Ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով, վախերով ապրե՞նք. Բադասյանը՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին

Երբ բանակցությունները կլինեն այն փուլում, որ կխոսվի սահմանների բացման մասին, անպայման այդ վերլուծությունները կկտարվեն, համապատասխան մարմինները գուցե ունենան այդ վերլուծությունները, թե ինչ է տալու սահմանի բացումը: Այս մասին, յսօր՝ հունվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
«Կարող ենք աքսիոմատիկ ճշմարտություններով խոսել. Բնականաբար սահմանի բաց լինելն ավելի լավ է, քան փակ լինելը: Դա անվիճելի է: Այն տնտեսական ակտիվությունը, այն ապրանքների շրջանառությունը, որը լինում է բաց սահմանների պարագայում, երբեք չի կարելի ակնկալել փակ սահմանի պարագայում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ թուրքական ապրանքները կխշռեն հայկական շուկան, հատկապես գյուղատնտեսությունը կտուժի, Բադասյանն ասաց. «Եթե դա դիտում ենք որպես ռիսկ, ի՞նչ ենք առաջարկում, փակված մնա՞նք, փակ սահմաններով ապրե՞նք: Երբեք չփորձենք սահմանների բացման մասին խոսե՞նք: Բնականաբար, խոշոր տնտեսություն ունեցող երկրների ներկայացվածությունը ավելի փոքր տնտեսություն ունեցող երկրներում նկատելի է լինում, ի՞նչ է, վախերո՞վ ապրենք»: