Կան նաեւ թաքնված գնաճի դեպքեր
Այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ է արձանագրվել է 1,3 տոկոս գնաճ: Վիճակագրական տվյալներն այսօր “Հենարան” մամուլի ակումբում ներկայացրեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Մսամթերքը թանկացել է 0.1 տոկոսով, ձկնամթերքը` 0.4 տոկոսով, հացը` 0.5 տոկոսով:
“Մեծ գնաճ է արձանագրվել կանաչ լոբի, կանաչ պղպեղ, վարունգ, պնդուկ ապրանքատեսակներում, որոնք մեկ ամսում թանկացել են 2.4 տոկոսով”,-ասաց նա:
Խոսելով ամենօրյա օգտագործման ապրանքներից եւ մասնավորապես կարտոֆիլից` բանախոսը նշեց, որ դրա ամենաբարձր գնաճը տեղի է ունեցել 2014 թվականին։
“Նոյեմբերին շուրջ 13 տոկոս գնաճ է նկատվել, կարտոֆիլը վաճառվում էր 265 դրամով, բայց դեկտեմբերի 10-ի դրությամբ կարտոֆիլի գինը նվազել է, դառնալով՝ 230 դրամ”,-ասաց Մարտիրոսյանը։
Բանախոսը նշեց, որ գրանցվել են նաև թաքնված գնաճի դեպքեր։ “Վերջին տասնօրյակի ընթացքում կաթնամթերքի երեք տեսակներում՝ թթվասեր, մածուն, կաթնաշոռ էականորեն նկատելի էր ոչ թե գնի փոփոխություն, այլ քաշի։ Հացաբուլկեղենում ևս այդպիսի բան նկատեցինք, և հաճախակի հացը կշռում ենք, որպեսզի պարզենք թերքաշ հաց կա թե ոչ”:
Անդրադառնալով դրամ-դոլար տատանումներին` Գուրգեն Մարտիրոսյանը նկատեց, որ ազդեցությունը կերեւա դեկտեմբեր ամսին: Նա ասաց, որ նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ գնաճը կշարունակվի մինչև հունվար:
“Տարվա բոլոր ամսիների համեմատ դեկտեմբերին միշտ էլ գնաճ ենք ունեցել: Այս տարվա դեկտեմբերի առաջին երկու տասնօրյակում զգալի գնաճ կա բոլոր ապրանքների մեջ”,- ասաց նա:
Նկատվող գնաճը վիճակագիրը կապում է սեզոնային ապրանքներում առկա գնաճով։ “11 ամսվա կտրվածքով ամենաբարձր գնաճը արձանագրվել է Ուկրանիայում 21.1 տոկոսով, Բելառուսում 15,5 տոկոսով, այուհետև բարձր գնաճ է եղել նաև Ղրղզստանում՝ 8.7 ն տոկոս և Ռուսաստանում 8,5 տոկոս։ Եվրամիության 27 երկրներում ըստ, հոկտեմբերի ցուցանիշների, 5 երկրներում արձանագրվել է գնանկում, մյուս 22 երկրներում գնաճ է արձանագրվել”,- ասաց Գ. Մարտիրոսյանը։