ԱՄՆ դեսպանը հիացած է հայ ժողովրդի տաղանդով
Այսօր, դիվանագիտական առաքելության ավարտին ամփոփիչ ասուլիս և լրագրողների հրաժեշտի հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը: Մինչ ասուլիսը դեսպանը լրագրողներին հրավիրեց սուրճի և մտերմիկ զրույցի: Նա սիրով պատասխանեց հարցերին, իսկ ավելի ուշ ամփոփեց իր երեք ամյա գործնեության արդյունքները:
՛՛Վաշինգտոնը ցանկանում է տեսնել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ և անվտանգ Հայաստան՛՛,- հայտարարեց ԱՄՆ դեսպանը: ՀՀ-ում ԱՄՆ հաջորդ դեսպանը կլինի Ռիկ Միլզը, ում թեկնածությունը հաստատվեց այս շաբաթվա ընթացքում: Հեֆերնի փոխանցմամբ` Միլզը հավանաբար Հայաստանում կլինի տոներից հետո:
՛՛Դեսպանի պարտականությունները ժամանակավորապես կկատարի փոխդեսպան Բրայսը, դեսպանատան պաշտոնյաների թիմը մնում է, և աշխատանքները բնականոն կշարունակվեն: Ռիկն իր կնոջ հետ է գալու:
՛՛Թվիթերում՛՛ասել եմ ու կասեմ, որ սա իմ լավագույն գործերից մեկն է եղել ամբողջ աշխարհում՛՛,- ասաց դեսպանը՝ նկատելով , որ ինքն ու իր կինը՝ Լիբին, շատ մեծ տպավորություններով են հեռանալու, թեև կինն ստիպված էր ավելի վաղ մեկնել Հայաստանից՝ թոռնիկի հիվանդության պատճառով:
Հեֆերնը կրկնեց` ինքն էլ, կինն էլ հիացած են հայ ժողովրդի տաղանդով: Հայաստանի քարտեզը ցույց տվեց, ասաց` ամեն տեղ եղել է: ՛՛Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեր ժողովրդին հյուրասիրության և հյուրընկալության համար, որ ցուցաբերվեց մեր հանդեպ՛՛:
Ջոն Հեֆերնի խոսքով` դեսպանատան աշխատանքի նպատակը հստակ է՝ ցանկանում են տեսել ժողովրդավար, բարեկեցիկ, խաղաղ և անվտանգ Հայաստան, իսկ դրան հասնելու համար ցանկանում են Հայաստանին օգնել՝ ինչով կարող են: