Համատարած գործադուլ /ֆոտո/
Վաղ առավոտից կաթվածահար իրավիճակ է մայրաքաղաքի երթուղային գծերում։
Մի շարք երթուղիներ սպասարկող ավտոբուսների ու միկրոավտոբուսների վարորդներ հրաժարվում են գիծ դուրս գալ ու սպասարկել ժողովրդին։ Որոշները նույնիսկ մեքենաներով փակել են ճանապարհները։ Առաջարկ կա փակել նաև գազալցակայանների մուտքերը։ Մենք տեղեկացանք, որ ՀԱԹ-ից կենտրոն ու տարբեր թաղամասեր մեկնող երթուղային գծերից մի քանիսը՝ 70, 75, 77 և այլն, չեն աշխատում, ու ժողովուրդը ստիպված է ՛՛գլխի ճարը տեսնել»՛՛տաքսիների միջոցով։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն տաքսու վարորդներն էլ մեխանիկորեն բարձրացրել են սպասարկման նվազագույն արժեքը հասցնելով մինչև՝ 1 000 դրամի:
Նմանատիպ իրավիճակ է նաև Նոր Նորքի զանգվածներից դուրս եկող երթուղիներում։ Համար 40, 58, 73 երթուղիները սպասարկող միկրոավտոբուսների ու ավտոբուսների տասնյակ վարորդները այս պահին մեքենաները կանգնեցրել են Մյասնիկյան պողոտայի երկայնքով՝ Գազանանոցին հարակից տարածքում, ու չեն սպասարկում երթուղին։
Մենք տեղեկացանք նաև, որ 58 համարի երթուղային տաքսիների մի քանի վարորդներ էլ մեքենաներով փակել են Նոր Նորքի վարչական շրջանի 8, 9-րդ զանգվածներ տանող մայրուղիներից մեկը ներքին մայրուղիներից մեկը:
Գործադուլ են հայտարարել նաև մայրաքաղաքի այլ վարչական շրջանների երթուղիները սպասարկող վարորդները։ Պատճառը գազալցակայաններում գազի ապօրինի թանկացումն է ։
Հիշեցնենք, ”Արմենիա Գազպրոմից” տեղեկացրել են, որ գազալցակայաններում գազի թանկացումն իրենց հետ կապ չունի, քանի որ գնային վերանայում չի եղել: