտված է լուծելու բնակարանի կարիք ունեցող պետական կամ հանրային ծառայության ոլորտի աշխատակիցների բնակարանային ապահովվածության հարցը:
Բազմաբնակարան շենքում նախատեսվված բնակարանների ընդհանուր թիվը 266-ն է, իսկ արդեն իսկ կայացած վիճակահանությանը մասնակցելու իրավունք էր ստացել ավելի քան 111 շահառու:
Վիճակահանության ընթացքում որևէ բնակարան ազատ չի մնացել, ինչպես նաև չի եղել հավակնորդ շահառու որը չընտրվեր որևէ բնակարանում:
Վիճակահանությունը իրականացվել է հետևյալ մեխանիզմով`
այն բնակարանում, որում որպես շահառու եղել է միայն մեկ անձ, ապա նա մեխանիկորեն համարվել է ընտրված, իսկ եթե եղել են երկու և ավելի շահառուներ, ապա` շահառուի ընտրությունը կատարվել է վիճակահանության միջոցով:
Հիշեցնենք, որ բնակարանները կառուցվում են Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6/1 հասցեում, որի մեկ քառակուսի մետրի արժեքը կախված բնակարանի գործակից տատանվել է 230-290.000 հազար դրամի սահմաններում: Բնակարանների արժեքը սահմանելու համար հիմք է հանդիսացել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված վիճակագրական տվյալները` ըստ որի Արաբկիր թաղամասում բնակարանների 1 քմ-ի շուկայական արժեքը կազմում է մոտ 350.000 դրամ, որը ձևավորվել է ոչ նորակառույց շենքերից: Համեմատելով նշված տվյալները պարզ է դառնում, որ նորակառուց շենքերում մոտ 30 %-ով մատչելի են շուկայական գնից:
Պետական ծառայողների համար նախատեսված բազմաբնակարան շենքերի կառուցումը արդեն իսկ սկսվել է, որի ավարտը նախատեսվում է 2017 թվականի մարտին:
2017 թվականին նախատեսվում է, շահառուների բնակարանների հանձնումը, ընդ որում` վերանորոգված: